«Արցախում դպրոցները փակ են, գազով աշխատող հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացում կա, մարդիկ մտահոգ են». Արցախի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության նախագահ Դավիթ Գալստյանը

Պարո՛ն Գալստյան, մարտի 8-ից Արցախում գազամատակարարումը դադարեցվել է, ադրբեջանական կողմը խոչընդոտում է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները: Այս պահին ի՞նչ վիճակ է Արցախում, գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ընթացող բանակցություններից ի՞նչ տեղեկություն ունեք:

– Ես տեղյակ չեմ՝ բանակցություններ ընթանում են, թե չէ, բայց այս պահին տեղեկությունն այնպիսին է, որ դեռ աշխատանքներ չեն սկսվել, հետևաբար Արցախը շարունակում է գազազրկված մնալ: Եղանակային պայմաններն էլ գնալով ավելի են վատանում, Արցախում ևս ձյուն է տեղացել, միայն էլեկտրաէներգիայի հույսին ենք, դա էլ խնայողաբար ենք օգտագործում, որ ծանրաբեռնվածության հետևանքով լուրջ խնդիրներ չառաջանան:

Դեռ պարզ չէ, թե գազամատակարարումը երբ կվերականգնվի: Մարդիկ մտահոգված են, դպրոցները ջեռուցման պատճառով փակ են, հիմնարկներում էլեկտրաէներգիան խնայողաբար են օգտագործում, բնակչության շրջանում՝ նույն ձևով: Հասարակական այն տրանսպորտը, որ գազով էր աշխատում, ուղեվարձի որոշակի բարձրացում կա:

Իսկ անվտանգության առումով ի՞նչ վիճակ է, որովհետև տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանական զորքի կուտակումներ կան սահմանին:

– Այդ հարցով հստակ բան չեմ կարող ասել, քանի որ նման ինֆորմացիա չունենք, այն քաղաքացիները, որոնք նման ինֆորմացիա են տարածում, մի քիչ ճիշտ չէ: Եթե չկա հստակ ինֆորմացիա, նմանօրինակ ինֆորմացիա տարածելը լրացուցիչ խուճապ է ստեղծում, ինչից պետք է խուսափել:

Պարո՛ն Գալստյան, Ադրբեջանի այս գործողությունների նպատակը ո՞րն է:

 – Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նպատակները. նա Արցախն ուզում է տեսնել առանց հայերի, նրա հայատյաց ու ցեղասպան քաղաքականությունը գաղտնիք չէ, բայց չնայած դրան, մենք ապրում ենք մեր հայրենիքում, ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ արեց ճանաչել Արցախի անկախությունը, որովհետև մեր իրավունքների պաշտպանվածությունը մենք տեսնում ենք միայն այդ ճանապարհով:

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արտգործնախարարության մտադրությունը, որ հնարավոր է դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու հարցով: Դա ինչպե՞ս կանդրադառնա Արցախի հարցի կարգավորման վրա:

– Չգիտեմ՝ ինչ նկատի ունեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում ասելով, եթե նկատի ունեն, որ դա պետք է լինի Արցախից հրաժարվելու հաշվին, իհարկե բացասական:

Հաշվի առնելով, որ այսօր միայն Արցախի ճանաչումը վերջ կդնի այս հակամարտությանը, ես կոչ կանեի ՀՀ արտգործնախարարությանը և խորհրդարանին՝ ձեռնամուխ լինել Արցախի անկախության ճանաչման գործընթաց սկսելուն, դա շատ ավելի արդյունավետ կլինի, քան դիմել Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններ կարգավորելու հարցով: Ի՞նչ ակնկալիք ունեն, ես չեմ կարող հասկանալ, ինչպե՞ս պետք է կարգավորվի այն դեպքում, երբ քնած հային կացնահարողին այդ երկիրը հերոսացնում է:

Այսինքն՝ հնարավոր չե՞ք համարում, որ Ադրբեջանի հետ հնարավոր է նորմալ հարաբերություններ կամ, ինչպես Հայաստանի իշխանությունն է ասում՝ խաղաղության դարաշրջան բացել:

– Դա ցանկություն է ընդամենը. կա՛մ Ադրբեջանի պատմությունը լավ չգիտեն, կա՛մ հայոց պատմությունը: Ցեղասպանություն կազմակերպած ազգի հետ միակողմանի խաղաղություն չի լինում, ու Ադրբեջանի վարքագիծն այսօր, միանշանակ, խաղաղության դարաշրջանի վարքագիծ չէ, իսկ մեր կողմից դրա դեմ ի՞նչ է արվում, ցավոք սրտի, տեսանելի չէ:

Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, որ իրենք հայկական կողմին հինգ կետից բաղկացած առաջարկություններ են ուղարկել ու սպասում են պատասխանին, ինչպե՞ս եք գնահատում ու ինչ եք կարծում՝ ի՞նչ առաջարկներ կարող են լինել:

– Իմ խորին համոզմամբ՝ Արցախի հարցը փակելու հստակ առաջարկ կլինի Ադրբեջանի կողմից, իսկ թե ի՛նչ որոշում կկայացնի Հայաստանի իշխանությունը, չեմ էլ ուզում կանխատեսել, որովհետև այսօր նրանց վարած քաղաքականությունը, ըստ իս, հայանպաստ չէ:

Իսկ Արցախի իշխանության քայլերը որքանո՞վ են համարժեք այսօրվա իրավիճակին, որը տիրում է այդտեղ, պարո՛ն Գալստյան:

– Արցախում կա՞ իշխանություն, ես չեմ տեսնում: Կան իշխանական աթոռներ զբաղեցնող անձինք, բայց Արցախում այս պահին իշխանություն չկա:

Իսկ այդ դեպքում Արցախի խնդրներով ու հարցերով զբաղվողն ո՞վ է:

– Բոլոր հարցերն ուղղորդվում են դեպի խաղաղապահներ: Արցախում իշխանական աթոռ զբաղեցնող անձինք այսօր չեն կարող բանակցել, այս իշխանությունը՝ սկսած 2020 թվականի մայիսի 20-ից, պետականաշինության գործերում զբաղված է անգործությամբ, մնացած այլ հարցերում՝ ակտիվ է:

-Այսինքն՝ տեղի խնդիրների ու այլ հարցերի մասով իշխանությունը ռուս խաղաղապահների՞ն է մատնանշում:

– Այո՛:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am