«Հինգ կետերից բաղկացած ադրբեջանական առաջարկը չի կարող երբևէ համարվել մեր երազանքի հանգրվանն Արցախի հարցում». Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը

Պարո՛ն Խաչատրյան, խորհրդարանական ընդդիմության երեկվա հանրահավաքի վերաբերյալ ձեր գնահատականն եմ խնդրում: Որքանո՞վ են իշխանությունն ու ընդդիմությունը գործում ստեղծված իրավիճակին համապատասխան:

– Այնքան հակասական զգացողություններ են առաջանում, երբ հարթակում տեսնում եմ Արցախը փրկելու ջատագովությամբ զբաղված մարդկանց, որոնք առնվազն 25 տարի լինելով իշխանության մեջ՝ իրենց բոլոր քայլերով մեզ հասցրել են այս աղետին:

Իսկապես, շատ դժվար է գնահատական տալ երեկվա հանրահավաքի կոչերին, ելույթներին, որովհետև մենք տեսանք, թե ինչ եղավ, երբ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մակարդակում մարդիկ տարիներ ի վեր համառորեն կեղծում էին պատմությունը, իրողությունները, տուրք էին տալիս այդ կեղծ հայրենասիրությանը կամ, ինչպես ընդունված է անվանել՝ ոչմիթիզականությանը:

Երեկ հրապարակում փորձում էին ցույց տալ, որ Հայաստանն ու Արցախը փրկելու մտահոգություն ունեն, կարծես թե իրենց ձեռքն էին ուզում վերցնել Արցախի ու Հայաստանի փրկությունը:

Նորից եմ ասում՝ հակասական զգացողություններ են առաջանում, երբ այդ պատկերը տեսնում ես: Պետք է արձանագրել, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Արցախյան շարժումը բերեցին, հասցրեցին մի մայրամուտի, որի ապագան այնքան մշուշոտ է, որ այսօր ինչ-որ բան այդ առումով ասել, կարծում եմ, կդժվարանա ցանկացած քաղաքական գործիչ ու մեկնաբան:

Այս մարդիկ նախ՝ գոնե մեկ անգամ պետք է ներողություն խնդրեին իրենց, այսպես ասած, չարածների համար, որից հետո գուցեև կարողանային հանդես գալ ինչ-որ առաջարկներով կամ քայլեր անելու կոչերով: Մենք կանգնած ենք երկրորդ աղետի առջև, որի պատճառներից մեկն էլ երեկվա հարթակի ուժերն են:

Իսկ իշխանության գործելաոճն ինչպե՞ս կբնութագրեք այս իրավիճակում:

– Այդ մասին բազմիցս ենք խոսել, մենք չենք հասկանում՝ ի՛նչ է անում իշխանությունը: Ցավով ուզում եմ արձանագրել, որ հինգ կետերից բաղկացած ադրբեջանական առաջարկը չի կարող երբևէ համարվել մեր երազանքի հանգրվանն Արցախի հարցում, դա 2020 թվականի պատերազմի շատ ծանր հետևանքներից մեկն է:

Ես սարսափով էի նայում, թե Հայաստանի խորհրդարանի նախագահը ոնց էր թափահարում այդ հինգ կետերը Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի դեմքին, ու այնպիսի տպավորություն էր, որ դա մեր հաղթանակն է, ու մենք դրանով հպարտանում ենք: Դրանից հետո գնահատել այս իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում կամ առհասարակ՝ անհնար է:

Կոնկրետ այդ հավաքում մենք սարսափելի պատկերի ականատես եղանք, երբ մեր պարտությունը թափահարվում էր՝ որպես դրոշակ, իրականում ողբերգությունը հետևյալն է, որ այդ քայլով ցույց էր տրվում, որ Հայաստանը համաձայն է Ադրբեջանի ցանկացած առաջարկին ու պահանջին: Թե ինչ կլինի հետագայում, դժվար է ասել, որովհետև ամեն ինչ այնպիսի մշուշի մեջ է, որ ուղղակի անհասկանալի է, թե ինչ կարող է կատարվել մեկ շաբաթ անց:

Գործընթացներին, ելույթներին հետևելով՝ որքանո՞վ եք հավանական համարում, որ գործող իշխանությունն Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում:

