«Անգրագիտություն է իշխանության հայտարարությունը, որ արցախյան հարցը տարածքային հարց չէ». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, գործադիրի այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ընդունելի է համարում Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը, ու դրա մասին տեղեկացրել են ադրբեջանական կողմին: Ձեզ համար ընդունելի՞ են այդ կետերը, ու այդ համատեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք գործադրի ղեկավարի այս հայտարարությունը:

– Ադրբեջանի ներկայացրած կետերը միջազգային հարաբերություններում պետությունների միջև հարաբերությունների հիմքում դրվող սկզբունքներն են: Մինչև արցախյան հարցը չկարգավորվի, անհնար է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, որովհետև այս պետությունների միջև պատերազմը սկսվել էր հենց Արցախի կարգավիճակի, ավելի ստույգ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ եղած վեճի պատճառով:

Ադրբեջանի առաջարկը՝ թողնել Արցախի կարգավիճակի հարցն ու հարաբերությունները կարգավորել առանց դրա, չի կարող Հայաստանի համար ընդունելի լինել: Ադրբեջանի այս մոտեցումը ընդունելի չէ նաև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համար, բայց ընդունելի է Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից:

Նիկոլ Փաշինյանը համառորեն առաջ է տանում այն թեզը, որ առանց Արցախի կարգավիճակը որոշելու հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատել՝ անտեսելով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները: Սա ռեալ պոլիտիկի տեսանկյունից իրատեսական չէ, թեպետ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են նման կարգավորմանը, բայց դա բավարար չէ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվեն խաղաղ հարաբերություններ: Այս հանգամանքի անտեսումը կարող է Հայաստանի և Ադրբեջանի համար ծանր հետևանքներ բերել:

Իմ համոզմամբ՝ այս պլատֆորմն ի սկզբանե ապագա չունի: Որևէ առարկայական պատճառաբանություն՝ ինչո՞ւ Արցախի կարգավիճակը չպետք է հիմա կարգավորել, այլ թողնել ապագա սերունդներին, գոյություն չունի: Մարդու իրավունքների հռչակագրից բխում է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, որ իր միջազգային կարգավիճակը լինի ճանաչված, ու արցախահայության օրինական իրավունքն է այդ կարգավիճակի հարցում հասնել հստակության:

Իշխանությունը հայտարարում է, որ արցախահայության բոլոր իրավունքների պաշտպանությամբ ինքը զբաղվելու է, ու նշում է, որ արցախյան հարցը տարածքային հարց չէ, ինչը խորհրդարանական ընդդիմությանը ենթադրել է տալիս, որ գործող իշխանությունը պատրաստ է ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Իշխանության պնդումը, որ արցախյան հարցը տարածքային հարց չէ, դուք ինչպե՞ս եք ընկալում և մեկնաբանում:

– Դա անգրագետ հայտարարություն է. Արցախի խնդրի կարգավորման հարցն իր մեջ պարունակում է նաև տարածքային բաղադրիչը: Մենք միշտ լսել ենք, որ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում գոյություն ունի յոթ շրջան, որտեղ 1993 թվականին ձևավորվել էր անվտանգության գոտին:

Բայց կա նաև ութերորդ շրջանը, որը հարակից է նախկին ԼՂԻՄ-ին՝ Շահումյանի շրջանը, որտեղ նախկինում ապրած բնակիչների իրավունքները որևէ բանով չեն զիջում Ջաբրայիլի, Աղդամի, Ֆիզուլիի բնակիչների իրավունքներին: Հետևաբար, գոյություն ունի Շահումյանի շրջանի հարցը, որը տարածքային հարց է, այսինքն՝ դա վերաբերում է ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքի կարգավիճակի հարցին, այլ նաև՝ Արցախի Հանրապետության տարածքներին:

Անտեսել, որ կա տարածքային բաղադրիչ, անհնար է, առավելևս անհնար է, որովհետև կարգավորման բոլոր առաջարկները ենթադրում են, որ Ադրբեջանը պետք է Արցախին զիջի Հայաստանի հետ ամուր ու երաշխավորված կապ ստեղծող միջանցք, այսինքն՝ տարածքային հարցերը մշտապես ներառված են եղել Արցախի հարցի կարգավորման առաջարկվող փաթեթներում, առնվազն Լաչինի միջանցքի տեսքով ու Շահումյանի շրջանի մասով:

