«Բազմաթիվ թալանչիների, օդիոզ դեմքերի առաջին շարքերում լինելը շատերին տրամադրում է այս շարժման դեմ». Արմեն Վարդանյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, մայիսի 1-ից սկսած խորհրդարանական ընդդիմությունը իշխանությանը հեռացնելու նպատակով սկսել է, իրենց բնորոշմամբ՝ պայքարի ակտիվ փուլ: Ընդդիմադիրների այս օրերի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, և, հաշվի առնելով, որ վերջին օրերին մարզային այցելություններ ևս ունեցան, ինչ եք կարծում, ի՞նչ մարտավարություն են ընտրել ընդդիմադիր գործիչները:

– Ընդդիմության մարտավարությունը գրեթե նույնությամբ կրկնում է 2018-ին Նիկոլ Փաշինյանի սկսած շարժման մարտավարությունը, իսկ եթե ավելի հետ գնանք՝ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններն են որոշ չափով կրկնում, մասնավորապես, մարզային այցելությունները:

Բայց այդ ամենն անում են շատ շաբլոն ձևով ու շատ նրբություններ հաշվի չեն առնում ու կարծում են, եթե Նիկոլի դեմ Նիկոլի զենքով պայքարեն՝ իրենք էլ հաջողության կհասնեն, բայց եթե մի բանը մեկի մոտ ստացվել է, չի նշանակում, որ մեկ այլ քաղաքական ուժի կամ ուժերի մոտ էլ դա ստացվելու է:

Այսինքն՝ հավանականությունը, որ այս միջոցով ընդդիմությանը կհաջողի իշխանափոխության հասնել, փո՞քր եք գնահատում:

– Իհարկե, գրեթե անհավանական եմ համարում: Նիկոլ Փաշինյանը, երբ շարժում էր սկսել, այդ հարթակում գտնվող մարդիկ հալածյալի կերպարանքով էին, ու ժողովրդի մեծ մասն իրեն նույնականացնում էր այդ հարթակին գտնվող մարդկանց հետ:

Այս ընդդիմությունն առաջին պլան է բերել Լևոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն, Սաշիկ Սարգսյանի որդին է շատ հաճախ երևում այդ շարքերում, կան բազմաթիվ օդիոզ կերպարներ՝ Լևոն Երանոսյանը և այլք, որոնք այս հասարակության մոտ ոչ թե տառապանք կրած մարդու, այլ տառապանքներ պատճառող մարդու հետ են ասոցացվում, հետևաբար ժողովրդի մի ստվար զանգված այնքան էլ լավ չի տրամադրված այդ շարժման նկատմամբ:

Այսինքն՝ տեսնում ենք բազմաթիվ թալանչիներ, մարդիկ, որոնք ոտնձգություններ են կատարել ժողովրդավարության դեմ, որոնք թալանել են այս երկիրը, հիմա գալիս ու հայտնվում են այդ շարժման առաջին շարքերում: Բնականաբար, հասարակության մի ստվար զանգված շատ վատ է տրամադրվում այդ շարժման դեմ:

 – Դե, Իշխան Սաղաթելյանը խոստացավ, երբ իրենք իշխանության գան, կվերադարձնեն և՛ նախկինների, և՛ ներկաների թալանածը:

– Ինձ թվում է՝ Իշխան Սաղաթելյանն էլ իր ասածին լուրջ չի վերաբերվում:

– Այդ դեպքում ինչո՞ւ են նման հայտարարություններ անում:

– Փորձում են ավելի շատ զանգվածներ բերել իրենց դաշտ, ավելի շատ մարդկանց գրավել իրենց կողմը, բայց, էլի եմ ասում, հասարակությունն այլևս այն միամիտը չէ, բավական շատ բան է փոխվել մարդկանց մտածողության մեջ, նման էժանագին միջոցներով չեն կարողանա մարդկանց իրենց կողմը գրավել:

– Պարո՛ն Վարդանյան, ընդդիմադիր գործիչները, որոնք հիմա փողոցում պայքարում են, ձեր բերած այդ փաստարկումներին ի պատասխան ասում են, որ հիմա այն պահը չէ, որ նախկին իշխանությունների սխալները քննվեն, թալանածի մասին հիշեն մարդիկ, հիմա խոսքը «Արցախի ու Հայաստանի լինել-չլինելուն է վերաբերում»:

– Հասարակության մի ստվար զանգված չի հավատում ընդդիմության բերած փաստարկներին, դա համարում է կեղծ օրակարգ: Շատերի մեջ ձևավորված է այն կարծիքը, որ սա ոչ թե երկիրը փրկելու, այլ իշխանության վերադառնալու շարժում է, դրա համար էլ չեն միանում:

