«Այդ չորս օրերին ավելի շատ արկ է խփվել, քան պատերազմի ողջ ընթացքում, մենք մոտ 100 զոհ ունեցանք, իրենք՝ 2500-4000»․ Դավիթ Բաբայան

«Այդ չորս օրերին ավելի շատ արկ է խփվել, քան պատերազմի ողջ ընթացքում, մենք մոտ 100 զոհ ունեցանք, իրենք՝ 2500-4000»․ Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

– Պարո՛ն Բաբայան, այսօր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերթական տարելիցն է: Եթե հետահայաց դիտարկենք, ինչո՞ւ տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան:

– Տեղի ունեցավ մի շարք պատճառներով. նախևառաջ՝ Ադրբեջանը երբևէ չի թաքցրել, որ ուզում է և հակված է հակամարտության ուժային տարբերակով կարգավորմանը: Ադրբեջանը միշտ դրա մասին խոսում էր, հետևաբար սա ինչ-որ տեղ սպասելի զարգացում էր, և մենք իհարկե այդ ամենին պատրաստ էինք, որովհետև ակնհայտ էր, որ ամեն ինչ գնում էր նման բախման, հատկապես եթե հաշվի առնենք, որ 2015-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից նրանք կտրուկ ավելացրել էին զինադադարի ռեժիմի խախտումների որակը, քանակը, ագրեսիվ քաղաքականությունը:

Հետևաբար, սա շատ կանխատեսելի էր: Իսկ թե ինչո՛ւ նրանք դիմեցին այդ քայլին, կրկնում եմ՝ սա նախևառաջ նրանց տեսլականն էր, երկրորդ՝ նրանք մտածում էին, թե մենք թույլ ենք, որ սերնդափոխություն է տեղի ունեցել, եկել է նոր սերունդ, սոցիալական ցանցերի սերունդ, որի համար հայրենասիրությունը միգուցե այնպիսի արժեք չէ, ինչպիսին եղել է իրենց ավագ սերնդի համար: Ահա այսպիսի թյուր կարծիք էր, և փորձել էր պարզապես բլից կրիգի միջոցով վերջնականապես կարգավորել խնդիրը:

– Դուք նշում եք՝ մենք պատրաստ էինք, բայց չէ՞ որ 800 հեկտար տարածք կորցրինք:

– Սա գալիս է նրանից, թե մենք ինչպես ենք վերլուծում: Եթե օբյեկտիվ ենք վերլուծում, հետևյալն է. եթե խոսենք միայն հեկտարների մասին, որ կորցրել ենք 800 հեկտար, սա կլինի շահարկում և ոչ օբյեկտիվ վերլուծություն: Որովհետև պետք է հասկանանք՝ ի՛նչ էր ուզում հակառակորդը, իսկ հակառակորդը 800 հեկտար չէր ուզում:

Հակառակորդի ծրագիրն այն էր, որ մինչև ապրիլի 24-ն ամբողջությամբ Արցախի Հանրապետությունը կործանված լինի, որ Ստեփանակերտում և Շուշիում լինեն ադրբեջանցիներ, որ Մեղրին գրավված լինի, որ Նախիջևանի հետ ընդհանուր սահման լինի: Հակառակորդի ծրագիրը հենց սա է, որովհետև 22 տարի պատրաստվել երկու բարձունքի համար՝ սա ծիծաղելի է, ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ: Եվ մենք պետք է ախտորոշումը տանք, թե ի՛նչ է տեղի ունեցել:

Պատերազմն ունի իր կանոնները, չի լինում այդպիսի բան, որ պատերազմում կորուստներ չլինեն, անդառնալի կորուստներ: Եվ հիմա եթե հակառակորդը նպատակ է դրել կործանել մեզ, 22 տարի պատրաստվելով հարձակվել է, վերցրել է 4-5 բարձունք, հետո երեքը հանձնել է, 2-ն են միայն իր մոտ մնացել: Ինչ է, 4-5 հազար զոհ տալը 2 բարձունքի համա՞ր էր: Ուրեմն սա օբյեկտիվ չէ, սա շահարկում է, ես չեմ ուզում, որ մենք այդպես անենք, որովհետև, ի վերջո, լրիվ այլ խնդիր պետք է լուծվեր: Նրանց նպատակն Արցախի կործանումն էր, որին իրենք չհասան մեր խիզախ տղաների շնորհիվ, մեր միասնականության շնորհիվ:

