«Զանգում էր՝ «ի՞նչ կա, մա՛յր իմ սուրբ ու բարի», շատ եմ կարոտել էդ բառերին, գոնե ձենը լսեմ…»․ մայրն ասում է՝ ամաչում է ինքն իրենից, որ ապրում է

«Ո՞նց կարող ես համակերպվել, երբ 18 տարի դողալով պահել ես, որ հանկարծ մատն անգամ փուշ չմտնի, ո՞նց կարող ես համակերպվել, որ սենց հանգիստ ձեռներիցս բաց թողեցինք։ Սա կյանք չի, սա պարզապես ցավին հավասար քայլել ա»,- հուզմունքով ասում է 41-ամյա Հերմինե Աբելյանը, որը պատերազմում կորցրել է 18-ամյա որդուն՝ Արմանին։

Արման Ղուլյանը 47 օր էր՝ ինչ մեկնել էր Ասկերան՝ ժամկետային զինծառայության, երբ սկսվեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Մայրն ասում է՝ որդին ընտանիքի հետ խոսելիս ոչ մի անգամ չի նշել, որ պատերազմի դաշտում է, ընդհակառակը՝ ծնողներին հանգստացրել է, ասել՝ կռիվը հեռվում է․ «Ասում էր՝ մա՛մ, ես նոր եմ եկել, ինձ ո՞ւր պիտի տանեն, միշտ շատ հանգիստ էր։ 

Նույնիսկ էդ օրերին, որ իմանում էինք՝ Ասկերանում ինչ ա կատարվել, հարցնում էինք՝ շա՞տ եք վախեցել, հո՞ չեք խառնվել, նենց էր իրանից էդ ամեն ինչը հեռացնում՝ էդ ի՞նչ ա եղել, մա՛մ, ե՞րբ ա եղել, քանիսի՞ն ա եղել, քնած ենք եղել, երևի չենք լսել»։

Մոր խոսքով՝ պատերազմի առաջին օրվանից որդուն Ասկերանից տեղափոխել են Աղդամի դիրքեր, հոկտեմբերի 25-ին կամ 26-ին տարել են Սղնախ։ 

Հոկտեմբերի 27-ի երեկոյան մայրը որդու հետ խոսում է վերջին անգամ, հաջորդ օրը տեղի է ունենում ողբերգական դեպքը։ 

Ղուլյանների ընտանիքը շուրջ հինգ ամիս փնտրել է որդուն գերիների մեջ, զոհվածների մեջ։ Չորս անգամ որոնողափրկարարական ջոկատը մտնում է Սղնախ, միայն չորրորդ անգամ հայտնաբերվում են Արմանի զրահաբաճկոնն ու գոտին։ Ընտանիքը կարծում է, որ Արմանը, հավանաբար, գերի է ընկել:

«Բայց ինչքան էլ փորձում էի՝ ոչ մի տեսանյութ չէի կարողանում գտնել, որ համոզվեմ՝ գերի ա»։

Հերմինեն ասում է՝ մարտի 29-ին լուրերից տեղեկանում են, որ Սղնախում նորից պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, և ծնողները գլխի են ընկնում, թե ինչու։

Հերմինեի խոսքով՝ մինչ այդ իրենք էին պարտադրում, որ Սղնախում որոնողական աշխատանքներ կատարվեն։

«Սղնախի կռվից անհայտ էր մնացել մենակ Արմանը, բոլորին մինչև նոյեմբեր 16-17-ը գտել էին, մենք էինք ուղարկում, որ նորից փնտրեն։ 

Մարտի 29-ի առավոտյան ամուսինս ասեց՝ չեմ հասկանում, նորից Սղնախ են մտնում՝ առանց մեզ ասելու, ու երկուսս էլ հասկացանք, որ խի են մտնելու, թե չէ առանց մեզ ասելու չեն մտել, մենք ենք խնդրել, որ էլի մտնեն։ Մտել էին, որ հանեին»,- կսկիծով ասում է որդեկորույս մայրը և նշում, որ իմանում են՝ հակառակորդի հետ բանակցությունների արդյունքում է հնարավոր եղել գտնել որդու մարմինը։

