Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ չունի, ուղղակի բոլորը իրենց արած- չարածի համար պետք է պատասխան տան, նաեւ՝ ես. Լոռու մարզպետ

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ՝ 38.6 տոկոս ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը մեծ իրարանցում է առաջացրել հանրության շրջանում. շատերը պնդում են՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:


Ասլանյանը, հիշեցնենք, Վանաձորի նախկին քաղաքապետն էր եւ անցած ընտրություններում գլխավորում էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը եւ դարձյալ մեծ աղմուկով դարձավ Վանաձորի քաղաքապետ:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Ասլանյանը մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին՝ 2016-2021 թվականներին, լիազորությունները չարաշահելու, անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մեջ:

Իրավապահները մի քանի դրվագներ են մատնանշում, մասնավորապես՝ Վանաձորի նախկին համայնքապետն առանց ավագանու որոշումներ է կայացրել քաղաքի մի քանի հատվածներում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին, որից հետո դրանք սեփականության իրավունքով անցել են իր մտերիմներին։


Ասլանյանի ստացած քվեները՝ 38,6 տոկոս, նշանակում է, որ առանց կոալիցիայի նա չի կարող ընտրվել քաղաքապետ: Իսկ Վանաձորի ավագանու ներսում ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 20-ին:


«Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակի առաջին համարը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, ստացել է ձայների մոտ 24,7 տոկոսը:


«Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին:

Պարո՛ն Խաչատրյան, Վանաձորի ընտրություններում հաղթած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը երեկ ձերբակալվել է: Ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը:

-Նախ՝ եթե հաղթանակի մասին եք խոսում, որեւիցե քաղաքական ուժ մեծամասնություն չի կազմել, այսինքն՝ 50+1-ը չի հաղթահարել: Ինչպես գիտեք, հաղթած թեկնածու համարվում է 50 տոկոսից ավելի ձայն ստացած ուժը: Արդյունքում՝ Վանաձորի ընտրություններում որեւէ ուժ մեծամասնություն չի կազմել եւ միայնակ չի կարող ղեկավարել քաղաքը:


Ինչ վերաբերում է ձերբակալությանը, սա իրավական խնդիր է, չեմ ուզում մտնել իրավապահների տիրույթ:

Մինչեւ Ասլանյանի ձերբակալությունը «Ասլանյան» դաշինքի հետ կոալիցիա ձեւավորելու մասին քննարկում եղե՞լ է:

Ո՛չ, ո՛չ, մենք ընդհանրապես չենք հանդիպել, որեւիցե հարց չենք քննարկել: Կարծում եմ՝ «Ասլանյան» դաշինքի ներկայացուցիչները եւս դա կհաստատեն: Կողմերը որեւիցե առաջարկ միմյանց չեն ներկայացրել:

Պարո՛ն Խաչատրյան, ստեղծված իրավիճակը ընդդիմությունը գնահատում է քաղաքական հետապնդում ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ՝ դեկտեմբերի 20-ից առաջ կանխելու նրա ընտրությունը: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Ում հիմա աշխատանքից ազատում են կամ ում նկատմամբ քրեական գործ են հարուցում, անկախ նրա կարգավիճակից, պաշտոնից, քաղաքական հետապնդում են համարում: Բայց ես այս հարցում քաղաքական որեւէ ենթատեքստ չեմ տեսնում:

Այդ դեպքում ինչո՞ւ հենց հիմա որոշվեց ձերբակալել նրան, քրեական գործը, ըստ էության, վերաբերում է նրա պաշտոնավարման ժամանակահատվածին, կարող էր նաեւ սա շուտ լինել:

-Իսկ ինչո՞ւ ես ինձ այդ մասին հարցնում:

Ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցչի եմ հարցնում:

Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ իմ տիրույթում չէ այդ հարցը:

Այսինքն՝ իրավապահները թերացե՞լ են իրենց աշխատանքում:

-Ո՛չ, ես իրավապահների աշխատանքում թերություն չեմ տեսնում:

Այդ դեպքում ինչո՞ւ այսքան հետաձգվեց այս քրեական գործին ընթացք տալը, այն էլ հիմա՝ ընտրությունների նման արդյունքների պարագայում, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս:

Ո՛չ, ես կրկնում եմ՝ այս հարցում քաղաքական որեւէ ենթատեքստ չեմ տեսնում: Առաջադրված մեղադրանքը, քրեական հոդվածները ուսումնասիրեք եւ կտեսնեք, որ քաղաքական հետապնդում չկա:

Ընտրություններն անցել են ազատ ու արդար, իհարկե, ես որոշակի վերապահումներ ունեմ դրանց վերաբերյալ:


Ընտրությունների ընթացքը ուսումնասիրության կարիք ունի: Մասնավորապես, Վանաձորում կան սեփական տներ, որոնցում գրանցված են 11-17 քաղաքացիներ, եւ հայտնի չէ՝ ովքե՞ր են այդ մարդիկ եւ արդյոք գնացե՞լ են ընտրությունների, թե՞ ոչ: Սա ուսումնասիրության կարիք ունի: Պետք է ուսումնասիրվի նաեւ այն, որ անցած տարվա համեմատ, ըստ քաղաքապետարանի մուտքերի, մոտ 3 մլն դրամ գումար է մուտք արվել որպես աղբի ու գույքահարկի վճար: Սա էլ է կասկածելի: Մի մասն էլ, ըստ իմ տեղեկությունների, դեռ չի մուծվել ու պետք է մուծվի:

Կարծում եք՝ «Ասլանյան» դաշի՞նքն է այդ վճարումները կատարել:

Ես նման բան չեմ ասում, ես ուղղակի ասում եմ, որ այդ փաստն ինձ մոտ կասկած է հարուցում: Դա պետք է ուսումնասիրվի: Ես ուզում եմ մեր ընդդիմադիր գործիչներին, որոնք մտածում են, թե սա քաղաքական ենթատեքստ ունի, ասել, որ մենք՝ որպես իշխանություն, հնարավորինս ապահովել ենք ընտրությունների թափանցիկ ընթացք, պահել ենք խաղի կանոնները, ինչպես օրենքն է պահանջում:


Ընդդիմության տարակուսանքը եւ հայտարարությունները, կարծում եմ, անհիմն են: Հայաստանում բոլորն իրենց արած ու չարածի համար պետք է պատասխան տան: Դա վերաբերում է նաեւ ինձ, Մամիկոն Ասլանյանին, բոլորին: Բոլորը պետք է պատասխան տան իրենց արած-չարածի համար:

Քննչական մարմինը միջնորդել է, որ կալանավորեն Ասլանյանին: Եթե, այդուհանդերձ, նա կալանավորվի, դեկտեմբերի 20-ին ավագանիում ընտրություն կկայանա՞:

-Մեկը մյուսին չի խանգարում: Ես չգիտեմ՝ ինչ կլինի Մամիկոն Ասլանյանի հետ կապված, բայց դա ավագանու ընտրություններին որեւէ խոչընդոտ հանդիսանալ չի կարող:

Հնարավո՞ր է դուք ընտրվեք Վանաձորի համայնքապետ:

-Նախ՝ այս պահին չի քննարկվել, որ ես իմ թեկնածությունն առաջադրեմ ավագանու ընտրություններում: Նման որոշում մենք չունենք այս պահի դրությամբ: Իսկ թե ով կամ ովքեր կլինեն թեկնածուները, հայտնի չէ, եւ ժամանակը գա՝ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը կհայտարարեն:


Հասմիկ Համբարձումյան


MediaLab.am