«Եթե Հայկ Մարությանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա նա օր առաջ պետք է հեռանա». Անի Խաչատրյան

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը

– Տիկի՛ն Խաչատրյան, վերջին օրերին Երևանի քաղաքապետի ու իր իշխանական թիմակիցների միջև տարաձայնությունների մասին խոսակցություններն ակտիվացել են: Նույնիսկ խոսվում է նրան հեռացնելու մասին: Դուք՝ որպես Երևանի ավագանու անդամ, ի՞նչ եք մտածում այդ մասին:

– Երևանի քաղաքապետի ու իշխանությունների միջև լարված փոխհարաբերությունների մասին պատերազմից անմիջապես հետո սկսեցին լուրեր շրջանառվել, և դրանք հիմա նորություն չեն: Մամուլում այս թեման պարբերաբար ակտիվանում ու մարում է, հիմա այդ խոսակցությունները նորից են ակտիվացել:

Այն, ինչի մասին հիմա գրվում է, մենք տեղյակ չենք: Տեղյակ չենք՝ ինչ զարգացումներ են գնում, ինչեր են ներսում կատարվում:

– Դուք նկատի ունեք Հայկ Մարությանի և Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև գեներալների հետ հնարավոր հանդիպման մասի՞ն:

– Ո՛չ, ես նկատի ունեմ քաղաքապետի և «Իմ քայլը» խմբակցության միջև փոխհարաբերությունների զարգացումները: Ինչ վերաբերում է Քոչարյանի հետ հնարավոր հանդիպմանը, ապա հոգուս խորքում ուզում եմ չհավատալ այդ տեղեկություններին: Եթե ճիշտ են հանդիպման մասին այդ լուրերը, ապա ինձ համար նույնպես Հայկ Մարությանն օր առաջ պետք է հեռանա:

Ես լրատվամիջոցներից մեկում կարդացի, որ այդ հանդիպման մասին տեղեկությունը ոչ հերքվել, ոչ հաստատվել է: Որպես ավագանու անդամ՝ սպասում եմ քաղաքապետի պատասխանին: Ու նաև երևանցիներն են սպասում քաղաքապետի պատասխանին, որովհետև երևանցիներն ընտրել են Հայկ Մարությանին քաղաքապետ «Իմ քայլը» խմբակցության շրջանակներում և ոչ թե որպես Ռոբերտ Քոչարյանի թեկնածուի:

Եթե Հայկ Մարությանը Քոչարյանի հետ կապ ունի, ապա նա ինձ համար ամենավերջին քաղաքապետն է, ու ես կլինեմ նրա հեռացումը նախաձեռնողներից առաջինը:

Ես կրկնում եմ՝ երևանցիներն ընտրել են երեք ուժ՝ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լույս», ու Ռոբերտ Քոչարյանը այդտեղ որևէ տեղ չունի:

– Ըստ ձեզ՝ Մարությանն ինչո՞ւ պետք է հանդիպեր Քոչարյանի հետ, իր թիմից բավարար աջակցություն չէ՞ր ստանում:

– Հստակ տեղեկություն չկա այդ հանդիպման մասին, հետևաբար ես չեմ կարող մեկնաբանել: Այդ դիտարկումներին կարող է Հայկ Մարությանը պատասխանել: Ուղղակի պատերազմից հետո ներքաղաքական իրավիճակն այնքան խառն էր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ դուրս եկան, Երևանի ավագանու նույնանուն խմբակցության առանձին անդամներ դարձան ավագանու անկախ անդամներ, և այդ համատեքստում չեմ կարող ասել՝ արդյոք Հայկ Մարությանն ընկե՞լ է այդ հոսանքի տակ, թե՞ ոչ:

Այս խոսակցությունները դադարեցնելու համար Հայկ Մարությանը պետք է դրանց պատասխանը տա՝ ասելով՝ այո կամ ոչ:

– Կան նաև խոսակցություններ, որ երեկ ավտոբուսների վարորդների գործադուլը ուղղորդված էր և ուղղված էր հենց Մարությանի դեմ: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

– Բացարձակ որևէ փոխկապակցվածություն չեմ տեսնում: Այս պարագայում խնդիրն այն է, որ երբ նոր ավտոբուսները սկսեցին աշխատել, առաջին օրն էր, և վարորդները զգացին, որ երբ իրենք էին գումարը ստանում ու գծին գումար տալիս, այդ աշխատավարձը տարբերվում է: Այսինքն՝ նոր ավտոբուսները վարելու դեպքում նրանք ստանալու են մաքուր 260 հազար դրամ աշխատավարձ, իսկ մինչ այդ որոշակի ավելի գումար են ստացել: Դա էր վարորդների դժգոհությունը: 15 օրվա մեջ 260 հազար դրամ աշխատավարձ, ինձ թվում է՝ ավելին է, քան, ասենք, նախարարությունների շարքային աշխատողների աշխատավարձն է:

– Ընդհանրապես, դուք տեսնո՞ւմ եք հասարակական տրանսպորտի բարեփոխումներին խոչընդոտ: Համենայնդեպս, քաղաքապետարանից հայտարարում են, թե այդ բարեփոխումներին ամեն կերպ փորձ է արվում խոչընդոտել:

– Չէ՛, խոչընդոտ չկա: Պարզապես այս դեպքում վարորդների գրպանի փոփոխությունն է եղել խնդիրը, որը, կարծում եմ՝ մեկ-երկու օրվա թեմա է: Վարորդները կհասկանան, որ Երևանի քաղաքային իշխանությունը այլ թելադրանք ունի, և դրանք են պայմանները: Ով կհամաձայնի՝ շատ լավ, ով չի համաձայնի՝ աշխատանք փնտրողները շատ են, որոնք կցանկանան այս պայմաններով աշխատել:

Ես կարծում եմ՝ 15 օրվա համար 260 հազար դրամ աշխատավարձը Հայաստանի պայմաններում բավականին բարձր աշխատավարձ է:

– Ի՞նչ եք կարծում, Հայկ Մարությանի և կենտրոնական իշխանության միջև տարաձայնությունները, որոնց մասին նաև իշխանության առանձին ներկայացուցիչներ են փաստել, խանգարո՞ւմ են մայրաքաղաքի զարգացմանը:

– Կենտրոնական իշխանության հետ հարաբերությունները չեն ազդում քաղաքում ծրագրերի իրականացման կամ չիրականացման վրա: Մայրաքաղաքի կառավարումը իրականացնում է Երևանի քաղաքապետը ավագանու միջոցով, հետևաբար, կենտրոնական իշխանությունը ոչ մի կերպ չի կարող քաղաքի աշխատանքին խանգարել:

Եթե քաղաքում կա խնդիր, ապա դա Երևանի քաղաքապետի լուծման տիրույթում է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am