Լեռնային Ղարաբաղում այսօր ընտրություններ են: Առավոտյան ժամը 8-ից մեկնարկած նախագահական ընտրություններում ավելի քան 95 հազար ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ առաջադրված երեք թեկնածուներից՝ նախագահ են ընտրում:
Լեռնային Ղարաբաղի 5-րդ նախագահական ընտրություններում պայքարի են դուրս եկել գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը եւ ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: Չնայած առաջադրված երեք թեկնածուներին, իրապես պայքարն ընթանում է երկու թեկնածուների՝ Սահակյանի եւ Բալասանյանի միջեւ:
«Արցախում այսօր նախագահական ընտրություններ են: Լավ է, որ ընտրությունները ձևական չեն, և կա բավական լուրջ ընդդիմադիր թեկնածու: Հուսանք, որ կոպիտ խախտումներ և ընտրակեղծիքներ չեն լինի: Ճիշտ է՝ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի որոշվում, բայց ընտրությունները հասարակության և միջազգայաին հանրության համար ժողովրդավարության մակարդակի ամենատեսանելի և շոշափելի ցուցիչն են»,-անդրադառնալով ղարաբաղյան ընտրություններին արձանագրել է նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Օսկանյանը նշում է, որ «դժբախտաբար», այսօր արդեն միջազգային ընկալման մեջ, ինչպես ցույց է տալիս Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, Արցախն ու Ադրբեջանը նույն մակարդակում են հայտնվել՝ ոչ ազատ երկրների շարքում: Ըստ նրա, Արցախին վերաբերող ցուցիչի փոփոխությունը պայմանավորված է եղել նրանով, որ 2010թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել: Հայաստանը նույն այդ զեկույցներում անկախության սկզբներից դասվել է մասամբ ազատ երկրների շարքում, բայց վերջին տարիներին իր հավաքած բալերի տեսանկյունից անընդհատ նահանջ է արձանագրել և հասել է արդեն ոչ ազատ երկրների դասակարգման նախաշեմին:
«Ինչու է այս ամենը կարևոր: Անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում Freedom House-ի և այլ միջազգային կազմակերպությունների գնահատականներին, փաստ է, որ խոշոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին կարծիք են կազմում ոչ թե մեր իշխանությունների հայտարարություններով և տեղական հեռուստատեսությունների ռեպորտաժներով, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ու գնահատականներով:
Այսօր նաև փաստ է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը փակուղում է: Բայցևայնպես, բանակցությունների հիմքում հաջողվել է ամրագրել հայկական կողմի համար մի շատ կարևոր սկզբունք՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Իրոք, այսօր մեր խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից նրա՝ արդեն ինքնորոշված լինելու փաստի միջազգային ճանաչման հասնելը: Դա անելու կարևորագույն նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանն ու Արցախը ժողովրդավարացման չափանիշներով համեմատության եզրեր չունենան Ադրբեջանի հետ և այդ չափանիշներով իրական մասը կազմեն եվրոպական մեծ քաղաքակրթության:
Ահա նաև ինչու է այսքան կարևոր թե՛ Ղարաբաղում, թե՛ հաջորդ տարի Հայաստանում ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունների անցկացումը»,-Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է Վարդան Օսկանյանը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները լուսաբանում են ավելի քան 50 լրագող, Ղարաբաղում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը, ԱԺ պատվիրակությունը, առնվազն 80 դիտորդներ եւ այլ կարեւոր կառույցների ներկայացուցիչներ:
Այսօր, Ղարաբաղում նախագահական ընտրությունների կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ ՀԱԿ-ը՝ կոչ անելով ԼՂՀ իշխանություններին անել հնարավորը օրինական, ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու համար:
«Թե ռազմի դաշում եւ թե դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը և կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության կողմից: Վերջինիս արձագանքը ընտրություններին մեծապես պայմանավորված է լինելու հենց ընտրությունների որակով: Միեւնույն ժամանակ, ազատ եւ արդար ընտրությունների ամենամեծ պահանջատերը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որի օրինակարգ իշխանությունները նոր լիցքեր կստանան ԼՂ պետական շահերը բանակցային գործընթացում առաջ մղելիս: Եւ վերջապես, օրինական ընտրությունները ԼՂՀ անվտանգության հարց է, ինչը չեն կարող չգիտակցել ընտրություններում ներգրավված բոլոր կողմերը»,-նշված է ՀԱԿ տարածած հայտարարության մեջ:
© Medialab.am