Եթե օբյեկտիվ վերլուծենք, պատմության մեջ գրեթե չեն եղել բլից կրիգի փորձեր, եղել են շատ հազվադեպ, որոնք խորտակվել են հենց սկզբից: Ֆաշիստական Գերմանիան մի քանի ամսվա ընթացքում հասել է Մոսկվա, 14-15 օրում գրավել է Փարիզը, ամերիկացիները մխրճվել են Իրաք, վերցրել են Բաղդադը: Եվ Ադրբեջանը, այդքան բան ծրագրելով, ինչի՞ է հասել:

Հո այդքանը չէր ծրագրել, որ ասեր՝ տեսեք՝ բարձունք եմ վերցրել: Եվ միայն դրանով վերլուծել ճիշտ չէ: Այստեղ մի քանի կատեգորիայի մարդիկ կան, մարդիկ, որոնք իսկապես ցավագին են ընդունում այդ երկու բարձունքների կորուստը, բոլորս ենք ցավոտ ընդունում, բայց կան մարդիկ, որոնք հասկանալով կամ չհասկանալով, թերագնահատում են այդ ամենը: Եվ սրան նպաստում է նաև հակառակորդը, որպեսզի մեր փայլուն հաղթանակը, որ կործանեց 22 տարվա իրենց պատրաստած բլից կրիգը, չեզոքացնի: Եվ մի՞թե տղաները, որ զոհվել են, դրան են արժանի, որ մենք նման կերպ գնահատենք:

– Իսկ պատասխանատվության ենթակվողներ արդյոք բավարար թվո՞վ եղան: Դուք խնդիր չե՞ք տեսնում, որ պատասխանատվության ենթարկվողներ չեղան:

– Այսինքն՝ պատասխանատվության ենթարկվեն, որ պաշտպանե՞լ են Արցախը, որ չե՞ն թողել Ստեփանակերտը գրավեն, պատասխանատվության պետք է ենթարկվեն Ալիևը և իր հանցավոր ռեժիմը, իսկ եթե եղել են թերացումներ, իսկ թերացումներ, իհարկե, կան, դրանց մի մեծ մասը շտկվել է:

Զարգանում է ամեն ինչ: Եվ պետք է հասկանալ, որ սա բոլորովին նոր պատերազմ էր, քան առաջին Արցախյան պատերազմը, սա բարձր տեխնոլոգիական պատերազմ էր: Եվ այդ չորս օրերի ընթացքում ավելի շատ արկ է խփվել, քան պատերազմի ողջ ընթացքում: Մենք օրը տալիս էինք 30 զոհ, մոտ 100 զոհ ունեցանք, մեզ համար դրանք անդառնալի կորուստներ են, իրենք տվել են 2500-4000, հստակ չգիտենք: Հիմա պատերազմի որակը փոխվել է, պատերազմը արյուն է, տառապանք, սա մարդկության պատմության ամենազզվելի երևույթներից մեկն է, մենք ինչ անենք, մենք չենք կարող պատերազմի կանոններն անտեսել:

– Այսօր իր դիմումի համաձայն ծառայությունից հեռացավ ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին։ Զուգադիպե՞ց այսօրվա քառօրյա պատերազմի տարելիցի հետ, թե՞ կապ կա:

– Այստեղ կապ չկա, որովհետև նախևառաջ երեք տարի է անցել, երկրորդ՝ այդ մարդը թոշակի է անցնում սեփական դիմումի համաձայն, և այստեղ որևէ կապ չկա ապրիլյան պատերազմի հետ: Ավելին՝ բոլոր այն տղաները, որոնք մեծ դեր ունեն հաղթանակի կերտման գործում, նրանք շարունակում են լինել հայրենիքի պաշտպանների շարքում, և Աստված մի արասցե, եթե վտանգ լինի, բոլոր այդ վետերանները կանգնելու են, ինչպես դա եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ:

Մանե Հարությունյան

MediaLab.am