Անտեսել խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող այս հանգամանքները, ամբողջական չմոտենալ հարցին, նշանակում է զիջել հայ ժողովրդի օրինական շահերը: Որևէ կառավարություն, որը գնում է այս ճանապարհով, հայտնվում է մի վտանգավոր տիրույթում, որտեղ պետք է շատ հստակ հիմնավորի, թե ինչո՞ւ է իրավունքի վրա հիմնված շահերը անտեսում: Այս ամենի անտեսումը ազգային շահերի դավաճանություն է:

Պարո՛ն Ղուկասյան, այնուամենայնիվ, կարծում եք, որ գործող իշխանությունն իսկապե՞ս պատրաստ է ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում:

– Եթե Հայաստանի ղեկավարությունն ընտրի ազգային շահերի դավաճանության ուղին և փորձի իրականացնել Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագիրը, որին աջակցում է Ռուսաստանը, ապա դա ունենալու է հետևանքներ, որոնք կարտահայտվեն նրանով, որ, օրինակ՝ Ֆրանսիան և այլ պետություններ կճանաչեն Արցախի Հանրապետությունը:

Այսօր Ֆրանսիան ու ԱՄՆ-ն սահմանափակված են փաստով, որ հանդիսանում են հակամարտության կարգավորման միջնորդ կողմ ու չեն կարող նման քայլի գնալ, բայց եթե Հայաստանն իր գործողություններով տապալի Մինսկի խմբի ձևաչափը, ապա կլինեն համապատասխան քայլեր կոլեկտիվ Արևմուտքի կողմից, որոնք Հայաստանի կառավարության համար կստեղծեն շատ բարդ իրավիճակ:

 – Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն իրատեսական համարո՞ւմ եք այս պարագայում:

– Իշխանության հայտարարած կուրսը, որ Թուրքիայի քաղաքական ծրագրի հիման վրա կարելի է կարգավորել հայ ժողովրդի գոյության, զարգացման, անվտանգության հարցերը, սուտ, կեղծ պլատֆորմի վրա հենվող քաղաքական դիրքորոշում է: Այսօրվա կառավարության դիրքորոշումը պարզ է. Ռուսաստանն օժանդակեց Նիկոլ Փաշինյանի կառավարության վերարտադրությանը Հայաստանում՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սպասարկելու է այդ ծրագիրը:

Եթե մենք համեմատենք Նիկոլ Փաշինյանի հայացքները մինչև իշխանության գալը, մինչև պատերազմը, ապա սար ու ձորի տարբերությունն ակնհայտ է: Պատկերացումը, որ Հայաստանի իշխանությունը մանդատ ունի ժողովրդի կողմից, այսօրվա գոյություն ունեցող միջազգային հարաբերությունների իրավիճակում զրո է:

 – Պարո՛ն Ղուկասյան, պատերազմական գործողությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք ՀՀ սահմանին, ինչու չէ՝ նաև Արցախում:

– Ո՛չ, պատերազմական գործողություններն առհասարակ, 44-օրյա պատերազմը հնարավոր դարձան Հայաստանի իշխանությունների ցանկությամբ: Իշխանությունները որևէ քայլ չեն արել դրանից խուսափելու համար, որևէ միջազգային մեխանիզմ չեն գործածել այն կասեցնելու համար, Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ցանկանում էր, որ այդ պատերազմը լինի, հույս ունեին, որ այդ պատերազմում հաջողության կհասնեն:

Այդ պարտությունից հետո իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ կնքեց այդ գործարքը, որի մասին արդեն ասացի: Այսօր նրա կառավարության կարգավիճակը միջազգային հարաբերությունների տիրույթում դիտարկվում է որպես պրոքսի ռեժիմ, որը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից: Նա ո՛չ միջազգային հարաբերություններում, ո՛չ երկրի ներսում կառավարման տեսանկյունից որևէ ռեսուրս չունի՝ Հայաստանի զարգացումն առաջ տանելու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am