Մասիսի քովիդ-կենտրոնում բուժվողների վիճակը ծանր է, 300 մահճակալներից ոչ մեկն ազատ չէ. ընդունարանի պատասխանատու

«Ազատ մահճակալ եթե լինում է՝ մի քանի ժամում արագ համալրվում են նոր հիվանդներով, օրվա վերջին ազատ մահճակալ չենք ունենում։ Քանի որ մեր քովիդ-կենտրոնը մարզային չէ, այլ պատկանում է առողջապահության նախարարությանը, մահճակալային ֆոնդը կոնկրետ վերահսկվում է նախարարության տրիաժ կենտրոնի միջոցով»,- «Մեդիալաբին» ասում է Մասիսի քովիդ-կենտրոնի ընդունարանի պատասխանատու Անդրանիկ Դանիելյանը։ 

Չնայած հիվանդների հիմնական մասն Արարատի մարզից է, բայց քովիդ-կենտրոն են տեղափոխվում նաև այլ մարզերի ու Երևան քաղաքի քովիդով վարակված անձինք։

Դանիելյանն ընդգծում է, որ մարզերից ու մայրաքաղաքից հիվանդների տեղափոխումը պայմանավորված է նրանով, որ բոլոր տեղերում էլ հիվանդանոցները ծանրաբեռնված են և ունեն մահճակալային ֆոնդի խնդիրներ։

«Երևանում էլ է վիճակը ծանր, մահճակալների խնդիրներ ունեն, ինչից ելնելով էլ՝ հիվանդներին տեղափոխում են մեզ մոտ։ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի ու Շիրակի մարզից էլ են հիվանդներին տեղափոխում այստեղ, եթե հիվանդը հոսպիտալացման կարիք ունի և տվյալ տարածքին մոտ վայրերում ազատ մահճակալներ չկան»,- ասում է Մասիսի քովիդ-կենտրոնի պատասխանատուն։

Մինչև 300 մահճակալային ֆոնդ ունեցող կենտրոնը սեպտեմբերի կեսերից սկսած աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով ու ոչ մի օր ազատ մահճակալ գրեթե չի ունեցել։ Կենտրոնի թերապևտիկ ու վերակենդանացման բաժանմունքներում թթվածնի խնդիր չկա։

Անդրանիկ Դանիելյանն ընդգծում է, որ հիվանդների վիճակը բավականին ծանր է, ինչը, ըստ նրա, պայմանավորված է դելտա շտամով։

«Թերապիայի բաժանմունքում հոսպիտալացվում են հիմնականում միջին ծանրության հիվանդները, վիճակի վատացմամբ պայմանավորված՝ տեղափոխվում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ այս պահին ազատ մահճակալ չկա»,- ասում է ընդունարանի պատասխանատուն։

Նրա խոսքով՝ հիվանդներն իրենց հիմնականում դիմում են սահմանային թթվածնային մակարդակին հասած վիճակում, բայց քիչ չեն դիմողները, որոնք տանը «բուժում ստանալուց» հետո, երբ վիճակն արդեն ծայրահեղ ծանրանում է, նոր կենտրոն են գալիս։

Կենտրոնում բուժվող հիվանդներից ամենաերիտասարդը 41 տարեկան է եղել, իսկ ամենատարեցը՝ 90։ Բուժում ստացողների մեջ կան և՛ պատվաստված, և՛ չպատվաստված անձինք, բայց, ինչպես ասում է Անդրանիկ Դանիելյանը, պատվաստման գործընթացում աշխուժություն նկատվում է միայն վերջերս, հետևաբար մեծ մասը միայն առաջին դեղաչափն է ընդունել, իսկ գերակշիռ մասը դեռ պատվաստված չէ։

«Շաբաթվա մեջ կարող է երկու օր մահվան դեպք չգրանցվել, իսկ մնացած հինգ օրը մահվան դեպքերն անխուսափելի են լինում։ Ամեն դեպքի հետ կենտրոնի բժիշկներից սկսած մայրապետներով վերջացրած գնում ենք էն աշխարհ, հետ գալիս»,- ասում է Մասիսի քովիդ-կենտրոնի ընդունարանի պատասխանատու Անդրանիկ Դանիելյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am