«Բիզնեսի համար գազի սակագինը բարձրանալու է 20-25%-ով, բնականաբար, այդ բարձրացումը դրվելու է ապրանքի մեջ, որը վճարելու է սպառողը». Սուրեն Պարսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը

– Պարո՛ն Պարսյան, ենթադրվում է, որ սույն թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը սահմանին և երկրի ներսում բարձրանալու է, որովհետև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այդ հարցով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Անցած տարի՝ հոկտեմբերի 19-ին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ գազի սակագինը չի փոխվի 5-րդ էներգաբլոկի խնդիրը լուծելու դեպքում: Հնարավոր չէ՞ր այդ խնդիրը լուծել, որ գազի սակագինն անփոփոխ մնար:

– Մհեր Գրիգորյանն ու գործող իշխանությունը գազի գինն առերևույթ չբարձրացնելու նպատակով 4,7 դրամով բարձրացրեցին էլեկտրաէներգիայի սակագինը, այսինքն՝ եթե լրացուցիչ 10 դոլար նախատեսվում էր, որ պետք է գազի գինը բարձրանա, ու այդ 10 դոլարն ուղղվեր 5-րդ էներգաբլոկի ծախսերի կատարմանը, ապա դա, ըստ էության, գործող իշխանությունը՝ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ, խորամանկ մեխանիզմով այդ ծախսը տարան գազից դեպի էլեկտրաէներգիա:

Այդ գումարը դարձյալ ստանում է «Գազպրոմ Արմենիան», բայց ոչ թե գազի վաճառքից, այլ՝ էլեկտրաէներգիայի: Ստացվում է, որ 10 դոլարի չափով կբարձրանար գազի գինը, եթե, օրինակ՝ 5-րդ էներգաբլոկի 32 միլիոնը չդրվեր էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Սրան էլ գումարած՝ հանրությունից գաղտնի, երկու ամիս առաջ կնքվել է նոր համաձայնագիր, որի համաձայն Ռուսաստանից մատակարարվող գազի համար որոշվել է կալորիականության նոր սխեմա: Դրա համաձայն 7900 կկալ/խմ-ի դեպքում գինը 1165 դոլար է, իսկ 4500 կկալ/խմ-ի դեպքում՝ 177 դոլար:

Ըստ էության, վերջին տարիներին Հայաստանը ստացել է 8300 կալորիականության գազ, ու եթե այս տվյալներով հաշվենք, կստացվի, որ գազի գինը բարձրացել է 8,6 դոլարով, ինչը փաստաթղթում չկա, բայց ապրիլի 1-ից, երբ սկսվի այս բանաձևը կիրառվել, կտեսնենք, որ գազի գինը սահմանին նվազագույնը 8,6 դոլարով բարձրացել է: Սա կհանգեցնի շղթայական թանկացումների:

– Բայց բնակչության համար 5,9 դրամով գազի սակագինը նվազելու է, այդպես է նախատեսվում ապրիլի 1-ից:

– Դա արվում է այս թանկացումը թաքցնելու նպատակով: Գործող իշխանությունը որոշել է 8300 կալորիականության պայմաններում 5,9 դրամով նվազեցնել գազի գինը բնակչության համար: Բայց դրա փոխարեն գազի սակագինը բիզնեսի համար բարձրանալու է 20-25%-ով, բնականաբար, այդ բարձրացումը դրվելու է ապրանքի մեջ, որը վճարելու է սպառողը:

Նման կերպ վարվեցին նաև 2019 թվականին, երբ գազը սահմանին 10%-ով թանկացավ, իսկ թանկացման բեռը դրվեց միայն բիզնեսի վրա՝ խուսափելով հանրային ուղղակի դժգոհությունից: Սրան էլ գումարած՝ նախատեսվում է, որ ապրիլի 1-ից վերանալու են արտոնությունները, որոնք 2016 թվականից գործում էին: Դրանք են սոցիալապես խոցելի ընտանիքներին, ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, նրանց համար կտրուկ բարձրանալու է գազի սակագինը։ Հետևաբար, շարունակվելու է սննդամթերքի գնաճը՝ խորացող աղքատության պայմաններում:

Գազի գնի բարձրացման հետևանքով մեր տնտեսությունը կրելու է մեծ վնասներ: Բնակիչը չպետք է ուրախանա, երբ տեսնի՝ իր համար գազի սակագինը 5,9 դրամով նվազել է, քանի որ եթե բիզնեսը չաշխատի, մրցունակ չլինի, ինքն աշխատանք չի ունենալու, որ կարողանա վճարել այդ գազի համար: Իրավիճակը սա է, ու մենք պետք է ճիշտ տեղեկատվություն տրամադրենք հանրությանը:

 – Պարո՛ն Պարսյան, իսկ ճի՞շտ էր գազի կալորիականությունն ընդունել սակագնի վերանայման հիմքում:

– Միանշանակ սխալ էր, որովհետև 7900-ը տեխնիկական չափանիշ է: Մինչև 2013 թվականը ունեցել ենք նման հաշվարկի մեխանիզմ, որը վերացվել է, քանի որ դրա հետևանքով մենք պարտքեր էինք կուտակում, համակարգը խնդիրներ էր ունենում, ու հասկացանք, որ այդ մեխանիզմն իրեն չի արդարացնում: Իսկ հիմա, 8 տարի հետո փաստորեն վերադառնում ենք դարձյալ կոտրած տաշտակին, ինչով փորձում են թաքցնել սահմանին գազի գնի բարձրացումը:

 – Հնարավո՞ր էր այնպես անել, որ կարողանային խուսափել գազի սակագնի փոփոխությունից:

– Գազային բանակցություններն արդեն երկու տարի շարունակվում են, ավարտվեցին այն ժամանակ, երբ գազի գինը ամենաբարձրն է՝ բորսայում գազի գինը հասավ 1000-1500 դոլարի: Ըստ էության, ռուսական կողմն այս բարձրացումները որպես լավություն է վաճառում հայկական կողմի վրա: Բանակցությունները հայկական կողմը պետք է ավարտեր անցած տարի, երբ գազի գինը բորսայում ցածր էր, ու կար լավ նախապայման, ինչը չկարողացան անել:

– ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ըստ Ձեզ, կբավարարի՞ «Գազպրոմ Արմենիայի» հայցը:

– Հուսով եմ, որ հանձնաժողովը կուսումնասիրի, կգտնի նոր հնարավորություններ, ռեզերվներ, որոնք թույլ կտան գոնե պահպանել գործող սակագինը, հակառակ դեպքում էլ ավելի կխորանա տնտեսական ճգնաժամը, ու մենք կկանգնենք տնտեսական ու սոցիալական լուրջ խնդիրների առաջ:

Ցավոք պետք է ասեմ, որ այս հարցին առնչվող առաջին մասին հանձնաժողովն արդեն իր համաձայնությունը տվել է, երբ 4,7 դրամով բարձրացրեց հոսանքի սակագինը, որն ուղղվում է գազի «սուբսիդավորմանը»: Եթե հանձնաժողովը այս հայցադիմումն էլ բավարարեց, բնականաբար, պատասխան է կրելու իր բոլոր որոշումների համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am