«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը
– Պարո՛ն Քեռյան, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը շարունակվում է, արդեն 9-րդ օրն է՝ կողմերը համաձայնության չեն գալիս, ինչի հետևանքով՝ հազարավոր փախստականներ, զոհեր: Ինչո՞ւ ի վերջո ընդհանուր հայտարարի չեն գալիս, ըստ ձեզ:
– Եկեք նայենք պատերազմի պատճառները: Թիվ մեկ պատճառը Ռուսաստանի երեք պահանջներն են՝ Ուկրաինան չընդգրկվի ՆԱՏՕ-ի դաշինքի կազմում, լինի ապառազմականացված պետություն, Ուկրաինան ճանաչի ֆեդերալիզացիա, ինչը նշանակում է, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները պետք է ստանան պետական ինքնավարության ստատուս և մտնեն Ուկրաինական ֆեդերացիայի մեջ, իսկ երրորդ պահանջը Ուկրաինայի կողմից Ղրիմը ռուսական տարածք ճանաչելն է:
Ուկրաինան էլ իր հերթին ունի պահանջ՝ վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ճանաչել որպես սուվերեն պետության՝ այլ դաշինքներին ու կազմակերպություններին անդամակցելու պահանջը:
Հիմա հարց՝ այս պահանջների դեպքում հնարավո՞ր է կողմերը գան համաձայնության: Եթե համաձայնություն հնարավոր լիներ, պատերազմ չէր ծագի: Բնականաբար, նշված երեք պատճառներից Ռուսաստանը հետ չի կանգնի: Հետ կանգնելու դեպքում ընկնում է ռուսական պետության միջազգային հեղինակությունը, Ռուսաստանը ներկայանում է ջախջախված պետություն: Այդ երկիրը առանց այն էլ սառը պատերազմում պարտված երկրի սինդրոմից դուրս չի եկել:
Բացի այդ, Պուտինը հասկանում է, որ զիջելու պարագայում Ռուսաստանում կարող են սկսվել ներքաղաքական գործընթացներ, ինչի հետևանքով վտանգ կառաջանա Պուտինի ու նրա քաղաքական վերնախավի իշխանության համար:
– Այդուհանդերձ, պարո՛ն Քեռյան, Ռուսաստանը լայնամասշտաբ ճնշման տակ է, տնտեսական ճգնաժամի վտանգ կա: Նույնիսկ ա՞յդ դեպքում չի գնա զիջման ռուսական կողմը:
– Այո՛, նույնիսկ այդ դեպքում: Նույնն էլ Զելենսկին, ինչպե՞ս կարող է զիջել իր երկրի տարածքները, ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում: Ինչ-որ տեղ կարող է զիջման գնալ, Ուկրաինային տանել ֆեդերալիզացիայի: Բայց այս պարագայում հարցը գիտեք ո՞րն է, նույնիսկ եթե Զելենսկին ինչ-որ տեղ կոտրվի և պատրաստ լինի գնալ բանակցելու, ինձ թվում է՝ Արևմուտքը թույլ չի տա: Այն հսկայական օգնությունը՝ ռազմական, ֆինանսական, որ ցուցաբերում է Արևմուտքը Ուկրաինային, պահանջում է նաև անզիջում լինել:
Ուկրաինայի իշխանությունները արդյունքում կարծես ընկել են երկու քարի արանքը՝ կամ պետք է շարունակվի պատերազմը, որը կֆինանսավորի Արևմուտքը, կամ զիջեն Ռուսաստանին: Ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում զիջման գնալ:
– Այդ դեպքում ինչքա՞ն կարող է շարունակվել այս «հատուկ գործողությունը», մինչև ե՞րբ: Ելք չկա՞:
– Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև դրան պատասխանելու համար կամ օրվա մեջ 24 ժամ պետք է լինել Պուտինի գրասենյակում, կամ՝ ՆԱՏՕ-ի շտաբում, որ այդ գաղտնի ինֆորմացիային տիրապետեմ՝ ի՞նչ է նախատեսել, ի՞նչ հակաքայլեր են անելու մեկը մյուսի նկատմամբ, ի՞նչ պահեստային տարբերակներ ունեն, արդյոք հաշվարկե՞լ են՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակցությունը ինչքանով կհյուծի ռուսական զինված ուժերը, որովհետև, ըստ էության, Արևմուտքի մարտավարությունը ենթադրում է Ուկրաինան վերածել Ռուսաստանի համար երկրորդ Աֆղանստանի, ճահճի, որից Ռուսաստանը դուրս է գալու հյուծված, թուլացած, կանգնելու է լուրջ խնդիրների առջև, դառնալու է երկրորդական պետություն: Արևմուտքի նպատակը սա է: Կկարողանա՞: Չեմ կարող ասել:
– Հայաստանի դիրքորոշման մասին. օրերս ՄԱԿ-ում Հայաստանը ձեռնպահ էր քվեարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին բանաձևին և, ընդհանրապես, Հայաստանը կարծես մի կողմ քաշված հետևում է դեպքերին: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս դիրքորոշումը:
– Անկեղծ ասած՝ Հայաստանն էլ շատ բարդ իրավիճակում է հիմա գտնվում, քանի որ պատերազմի մեջ է մտել իր թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը: Տեսեք, եթե Հայաստանը 100 տոկոսով կանգնի Ռուսաստանի կողքին և բոլոր քայլերով հանդես գա որպես պատերազմող երկրի դաշնակից, կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ: Դա կարող է մեր երկրի համար շատ ծանր հետևանքներ ունենալ, որովհետև Հայաստանը Ռուսաստան չէ իր պոտենցիալով և շատ հեշտությամբ կարող է խեղճանալ:
Մյուս կողմից էլ՝ եթե Հայաստանը կրի կրավորական կեցվածք, չեզոք, եթե ոչ հիմա, ապա պատերազմից հետո կարող է արժանանալ Ռուսաստանի կոշտ վերաբերմունքին: Բացառված չէ, որ դրանից օգտվեն Ադրբեջանը և Թուրքիան ու նոր առևտրի գնան հայկական տարածքների շուրջ:
Դրա համար հիմա ամենաճիշտը դեռևս կիսաչեզոք, բայց վճռական պահին ամեն դեպքում Ռուսաստանի հետ լինելն է, որովհետև խաղասեղանին են դրվելու Հայաստանի անվտանգության հարցը, մեր գոյության խնդիրը:
– Այսինքն՝ այլընտրանք չկա՞ Հայաստանի համար, Ռուսաստանին ընտրելն անխուսափելի՞ է:
– Այո՛, Ռուսաստանին մենք ընտրել ենք արդեն երկար տարիներ, բայց այս պատերազմում ոչ թե Ռուսաստանի կողքին հանդես գալ, պատերազմել, այլ միջազգային հարթակներում դրսևորել որպես Ռուսաստանի դաշնակից՝ Կրեմլի բարեհաճությունից չզրկվելու համար:
Ամեն դեպքում Հայաստանում ռուսական զորք է կանգնած: Եթե Աստված ոչ անի ռուսական զորքը դուրս գա, հեռանա, մենք գոյության երաշխիքներ չենք ունենալու: Իսկ հույսը դնել Արևմուտքի վրա ծիծաղելի է, որովհետև նույնիսկ Ուկրաինայի դեպքում արևմտյան ոչ մի երկիր դեռևս պատրաստակամություն չի հայտնել սեփական զինված ուժերով մասնակցել կոնֆլիկտին:
Օգնում են զինտեխնիկայով, տարբեր միջոցներով, բայց պարզ երևում է, որ ոչ մի ՆԱՏՕ-ական երկիր այսօր չի հայտարարել, որ իր զորքերը մտնում են Ուկրաինա կռվելու: Եթե Ուկրաինայի համար չեն գնում, Հայաստանի համար չեն գա ու չեն գա:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am