Պետությանը գույք նվիրել ցանկացողների մասին պնդումը իրականությանը չի համապատասխանում

Պետությանը գույք նվիրել ցանկացողների մասին պնդումը իրականությանը չի համապատասխանում
Պետությանը գույք նվիրել ցանկացողների մասին պնդումը իրականությանը չի համապատասխանում

Անցած տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե տարբեր մարդիկ ցանկանում են գույք նվիրել պետությանը, չի համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերի 28-ին Իջևանում տեղի ունեցած  նախընտրական քարոզարշավի ժամանակ, խոսելով յուրացումների, հարուցված քրեական գործերի և պետական բյուջե վերադարձվելիք գումարների մասին, հայտարարել էր, որ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն՝ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը պետությանը նվիրելու հարցով։

«Կա հարուցված քրգործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև որոշակի հանրային վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորության համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել»,- ասել էր Փաշինյանը։ Վերջինիս խոսքով, Մանվել Գրիգորյանի փաստաբանները նույնպես հանդես են եկել հայտարարությամբ, որ Գրիգորյանը պատրաստ է 5 միլիարդ դրամի գույք նվիրել պետությանը:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ նման առաջարկներով հանդես են եկել այլ մարդիկ ևս։ «Նույնիսկ կան դեպքեր, երբ կոնկրետ դեպքով քրեական գործ չունենք հարուցված, բայց մարդիկ իրենք նախաձեռնություն են ցուցաբերում և ասում են՝ ինչքան վերադարձնենք պետությանը, բայց շարունակությունը չեն ասում, թե ինչի դիմաց»,- ասել էր Փաշինյանը։

Պետական գույքի կառավարման կոմիտեից, սակայն, ի պատասխան FIP.am-ի հարցմանը, հայտնեցին, որ 31.01.19թ․-ի դրությամբ Մանվել Գրիգորյանից և Արմեն Ավետիսյանից բացի, Պետական գույքի կառավարման կոմիտեն այլ սուբյեկտներից Հայաստանի Հանրապետությանը գույք նվիրելու վերաբերյալ դիմումներ չի ստացել։

Հ․Գ․ Պետությանը գույք նվիրաբերելու ընթացակարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։ Մասնավոր անձի գույքը պետական մարմիններին նվիրաբերելու վերաբերյալ կառավարությունը կայացնում է որոշում, որն էլ ուղարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտե, որն էլ կարգավորում է հետագա գործընթացները։

Մերի Մնացականյան

www.Fip.am