Այդ օրվանից սկսած Հերմինեն ասում է՝ կյանք չունի, չի ապրում, պարզապես գոյատևում է: Էս կյանք չի՝ հուզվում է մայրը:

Արման Ղուլյանը Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճանապարհաշինություն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր, մեկ տարի շուտ էր դպրոց գնացել և դպրոցը շուտ ավարտելու շնորհիվ մեկ տարի սովորել համալսարանում, հետո նոր մեկնել բանակ՝ ծառայության։ 

Հերմինեն ասում է՝ որդու ընկերների հետ զրույցների շնորհիվ շատ Արմաններ է բացահայտել իր համար։ Բոլորը միաբերան ասում են, որ Արմանը իրենց խինդն ու ուրախությունն է եղել, անունն էլ դրել էին բարություն։

Մայրն ասում է՝ Արմանը շատ ուշադիր ու հոգատար էր ոչ միայն ընտանիքի անդամների, այլև ընկերների հանդեպ։

«Իրանք դասարանով մինչև ընդունվելը մաթեմատիկան գրեթե մեծ մասամբ նույն դասախոսի մոտ էին պարապում, Արմանը միշտ ամենաուշն էր տուն գալիս՝ մինչև 11։30-12։00-ը, երբեմն լինում էր՝ շատ էր ուշանում, ասում էր՝ դե, Վարդիկին պիտի տանեի տուն հասցնեի։ 

Հիմա Վարդիկն անընդհատ պատմում ա, որ մինչև ինքը տուն չէր հասնում, դռան ձայնը չէր լսվում, դուրս չէր գալիս բալկոն, Արմանը շենքի մոտից չէր գնում»։

Մայրն ասում է՝ ականջին անընդհատ որդու խոսքերն են, երբ զանգում էր ու ասում․ «ո՞նց ա աշխարհի ամենալավ մաման» կամ «ի՞նչ կա, մայր իմ սուրբ ու բարի»։ Շատ եմ կարոտել էդ բառերին, գոնե չտեսնեմ, մենակ ձենը լսեմ»,- կրկին հուզվում է Հերմինեն։

Մայրն ասում է՝ երազում էր, որ որդին տուն դառնա՝ անգամ վիրավոր։ Մոր սիրտը կանխազգում էր՝ ինչ դժբախտություն է իրենց դուռը թակելու։

«Էնքան էի ուրախանում, որ ծանոթ երեխեքից իմանում էի, վիրավորվել են ու եկել։ Մտքիս մեջ ասում էի՝ Տեր Աստված, երանի իմ Արմանն էլ վիրավորվի, գա, հետո ինձ նախատում էի, ասում՝ բա մայրն իրա տղին տենց բա՞ն կցանկանա, հետո հասկացա՝ ինչի՞ համար եմ էդպես ուզում։ 

Ես բանակ ուղարկելիս արդեն զգում էի, որ իրան կորցնելու եմ: Ամեն առավոտ արթնանում էի, մինչև տնից դուրս գալը լուրերը միացնում ու սպասում, որ պետք ա հաղորդեն՝ պատերազմ ա սկսվել։ Սեպտեմբերի 27-ին կիրակի էր, էդ օրը չմիացրի, հետո իմացա՝ պատերազմը սկսվել ա»…

Մայրն ասում է՝ որդու կորստից հետո ոչ մի սփոփանք չկա իր համար։ Չի կարողանում համակերպվել դառը ցավի հետ։ 

«Եթե ապրում եմ, պատճառը Մարթան ա՝ աղջիկս, բայց հաստատ ուժ չունեմ։ Ես ինքս ինձնից ամաչում եմ, որ ապրում եմ։ Որ ինձ ասում են՝ պիտի ուժ գտնես, պատասխանում եմ՝ ասե՛ք՝ որտեղ ա էդ ուժը, գնամ-վերցնեմ»,- հուզմունքը կոկորդում խեղդելով նշում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am