«Եթե անգամ ինչ-որ զինվորներ առանց կրակոցի գերի են հանձնվել, դա խոսում է անտերության մատնված բանակի մասին». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, ներքաղաքական կյանքը հատկապես վերջին երկու օրերին շատ լարված է։ Եթե գնահատելու լինեք՝ ինչպե՞ս կբնորոշեք կատարվողը։

– Ներքաղաքական իրավիճակը շատ վաղուց է լարված, այն սկսվել է 44-օրյա պատերազմի ավարտից հետո ու շարունակվում է մինչ օրս, պարզապես ինչ-որ իրադարձությունների հետ կապված՝ քարոզչական դաշտում այդ լարվածությունը ուժեղանում կամ թուլանում է։

Իրականում այդ ներքին լարվածությունը միշտ կա, ու Հայաստանում միշտ էլ ներքաղաքական լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է, այս առումով ոչինչ չի փոխվել: Ընդհանուր տպավորությունս այնպիսին է, որ իշխանությունները տարբեր գործողություններով, հայտարարություններով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել շատ ավելի կարևոր արտաքին քաղաքական մարտահրավերներից։

Համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութից հետո բազմաթիվ հասարակական գործիչներ ասացին, որ Ալեն Սիմոնյանը պետք է պաշտոնանկ արվի ու նաև զրկվի պատգամավորական մանդատից, ու այդ գործընթացը պետք է սկսի հենց իշխող քաղաքական ուժը։ Դուք և՞ս այդ կարծիքին եք։

– Այս ամենում գլխավոր խնդիրն այն է, որ իշխանության բարձրագույն ներկայացուցիչը այդպիսի բան է հայտարարում, իսկ այդ պաշտոնյան պետք է հասկանար, որ իր այդ հայտարարությունը կարող է ցանկացած ուժի կողմից օգտագործվել։

Նա պետք է իրեն թույլ չտար նման հայտարարություն անել, էլ չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին։ Իսկ եթե այդ հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական ներկայացներ, ապա առաջին հերթին պետք է հրաժարական տար վարչապետը, որովհետև Ալեն Սիմոնյանը, մեծ հաշվով, կրկնել է այն, ինչ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այսինքն՝ եթե այդ արտահայտությունը հրաժարականի լեգիտիմ պատճառ է, իսկ իմ համոզմամբ՝ այդպիսին է, ուրեմն առաջին հրաժարական տվողը պետք է լինի վարչապետը և ոչ թե քավության նոխազ փնտրի ու փորձի ներքաղաքական լարվածությունը թուլացնել այս քայլերով։

Պարո՛ն Բաղդասարյան, նաև հրապարակվեցին գերությունից վերադարձածների ցուցմունքներ, ըստ որոնց՝ Շիրակի մարզի 62 զինվոր՝ ամբողջությամբ սպառազինված, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովի գերի են հանձնվել 4-7 ադրբեջանցի զինվորականի։ Պատահականությո՞ւն էր նման հրապարակում անելը, թե՞ նպատակն էր, ըստ էության, ցույց տալ, որ ԱԺ նախագահի հայտարարությունը իրականությանը համապատասխանում է։

– Խնդիրն Ալեն Սիմոնյանը չէ, նորից եմ ասում, որովհետև նա կրկնել է այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասել։ Իսկ այդ ցուցմունքների հրապարակումն ընդհանրապես անբարոյականություն էր, որովհետև չի կարելի նման, ընդ որում՝ ընտրովի, ցուցմունքներ հրապարակել։

Եթե անգամ ինչ-որ զինվորներ առանց կրակոցի գերի են հանձնվել, ապա դա խոսում է անտերության մատնված բանակի մասին, հետևաբար, եթե անգամ դա ճշմարտություն է, դրա հիմնական մեղավորը իշխանությունն է ու բարձրաստիճան սպայական կազմը։

Որպեսզի նման խնդիրները լուծում ստանան, մեծ հաշվով, երկրում պետք է իշխանափոխություն լինի, որովհետև այս իշխանությունը համակարգային ու համաձայնեցված է այս քաղաքականությունը տանում։

Ձեր նշած համակարգային ու համաձայնեցված քաղաքականության վերջնարդյունքը ո՞րն է լինելու, ո՞ւր է տանում իշխանության այդ քաղաքականությունը։

– Իշխանությունը փորձում է հասարակության գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, որ մենք բանակ չունենք, այն շատ թույլ է, մենք տնտեսություն չունենք, մեր ժողովրդի նկարագիրը շատ վատն է, հետևաբար դրսից ինչ զիջումներ պարտադրվեն, պետք է ընդունենք, այսինքն՝ այս քաղաքականության նպատակն այն է, որ մեր հասարակությունը ավելի հեշտորեն կուլ տա իրենց պարտվողական, կապիտուլյանտական գործունեության արդյունքները, որպեսզի հասարակության գիտակցության մեջ արմատավորվի այն միտքը, որ մենք այլ ելք չունենք։

Պարո՛ն Բաղդասարյան, իսկ այս իրավիճակում խորհրդարանական ընդդիմության գործելաոճն ինչպե՞ս եք գնահատում։

– Եթե կարճ ասեմ՝ իրար արժեն։ Այն, ինչ կատարվում է, իրական քաղաքական գործընթացների հետ կապ չունի։ Հասարակությունն իրականում հիասթափված է և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն կոնկրետ քայլ չարեց, այլ նաև կոնկրետ գործունեության ծրագիր չառաջարկեց։

Այս պարագայում ստացվում է, որ ունենք լուրջ ներքաղաքական ճգնաժամ, որովհետև հասարակության բացարձակ մեծամասնությունը չի վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ խորհրդարանական ընդդիմությանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am