«Զարմանալի է` այսօրվա երիտասարդ իշխանությունն ամբողջովին ստալինյան պատկերացումներ ունի մարդկանց իրավունքների մասին». Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, գերիների շուրջ կատարվող իրադարձություններին ինչպե՞ս եք վերաբերվում։ Պետական այս քաղաքականության նպատակն ըստ ձեզ ո՞րն է։

– Շատ ծանր եմ տանում կատարվողը։ Անազնիվ է շահարկել կամ նույնիսկ թիրախավորել այն մարդկանց, որոնք գտնվել են ծանրագույն պայմաններում, ունեցել են լրջագույյն խնդիրներ՝ կապված խոշտանգումների, սպանվելու սպառնալիքի և այլնի հետ։

Իշխանության վարքագծի մասով եմ մի քանի նկատառում ուզում անել․ ընտրությունների ժամանակ փորձում էին հերոսացնել գերիներին, որպեսզի վերարտադրեին իրենց իշխանությունը, ինչն ասում են նաև գերիների հարազատները, որ իրենց խոստում է տրված եղել, որ վերընտրվելուց հետո գերիների հարցը կլուծվի։ Հիմա՝ իշխանությունը պահպանելու նպատակով նրանց թիրախավորում են, անարգում են, վախեցնում, նույնիսկ փորձում են հրապարակել տարբեր տիպի ցուցմունքներ, ինչն անթույլատրելի է, որովհետև դեռևս գործը չի ավարտվել ու դատարան չի ուղարկվել։

Գերիներին հերոսացնելու և անարգելու գործընթացները տեղավորվում են նեղ խմբային շահերի մեջ՝ վերարտադրելու և պահպանելու իշխանությունը։

Մյուս խնդիրը սեփական պատասխանատվության տեղափոխումն է այլ անձանց վրա։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո վարչապետն անընդհատ ասում էր՝ դուք չեկաք, դուք չկռվեցիք, այսինքն՝ իր պատասխանատվությունը, պարտավորությունը ժողովրդի վրա է տեղափոխում, այժմ մարդկանց պաշտպանելու ու իրենց քաղաքացիության երկիր տեղափոխելու իր անկարողությունը փորձում է տեղափոխել գերիների վրա։

– Վարչապետն ընդգծում է, որ գերի ընկնելու յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն քննվի ու պարզվի, թե ինչպե՛ս է անձը գերի ընկել։ Դուք համակարծի՞ք եք այս մտքին։

– Ես կարծում եմ, որ ընդհանրապես Խորհրդային Միությանը վայել գործիքներով մարդկանց դեմ աշխատել չի կարելի, որովհետև ցանկացած մարդու մեջ կարող ես պոտենցիալ հանցագործ գտնել, եթե ցանկանում ես դա տեսնել։ Հանգամանքները պետք է քննել այն առումով, թե այդ ինչպե՛ս եղավ, որ զինվորը մնաց առանց հրամանատարի, ինչպես ստացվեց, որ արդեն իսկ հանձնված վայրերում գտնվեցին մեր զինվորներն ու գերեվարվեցին ու նման այլ խնդիրներ։ Սրանք, սակայն, անհատական պատասխանատվության խնդիրներ չեն, սրանք համակարգային խնդիրներ են, որոնք պետք է հենց այդ համակարգի ներսում էլ քննվեն ու լուծվեն։

Մյուս կարևոր հանգամանքն էլ այն է, որ այս գործելակերպը կարող է բարոյալքում առաջացնել, որովհետև եթե երկրի իշխանությունները նման բառապաշարով են խոսում գերության մեջ հայտնված անձի մասին, պատկերացրեք, թե ի՛նչ բարոյալքում է ու ճգնաժամ են բանակում։ Ցանկացած զինվոր պատկերացնում է, որ իրեն պոտենցիալ հանցագործ ու իրավախախտ, դասալիք են դիտարկում։

Տերմինների այլանդակ կիրառությամբ են զբաղվում, որովհետև դասալքությունը ծառայության վայրից գերեվարվելը չէ, այլ վայրը ինքնակամ լքելը։ Մեր իշխանությունները օգտագործում են չափազանց անգրագետ ու մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անընդունելի բառապաշար՝ թիրախավորելով խոցելի խմբեր, ու, ամենակարևորը՝ առաջացնում են ևս մեկ խոցելի խումբ։

Բազմաթիվ խոցելի խմբեր կան, որոնց պետք է պետությունը պաշտպանի, հիմա նախկին գերեվարված անձինք ևս դառնալու են թիրախավորված ու խտրականության ենթարկվող խումբ։

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ձեր խոսքում նշեցիք, որ անընդունելի եք համարում Խորհրդային Միությանը բնորոշ գործիքակազմով շարժվելը, կարծում եք, որ այն, ինչ արվում է այսօր, Խորհրդային Միությանը բնորո՞շ է։

– Համոզված եմ, որովհետև դա պատմությունն է ապացուցել, ու զարմանալի է, որ այսօրվա երիտասարդ իշխանությունն ամբողջովին ստալինյան պատկերացումներ ունի մարդկանց ու նրանց իրավունքների մասին։

Այսօր նրանց ամբողջ բառապաշարը, գործելաոճը բնորոշ են խորհրդային ժամանակներում որդեգրած գործելաոճին։ Այժմ զուգահեռ եմ տեսնում, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացին արդեն դատապարտված է փաստացի հետապնդման։

– Այս գործելաոճը ի՞նչ հետևանք կարող է ունենալ դեռևս գերության մեջ գտնվող անձանց համար։

– Նախ՝ նման արտահայտությունները միջազգային հարթակներում դրվելու են Ադրբեջանի պաշտպանության։ Ադրբեջանական կողմը շատ հանգիստ կարող է ասել, որ նույնիսկ Հայաստանն է ընդունում, որ այդ անձինք հանցագործ են, ոչ թե ռազմագերի։ Երկրորդը այդ մարդկանց բարոյահոգեբանական իրավիճակն է, որում կարող են հայտնվել այդ մարդիկ ու հասկանալ, որ իրենք լքված են իրենց պետության կողմից, ինչը Ադրբեջանը կարող է հանգիստ ներկայացնել։

Սա ոչ միայն սարսափելի է, այլ նաև մարդու իրավունքների խախտում է։ Որպես հասարակություն ու պետություն՝ առաջին հերթին պետք է ստեղծեինք աջակցության մարմիններ, երբ գերությունից վերադարձած անձանց ուղղակի համապարփակ աջակցություն կտրամադրվեր, ոչ թե ամեն անձի մեջ պոտենցիալ հանցագործ կամ դավադիր տեսնելը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am