«Վերջապես խելքի եկավ Ռուսաստանը, սովետական դրոշներով պետք է շարժվի, որ հաղթանակ տանի». ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Կենտկոմի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանը

– Պարո՛ն Մանուկյան, օրերս ձեր կուսակցության որոշ անդամներ հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանության շենքի մոտ և իրենց աջակցությունն էին հայտնում Ռուսաստանին: Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մասին ձեր դիտարկումը կխնդրեմ: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ այսօր արդեն ռուսական տանկերը ԽՍՀՄ դրոշներով շարժվում էին դեպի Կիև:

– Վերջապես խելքի եկավ Ռուսաստանը, սովետական դրոշներով պետք է շարժվի, որ հաղթանակ տանի: Սովետական արժեքները պետք է բարձր պահեն, անկախ նրանից, թե այսօր ով ինչպես կվերաբերվի սովետական ժամանակաշրջանին, բայց այն ունի մեծ արժեք՝ և՛ մարդկային, և՛ զինվորական, և՛ հեղափոխական, և՛ աշխարհագրական: Որ ոլորտն ուզում ես վերցրու, սովետական շրջանի այդ արժեքը կա: Ապրեն ռուսները, հասկացան, որ սովետական դրոշն է հաղթում չարիքին: 

– Սովետական Միության վերադարձի հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Չեմ կարող ասել, որ միանգամից կվերադառնանք Սովետական Միություն, այն կլինի սոցիալիստական: Միության վերադարձ կլինի, սոցիալական արժեքների վերադարձ կլինի, բայց որպեսզի սոցիալիստականի վերադարձը լինի՝ ժամանակ է անհրաժեշտ: 30 տարի մարդկանց ուղեղներն այնքան են լվացել, որ այդ վերադարձը միանգամից չի լինելու, դրա համար 5-10 տարի է պետք:

– Այսինքն՝ մարդիկ պատրաստ չե՞ն Սովետական Միության վերադարձին:

– Վախենում եմ միանշանակ ասել, բայց երևի պատրաստ չեն, որովհետև եթե Ուկրաինայի օրինակը բերեմ՝ 8 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն ու իր համախոհներն ուղեղների ինչպիսի լվացում են արել Ուկրաինայում, որ այսօր սլավոնական նույն ազգի ներկայացուցիչները թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, սա այդ տարիների քաղաքականության և ուղեղների լվացման հետևանք էր:

– Պարո՛ն Մանուկյան, բայց մի ստվար հատված էլ Ռուսաստանին է մեղադրում պատերազմ հրահրելու համար՝ նրան համարելով օկուպանտ ու ագրեսոր:

– Չեմ ընդունում, որ Ռուսաստանն օկուպանտ է, եթե Ռուսաստանն օկուպանտ լիներ՝ վաղուց վերջ կտար Ուկրաինային, շատ արագ կվերջացներ այս պատերազմը: Իսկ Ռուսաստանը դա չի անում, որովհետև չի ուզում մեկ ավել զոհ անգամ, դրա համար էլ նրա առաջխաղացումը դանդաղ է, բայց՝ հիմնավոր: Այս պարագայում չեմ համարում, որ ռուսն օկուպանտ է, որովհետև ռուսը փորձում է անել այն, ինչ անում էր հայ ժողովուրդը: 

Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, չէ՞, ինքնորոշվեց և ուզեց անկախանալ, հիմա ինքնորոշման իրավունք ունի Դոնբասը, և նա ինքնորոշվել է և ուզում է անկախանալ, ինչը խոչընդոտում են ուկրաինական ազգայնականները, ռուսն էլ ասում է՝ ես թույլ չեմ տալիս, որ դուք շատ իշխեք, ուզում եմ, որ ուկրաինացիները կարողանան իրենց տեղում լինել, ես մտահոգված եմ Դոնբասում ապրող ռուսների համար, ես նրանց տերն եմ, որովհետև նրանց նկատմամբ ճնշում եք գործադրում: Այսքան բան:

– Ասում եք, որ Սովետական Միության դրոշներով միայն Ռուսաստանը կհաղթի, ինչո՞ւ ՌԴ-ի դրոշը, եթե ամրացրած լինեին տանկերին, չէի՞ն հաղթի:

– Ես ուղղակի ողջունեցի այդ քայլը, այն ինձ համար ուրախալի ու անակնկալ լուր էր: Ցավոք, դուք սովետական շրջանի դաստիարակություն չեք ստացել, սովետական ժամանակաշրջանում շատ բարձր էր դրված հայրենասիրությունը: Հայաստանի անհաջողություններն անցած պատերազմում հայրենասիրական դաստիարակության պակասից էին: 