– Իսկ որքա՞ն կշարունակվեն խորհրդարանական ընդդիմության պայքարի գործողությունները:

– Կարծում եմ՝ ևս 15 օր կտևի, ոչ ավելի, որովհետև շարժումը կսպառվի, մարդիկ կգնան տներով, ընդդիմությունն էլ ստիպված կլինի վերադառնալ խորհրդարանական աշխատանքին:

– Այդքան հեշտությամբ ընդդիմությունը կհանձնվի՞, այլ քայլերի չի՞ գնա:

– Ես չեմ տեսնում այս շարժման հաջողության հասնելու որևէ շանս, չեմ տեսնում, որ իրենք կարող են իշխանությանը անակնկալի բերել, ավելին ասեմ՝ իմ համոզմամբ, իշխանությունը բավական հանգիստ վիճակում է, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների մոտ որևէ ջղաձգում, անհանգստություն չեմ նկատում:

– Իշխանությո՞ւնն էլ ունի այդ վստահությունը, որ խորհրդարանական ընդդիմությունը չի հաջողելու, դրա համար էլ հանգիստ է, պարո՛ն Վարդանյան:

– Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ունի այդ վստահությունը, նրա մեջ այդ հանգստությունը ես տեսնում եմ, որևէ լուրջ մտահոգություն, որևէ անհանգստություն նրա գործողություններում չեմ տեսնում, նույնիսկ հայտարարություններ չի անում:

– Եթե շարժման շարքերում չլինեին այն դեմքերը, որոնց մասին ասացիք, շարժումը հաջողության հասնելու շանսեր կունենա՞ր, մարդիկ կհամախմբվեի՞ն ընդդիմության շուրջ:

-Կարծում եմ՝ այո՛: Դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե ընդդիմության շարժման լիդերները լինեին ուրիշ մարդիկ, որոնց անունը չնույնականացվեր թալանի ու այլ հոռի բաների հետ, ապա ընդդիմությունը կունենար շանսեր, բայց այս ընդդիմությունը մեծ նվեր է Նիկոլ Փաշինյանին:

Նույնը կարող եմ ասել նախորդ տարվա արտահերթ ընտրությունների մասին, երբ հասարակության մի ստվար զանգված՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հանրահավաքից հետո, որքան էլ դեմ էր Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինիս տվեց իր քվեն: Իհարկե աբսուրդ է, որ երկիրը պարտության տարած իշխանությունը մաքուր ժողովրդավարական ընտրություններում բացարձակ մեծամասնություն է դառնում:

Եթե հարթակում հայտնվեն մարդիկ, որոնք կապ չեն ունեցել թալանի հետ, որոնց անունները չեն ասոցացվում հոռի երևույթների հետ, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը մտորելու լուրջ առիթ է ունենալու:

– 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը գրեթե նույն դեմքերով, կարգախոսներով դուրս եկավ փողոց՝ պայքարելու գործող իշխանության դեմ, չհաջողեց, հանրային մեծ աջակցություն չստացավ ու հեռացավ փողոցից: Հիմա ինչո՞ւ նույն կերպ որոշեց ակտիվանալ, ինչո՞ւ նույն դեմքերը կրկին առաջին շարքերում հայտնվեցին: Չե՞ն գիտակցում այս ամենը, թե՞ միտումնավոր են անում:

– Դժվար է ասել, թե ընդդիմությունն ինչպես է մտածում, բայց փողոցային պայքարն ակտիվացնելով՝ միգուցե նրանք փորձում են լրացուցիչ մարդկանց իրենց կողմը գրավել, գուցե իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իշխանության գալու շանս չունեն, պարզապես փորձում են ընդդիմադիր դաշտում՝ արևի տակ իրենց տեղը պահել, իսկ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաուժեղ ընդդիմադիր շարժումը, եթե ժամանակին հաջողության չի հասնում, մաշվում, գնում է, նույնիսկ խորհրդարանում չի հայտնվում:

Այդպես եղել է Վազգեն Մանուկյանի հետ, Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս ընդդիմությունը ևս այս առումով մտածելու տեղ ունի, եթե երկար ժամանակ խոսեն իշխանափոխության մասին, բայց չկարողանան իշխանությունը տապալել, իրենց համակիրներն իրենցից երես են թեքելու: Սա Հայաստանում քաղաքական օրինաչափություն է դարձել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am