Օր օրի խորացող վերահսկողության, կեղծ մանիպուլյացիաների դաշտում. Քննարկումներ` մտահոգությունների շուրջ

Օր օրի խորացող վերահսկողության, կեղծ մանիպուլյացիաների դաշտում. Քննարկումներ` մտահոգությունների շուրջ
Օր օրի խորացող վերահսկողության, կեղծ մանիպուլյացիաների դաշտում. Քննարկումներ` մտահոգությունների շուրջ

Հայաստանում իշխանությունների կողմից ժողովրդավարական ինստիտուտների վրա բացարձակ հսկողություն սահմանելը, դատական համակարգի, ԶԼՄ-ների անկախության սահմանափակումները, կոռուպցիոն հանցագործություններն ու մարդու իրավունքների խախտումները մտահոգությունների առիթ են դարձել քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների համար:
Նոյեմբերի 5-ին «Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրները և մարտահրավերները» թեմայով կազմակերպված հանրային քննարկմանը մասնակցող քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտներում ընդգրկված ներկայացուցիչները նշեցին, որ իշխանության կողմից նույն հսկողության տակ են ներառվում նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտները՝ ՀԿ-ները:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից անցկացված քննարկմանը մասնակցում էին ոչ միայն ՀԿ ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլեւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների եւ լրատվամիջոցների երկայացուցիչներ:

Քննարկման առանցքային թեմաներից մեկը ՀՀ հանրային խորհրդի կողմից օրեր առաջ ՀՀ նախագահին ներկայացված հայեցակարգն էր ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության վերաբերյալ: Հաշվի առնելով տիրող վիճակը եւ միտումները, նախատեսվում է կառավարության քննարկմանը ներկայացնել նոր հայեցակարգ, որը հստակ կսահմանի եւ կընդգծի ՀԿ-ների, ԶԼՄ-ների դերն ու տեղը:

Խոսելով քաղաքացիական հասարակության առջև ծառացած խնդիրների մասին` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց երկու պատճառ.

«Առաջին՝ իսկապես գոյություն ունի կայացած, անկախ, մտածող, գործող քաղաքացիական հասարակության մի խումբ, որն իրականացնում է քաղաքացիական հասարակության առաքելությունը, այն է` լինել հակակշիռ պետության և հասարակության միջև: Սկսում է կայանալ մի ուժ, որն իսկապես կարող է քննադատաբար մոտենալ իրավիճակին, առաջարկել լուծումներ և կարող է մարտահրավեր լինել իրականացվող քաղաքականությանը»,- ասում է Ամիրյանը:

Ըստ նրա՝ երկրորդ պատճառն այն է, որ շատ ծրագրերի իրականացման ժամանակ միջազգային կազմակերպություններն ուզում են տեսնել քաղաքացիական հասարակության ներկայությունը` որպես ժողովրդավարության կայացման գործոն:

Համեմատելով խորհրդային ժամանակաշրջանի հասարակության հետ՝ քննարկման մասնակից, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ քաղաքացիական հասարակությունը տարբերվում է իր անկախությամբ, քաղաքական դիրքորոշմամբ և պետական կցորդ չլինելով:

Սակայն այսօր, ըստ քաղաքացիական հասարակության կառույցները ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչների, իշխանությունների կողմից փորձ է արվում վերահսկողություն սահմանելու նաև այդ կառույցների վրա:

«Համակարգված, քայլ առ քայլ, ըստ ոլորտների, օրենսդրական մակարդակով փորձ է արվում ստեղծել ցանկացած հասարակական նախաձեռնության նկատմամբ վերահսկողություն, այսինքն` կառավարելի դարձնել կարծիքների, վերաբերմունքի կամ վերահսկողության բոլոր գործառույթները: Բայց քաղաքացիական հասարակության հիմնական խնդիրը իշխանություններով զբաղվելն է, այսինքն` վերահսկողություն իրականացնել իշխանության գործառույթների նկատմամբ»,- ասաց քննարկման մասնակից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանն իր փորձի եւ փաստերի վրա հիմնվելով, նշեց, որ ՀՀ-ում կա ընտրողական արդարադատություն և ընտրողական վարչարարություն, որոնց մեխանիզմները փորձ են անում կիրառել «այսպես կոչված, գրանտակերների, հայրենիքի դավաճանների, պետական շահերի դեմ հանդես եկողների դեմ, որոնք բարձրացնում են հարցեր, որոնք վերաբերում են իշխանության մարմինների կողմից կոռուպցիոն հանցագործություններին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, որոնք հանդիսանում են Սահմանադրության նորմերի խախտում»:

Իրավապաշտպանը մատնանշեց, որ քաղաքական դաշտը կառավարելի դարձավ հետապնդումների, կաշառքների և տոտալ մանիպուլյացիաների միջոցով, և միակ բաց տեղը մնացել են քաղաքացիական ակտիվ ինստիտուտները:

«Պուտինյան այդ կառավարելի ժողովրդավարության ֆենոմենը նաև այստեղ են ուզում իրականացնել, սակայն մենք չենք հանդուրժելու, որ օրենսդրորեն, ոչ իրավական օրենսդրական նորմերով միջամտություն կատարվի քաղաքացիական հասարակության գործունեության դաշտում»,- հավելեց Սաքունցը:

Քննարկման մասնակից, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը նույնպես, անդրադառնալով քաղաքացիական հասարակության ինստիտուտների վրա վերահսկողություն սահմանելուն, մատնանշեց մասնավորապես կրոնական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները:

«Իշխանությունը, ունենալով տնտեսական և քաղաքական մենաշնորհ, այսօր շարունակում է խորացնել այդ մենաշնորհը նաև մյուս ոլորտներում` և´ հոգևոր դաշտը, որի մեջ մտնում են կրոնը, մշակույթը, քաղաքացիական դաշտը, և´ մտավոր դաշտը, որի մեջ մտնում են ԶԼՄ-ներն ու ակադեմիական շրջանակները: Օր օրի խորանում է վերահսկողությունը ԶԼՄ-ների վրա, ստեղծվում է կեղծ մանիպուլյացիաների դաշտ: Բարոյազրկում են հասարկությունը մամուլի և հեռուստատեսության միջոցով, և դա մտածված քաղաքականություն է»,- ասաց Դանիելյանը:

Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ հանրային խորհրդի անդամ, ՔՀԿՀ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով լսելով մասնակիցների վեր հանած խնդիրներն ու հայեցակարգին վերաբերող անհասկանալի կետերը, փորձեց պարզաբանումներ մտցնել:

«Քաղաքացիական հասարակության սաղմերը Հայաստանում կան, բայց դրանց զարգացման տեսլականը չկա: Մենք «գույքագրել» ենք բոլոր պրոբլեմները, որոնք բարձրացվել են վերջին 4 տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության կառույցների կողմից և, դասակարգելով այդ խնդիրները, փորձել ենք տալ դրանց որոշակի լուծումներ, նախանշել ենք ուղղությունները մեթոդաբանական իմաստով՝ նկատի ունենալով միջազգային փորձը, մեր տեղական ռեսուրսը և մեր հայաստանյան խնդիրները»,- ասաց Հովհաննիսյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am