– Բայց ներհայաստանյան որոշ կարծիքների համաձայն՝ 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտվեց իր դաշնակից ՌԴ-ի ոչ պատշաճ աջակցության պատճառով, պարո՛ն Մանուկյան:

– Այդպիսի կարծիք հայտնողները սնուցվում են ամերիկյան, եվրոպական կերակրամաններից: Նրանց խնդիրն է բոլորին տարանջատել՝ միավորելու փոխարեն: Այսօր կապիտալի աշխարհում որևէ ամրություն, բռունցք չես կարող ստեղծել, կապիտալի աշխարհը ցաքուցրիվ է, երբեք չես տեսնի, որ վաճառողները միմյանց հետ համախմբված լինեն, ամեն մեկն ուզում է մյուսին գցել: 

Համախմբվածությունը բանվորության և գյուղացիության մեջ է, սա է հանրահայտ, շատ տեղերում հաղթանակ տարած մուրճ ու մանգաղը, որտեղ մուրճը բանվորական ուժն է, մանգաղը՝ գյուղացիական: Սա է հաղթում չարիքին, իսկ չարիքն այսօր կապիտալի աշխարհն է, որով 30 տարի մեզ կերակրում են, փորձում են ապացուցել, որ լավն է, բայց առաջադեմ, մտածող մարդկությունը կարողանում է հակահարված տալ: 

Այս կապիտալի աշխարհին առաջին հակահարվածը Ռուսաստանից պետք է լինի, և առաջիկայում շատ բան կփոխվի, որովհետև Ռուսաստանի կողմից իրավիճակի ճշգրտումը, սա հաղթանակ չեմ կարող ասել, որովհետև ռուսը երբեք չի պատերազմում, կստեղծի այդ փոփոխությունների հիմքը:

– Դուք համաձա՞յն եք, որ Հայաստանը միութենական պետությանն անդամակցի:

– Կենտրոնական կոմիտեով այդ մասին որևէ քննարկում չենք արել, հետևաբար ասածս իմ անձնական տեսակետն է լինելու, որը կապ չունի կուսակցության կարծիքի հետ: Ես շատ ծանր եմ տարել Սովետական Միության փլուզումը, գուցե նրա համար, որ հեռատես մարդ էի և շատ լավ տեսնում էի, թե ինչի է հանգեցնելու այդ փլուզումը: 

Չնայած իր բազմաթիվ թերություններին, այնուամենայնիվ, Սովետական Միությունը ուներ շատ առավելություններ ու օգտակար էր: Ես Գորբաչովին համարում եմ Միության համար մեկ թշնամին, նա կապիտալի աշխարհին ծախված էլեմենտ էր, որին աշխարհը դեռ չի անդրադարձել, բայց ժամանակը կգա, ու նրան կդատապարտեն: 

Ես կողմ եմ միութենական պետությանը, բայց որ ասեմ միանգամից սոցիալիստական պետություն կստեղծվի՝ ո՛չ, բայց աստիճանաբար այն կլինի սոցիալիստական, աշխարհն է գնում դրան: Մենք էլ կլինենք դրա մասնիկը, որպեսզի ազատ ապրենք, որպեսզի կարողանանք ազատ շնչել, զարգանալ: Սովետական Միության հետ Հայաստանը ցանկացած բնագավառում զարգացել է ավելի շատ, և հայկական գիտության ու այլ ոլորտների հետ հաշվի էին նստում, դրա համար էլ ես հպարտացել եմ Սովետական Հայաստանով:

– Իսկ անկախ Հայաստանով չե՞ք հպարտացել, պարո՛ն Մանուկյան:

– Ես ընդհանրապես Հայաստանով եմ հպարտանում, այն իմ էությունն է, հպարտանում եմ ամեն ինչով, որտեղ կա «հայ» բառը: Իհարկե հպարտացել եմ, բայց անկախ Հայաստանի նվաճումներից, ցավոք սրտի, դժգոհ եմ, ավելի շատ բացթողումներ են, քան նվաճումներ:

– Հայաստանի կոմունիստական կուսակցության տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ ո՞րն է:

– Ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը նորից վերապրի սոցիալիստական արժեքների վեհ գաղափարը, կարողանանք աշխատանք տանել ժողովրդի հետ, որպեսզի նա վերապրի սոցիալիստական արժեքները սոցիալական հավասարության հետ: Մեր ընդհանուր գաղափարը սա է, ու մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանին մղենք դեպի միություն, որի մեջ մենք ապահով կլինենք: Հայաստանի մեջքը պետք է ամուր լինի, իսկ դրա համար միություն է հարկավոր, ուրիշ ոչինչ:

Ասեմ, որ մեզ շատ-շատ են դիմում անդամակցության համար, վերջին 3 տարում այդ մարդկանց թիվը շատանում է, բայց կոնկրետ թիվ չեմ կարող ասել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am