«Զելենսկին փորձում է միջազգային ջանքերը մոբիլիզացնել, որովհետև պատերազմը կրիտիկական է Ուկրաինայի համար». Միքայել Նահապետյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Ուկրաինան մենակ է մնացել այս պատերազմում ու միայնակ է պայքարում։ Զելենսկին նման հայտարարություն է անում, որովհետև ակնկալում էր, որ ինչ-որ երկիր իրենց հետ պետք է կռվե՞ր Ռուսաստանի Դաշնության դեմ։

– Չեմ կարծում, թե նա նման հույս է ունեցել, որովհետև ինչ պատերազմի մասին խոսվում էր, ամերիկացիներն ասում են, որ իրենք մարդուժ չեն տալու, բացառում են, որ սեփական զորքերով կմասնակցեն պատերազմին։ Դեռ կռիվը չսկսած էին դա ասում, ու դա Ուկրաինայի ղեկավարներն էլ էին լավ հասկանում:

Խնդիրն այն է, որ, այնուամենայնիվ, պատերազմը կա, ու այն բավականին կրիտիկական է Ուկրաինայի համար, հետևաբար իրենք միջազգային աջակցություն մոբիլիզացնելու ջանքեր են գործադրում։

– Իսկ ձեր գնահատմամբ՝ Ուկրաինան իսկապե՞ս մենակ է մնացել, Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցները, իրենց տրամադրվող ֆինանսական աջակցությունները օգնություն չե՞ն։

– Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, միջազգային համակողմանի փոխըմբռնման արդյունքում է տեղի ունենում, այսինքն՝ բոլորը հասկանում են, թե ինչ պետք է կատարվի, ու, խոշոր հաշվով, հակասությունները առավելագույնը դետալների շուրջ են, իսկ տարածաշրջանի լայն ռազմավարական զարգացումը, կարծում եմ՝ փոխըմբռնման առարկա է ու այդպիսի փոխըմբռնում կա:

Ըստ այդմ՝ ռուսներին ճնշում են այնքան, ինչքան նախատեսված է ճնշել, Ուկրաինային օգնում են այնքան, ինչքան նախատեսված է օգնել։

– Պարո՛ն Նահապետյան, որոշ շրջանակներ հենց Ուկրաինայի նախագահին են մեղադրում պատերազմի համար՝ նշելով, թե Զելենսկին կարող էր այնպես անել, որ պատերազմից խուսափեր։ Համակարծի՞ք եք։

– Չեմ կարծում, իմ գնահատմամբ՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի ղեկավարները չէին կարող խուսափել պատերազմից, չնայած երկու կողմի հավաստիացումներին, որ իրենք պատերազմ չեն ուզում, այնուամենայնիվ, ստիպված եղան պատերազմել։

– Իսկ դեպքերի զարգացման ի՞նչ ընթացք եք կանխատեսում։

– Դժվար է ասել այս պահին, բայց, կարծում եմ, որ վերջնարդյունքում 1:0 չի արձանագրվելու որևէ դեպքում, այսինքն՝ չի լինելու այնպես, որ մեկը 100%-ով հաղթեց, մյուսը պարտվեց։ Կոնֆլիկտը կշարունակի գոյություն ունենալ, ինչ աշխարհագրական տարածքներ կզբաղեցնեն կոնֆլիկտի վերջնարդյունքում՝ երևալու է պատերազմի դաշտում, իսկ աշխարհաքաղաքական բալանսի ձևավորումը կերևա դիվանագիտական դաշտում։

– Պարո՛ն Նահապետյան, ՌԴ նախագահը կհամաձայնի՞ Ուկրաինայի նախագահի առաջարկին, որ Ուկրաինային տրվի չեզոք կարգավիճակ, ու սկսվեն բանակցություններ։

– Ընդհանուր գծերով, երբ նայում եմ դեպքերին, չեմ կարծում, թե դա հնարավոր է։ Ինձ ավելի շատ թվում է, որ Ուկրաինայում բալանս է ձևավորվելու ի վերջո, քան չեզոքություն, այսինքն՝ այնտեղ ձևավորվելու է երկու բևեռ։ Երկու տարբերակ կա՝ ո՛չ ինձ, ո՛չ քեզ, մյուսը՝ և՛ ինձ, և՛ քեզ։ Ես կարծում եմ, որ առաջին տարբերակի շուրջ համաձայնություն տեղի չի ունենա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am