– Չգիտեմ, թե իշխանությունն ի՛նչ ու ինչպե՛ս է մտադիր անել, բայց այն հռետորաբանությամբ, այն, ինչը հրապարակային է, ցույց է տալիս մի բան, որ իշխանությունը պատրաստվում է գնալ ցանկացած պահանջի ու առաջարկի կատարման:

Եթե այդ պահանջը եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, սկսում եմ ենթադրել, որ առաջիկայում ականատես կլինենք այդ փաստաթղթին, որովհետև իշխանությունն իր հռետորաբանությամբ, գործողություններով այլ բան ցույց չի տալիս:

Ղարաբաղում առկա անհանգստությունները ևս մտահոգվելու առիթ են տալիս, ընդ որում՝ շատ ավելի ցավալի բան եմ նկատում, դարձյալ այս կոնտեքստում: Մենք նորից ոչ ռացիոնալ խոսքի ականատես ու ունկնդիր ենք լինում, ու այստեղ էլ ներքին վտանգներ ունենք, որովհետև այն, ինչ եղավ, կարծես թե նորից դաս չի եղել:

Նորից գնում են անկախության ճանաչման հետևից, վերջերս Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը մի օրենք ընդունեց՝ օկուպացված տարածքների վերաբերյալ, մենք նորից գնում ենք այնտեղ, որտեղ եղել ենք, ու որը մեզ կանգնեցրել է աղետի առջև:

Ամբողջ այս դաշտում չենք տեսնում ռացիոնալիզմի հատիկ, երկու ծայրահեղությունների մեջ ենք՝ մի կողմից ականատես ենք լինում «ամեն ինչ կտամ»-ի, մյուս կողմից՝ «ամեն ինչ ուզում եմ»-ի: Այստեղ ռացիոնալ մտածող մարդն իրավացիորեն ընկնում է անհանգստությունների ու մտահոգությունների դաշտ:

– Ճի՞շտ եմ հասկանում, որ Արցախի Ազգային ժողովի կողմից օկուպացված տարածքների մասին օրենքի ընդունումը սխալ եք համարում: Արցախում ներկա իրավիճակի ընկալումն ինչպիսի՞ն է ձեր գնահատմամբ, այնտե՞ղ էլ իրադարձությունների ռեալ ընկալման խնդիր կա:

– Ամբողջ հարցն այն է, որ սա ֆենոմեն է, անընդհատ չսովորելը արդեն ֆենոմեն է դարձել: Ո՞նց կարելի է անընդհատ սխալվել, սայթաքել ու նորից չսովորել: Սրանք այն մարդիկ են, որ նոյեմբերի 9-ի աղետից հետո անգամ չեն հասկացել, թե այդ աղետն ի՞նչ պատճառով եղավ: Լավագույն դեպքում՝ չեն հասկացել, իսկ վատագույն դեպքում հասկանալով՝ ուզում են նորից տանել նոր աղետների:

Իհարկե սխալ էր այդ օրենքի ընդունումը: Արցախի Ազգային ժողովի խմբակցություններից մեկի քարտուղարի գրառումները, հարցազրույցներն եմ կարդում ու չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է պայքարել, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, հասկանո՞ւմ եք՝ չկա գեոպոլիտիկա, չկա Հայաստանի իշխանություն, չկա Արցախի տեղական իշխանություն, ու կա Տեր-Պետրոսյան:

Երբ Արցախի ԱԺ պատգամավորը Հայաստանի առաջին նախագահին վերագրում է, որ, իբրև թե, Տեր-Պետրոսյանը Արցախը հանձնելու կամ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու քաղաքականություն էր վարում, Արցախյան շարժման ամբողջ տրամաբանությունը քանդվում է, մեր բոլոր հնարավորությունները փակվում են դրանով, որովհետև եթե հիմա հասկանային, թե ժամանակին ինչն են սխալ արել, ու այժմ փորձեին դրանք ուղղել, գուցե թե մենք ունենայինք որոշ հնարավորություններ, բայց հիմա նորից գնում են ռացիոնալիզմը, դիվանագիտական կարգուկանոնը մերժելու օրակարգի հետևից:

Այդ ազգակործան աղետի պատճառով մենք կորցրել ենք մեր գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ բանակը, որով դիվանագիտական մանևրների հնարավորություն ունեինք, մենք կորցրել ենք փոխզիջման հնարավորությունը:

Արցախյան խնդրի լուծման 97 թվականի առաջարկած տարբերակը հաղթանակ էր լինելու Արցախի համար, որովհետև մենք ունենալու էինք ազատ Արցախ: Կարծում եմ, որ լավրովյան պլանի դեպքում, որը էականորեն զիջում էր 97 թվականի պլանին, այնուամենայնիվ, ունենալու էինք ազատ ու ապահով Արցախ:

Մենք կորցրել ենք մեր ամբողջ գործիքակազմը, դրան հասնելու պատմական շանսը: Մեր գործող իշխանությունը մինչև վերջ չհասկացավ այդ շարժման գլխավոր խնդիրները, ու երբ անընդհատ ստատուսից խոսեցին ու այդպես էլ չկարողացան ընկալել, թե ինչ բան է այդ ստատուսն իրականության մեջ, ու գնացին իրենց երազանքների ստատուսի հետևից… տեսանք, թե ուր հասանք:

Ես ոչ մի լավատեսություն չունեմ, բայց դա իհարկե չի նշանակում, որ մենք ոչինչ չունենք անելու, ընդհակառակը՝ ունենք գլխավոր խնդիրը՝ Արցախը պահել հայկական, սա ամենակարևոր ու գլխավոր խնդիրն է: Ամեն ինչ անել, որպեսզի արցախցիներն ապրեն Արցախում: Որպեսզի արցախցիներն անվտանգ ապրեն Արցախում, պետք է նրանք շատ լինեն Արցախում, որպեսզի շատ լինեն այնտեղ, պետք է Հայաստանը ահռելի ջանքեր գործադրի՝ թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական առումով՝ միաժամանակ չմոռանալով գլխավոր երաշխավորի՝ բանակի մասին:

Պարո՛ն Խաչատրյան, երբ օրերս առաջին նախագահը հյուրընկալել էր Արցախի Հանրապետության նախագահին, Արցախում ու Հայաստանում դա տարատեսակ քննարկումների տեղիք տվեց: Ինչ եք կարծում, ինչո՞ւ այդ հանդիպումը քննարկման առիթ հանդիսացավ, ու ինչո՞ւ են մինչ օրս ոմանք շարունակում պնդել, որ Նիկոլ Փաշինյանը իրականացրել ու շարունակում է իրականացնել Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերը՝ Արցախի մասով:

– Այն, որ Տեր-Պետրոսյանի ցանկացած հրապարակային հայտարարություն, խոսք, նաև այս տեսակ հանդիպումներ բուռն արձագանքների են արժանանում, մենք դրան սովորել ենք: Իսկ դա այդպես է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գործ ունենք:

Ինչ վերաբերում է այդ պնդումներին՝ այս աղետը ովքեր բերել են մեր երկրի գլխին, իրենց արդարացնելու համար են նման պնդում անում: 98 թվականից սկսած մինչ օրս մենք անընդհատ գնում ենք նոր աղետի, անընդհատ գնում ենք դեպի արկածախնդրություն: Նիկոլ Փաշինյանը չի կարող Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերն իրականացնել առնվազն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրականացրել է Տեր-Պետրոսյանի ծրագրերին 100%-ով հակառակ ծրագիրը:

Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթական պատերազմն ավարտելուց հետո բոլոր ջանքերը գործադրել է խաղաղ ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծելուն ու երբևէ չի վախեցել ճշմարտությունն ասելուց: Առաջին նախագահը երբեք չսկսեց ինչ-որ զրոյական կետերից, որովհետև գիտեր Ղարաբաղյան շարժման ամբողջ պատմությունը ու գիտի խնդրի բուն էությունը, իսկ Հայաստանում շատ քչերը կան, որոնք գիտեն ու հասկացել են այդ ամենը:

Բացառված կլիներ որևէ լուծում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որը մեկ միլիմետր անգամ մոտ կլիներ այն լուծմանը, որին մեզ բերեց Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, հասարակության մեջ հարցի լուծման ավելի շատ քոչարյանական, սերժսարգսյանական, փաշինյանական կողմնակիցներ են: Նորից նույն մաքսիմալիզմը, նույն անհեռատեսությունը, որը որևէ կերպ չի առնչվում այն լուծման տարբերակների հետ, որոնք երբևէ առաջարկել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այնպես որ, մարդիկ, որոնք ասում են՝ Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչ ուզում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ամենամեծ աբսուրդն է, որին կարելի է առնչվել:

Զուգահեռներ անցկացնելիս անամոթաբար ասում են, որ ՀԱԿ-ը կամ Հայոց համազգային շարժումը ևս խոսում էր խաղաղությունից՝ հողերը տանք՝ խաղաղություն հաստատվի: Այդ հողերը, որ ասում էինք, չէր վերաբերում, օրինակ՝ Գորիսի շրջանի Որոտան գյուղին, որտեղ այսօր ադրբեջանական հենակետ է դրված, չէր վերաբերում Կապանին, Վարդենիսի այն տարածքներին, որտեղ այսօր ադրբեջանցիներ են, չէր վերաբերում Շուշիին, Հադրութին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի այն տարածքներին, որոնք Ղարաբաղի ճանաչված սահմաններ են եղել: Իսկ իրենք այդ ոչմիթիզականությունը տարածեցին Աղդամի վրա, Ֆիզուլու, Ջաբրայիլի վրա, ու այստեղ է գլխավոր տարբերությունը:

Իրական ոչմիթիզականը, եթե ուզում եք իմանալ, մենք ենք, որովհետև մեր պատկերացրած թիզը Հայաստանն ու Արցախն է ու նրա անվտանգությունը, որովհետև 97 թվականի լուծմամբ ոչ միայն ԼՂԻՄ-ն էր ամբողջությամբ մնում, ոչ միայն Հայաստանն էր մնում, այլև ստեղծվում էր բավականին լայն անվտանգության ու անջատիչ գոտի, որով մենք ունենում էինք ապահով ու անվտանգ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության սահման՝ ամբողջությամբ անվտանգ:

Հենց այս կարևոր նկատառմամբ ենք մենք տարանջատվում բոլոր այն ուժերից, որոնք այսօր խոսում են այդ նմանության մասին: Բոլոր այն ուժերը, որոնք երբևէ պաշտպանել են ոչմիթիզականությունը, չեն կարող Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի հետևորդ կամ հոգեզավակ լինել: Հիշե՛ք հրաժարականի տեքստը, այդ հրաժարականի օրը սահմանագիծ էր, դրանից հետո Հայաստանում չի եղել որևէ ուժ, որը մտածել է Լեռնային Ղարաբաղը փրկելու մասին, բոլորը Ղարաբաղը տարել են կործանման:

Ձեր քաղաքական թիմը ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ճանապարհ է տեսնում, ու արդյոք համակարծի՞ք եք խորհրդարանական ընդդիմության այն թեզի հետ, որ այս իշխանության հեռացմամբ հարցերը կկարգավորվեն:

– Մենք արդեն ասել ենք, որ պարտված իշխանությունը պետք է հեռանար ու պարտված իշխանությունը չի կարող լուծել այն խնդիրները, որի առջև կանգնած ենք: Արցախի հարցում ՀԱԿ-ը միշտ է խոսել, ու հենց որ կլինի ճիշտ պահը՝ կասվի ամեն ինչ: Մեր որդեգրած 30-ամյա քաղաքականությունն է՝ չասել անհնարին ոչինչ, չանել վնասարար որևէ քայլ ու որևէ կերպ չվտանգել Արցախն ու Հայաստանը:

Նորից եմ ուզում ասել. Հայաստանն աղետի հասցնելու հարցում երեկվա հարթակին կանգնածները և գործող իշխանությունները հավասարաչափ կամ, ում քիմքին ոնց հաճո է՝ մեկը ավել, մյուսը պակաս մեղավոր են, բոլորը կրում են դրա ուղիղ պատասխանատվությունը: Ես չեմ հավատում, որ երեկվա հարթակի ուժերն ի զորու են Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու: Այս ուժերը Արցախն ու Հայաստանը այս աղետին հասցնելու համար հավասարաչափ պատասխանատվություն են կրում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am