«Ինձ շատ գրավեց, որ թե՛ խոսքի, թե՛ պահվածքի մեջ շատ զգույշ էր, ոչ մի ավելորդ քայլ չէր անում». Անի և Կորո հայ-չինական սեր՝ Շանհայում

Ասիական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը, դորամաներ դիտելը (արևելյան հեռուստասերիալներն այդպես են անվանում), Չինաստանում գտնվող ընկերների՝ երկրի մասին գրավիչ պատմությունները տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ Անի Թադևոսյանին Երևանից տեղափոխել են Չինաստան, որտեղ էլ հանդիպել է իր սիրուն՝ ազգությամբ չինացի Կորոյին։

Անին Չինաստան՝ Շանհայ քաղաք էր մեկնել աշխատանքի նպատակով, աշխատում է որպես անգլերենի ուսուցիչ։ Մեծ հետաքրքրություն ունենալով սպորտի հանդեպ՝ Չինաստանում նաև մարզասրահ է հաճախել, որտեղ էլ եղել է ճակատագրական հանդիպումը։

«Ես մարզասրահս փոխեցի, ու նոր մարզասրահում իմ մարզիչը Կորոն էր»,- ժպտում է Անին ու նշում՝ մարզումների ընթացքում էլ հասկացել են, որ անտարբեր չեն միմյանց նկատմամբ, շփումն ու հանդիպումները դարձել են ավելի պարբերական, և որոշել են 2019-ին օրինականացնել իրենց հարաբերությունները և ամուսնանալ։

«Ինձ համար արտաքինը նշանակություն ունի, Կորոն բավականին գրավիչ, մարզված արտաքին ունի, առաջին հայացքից իմ արտաքինն էլ իրեն է գրավել, հետո, երբ սկսեցինք իրար ավելի լավ ճանաչել, բնավորության գիծ, մոտեցում, ընդհանրություններ գտանք ու էլ ավելի հավանեցինք»,- պատմում է Անին ու ասում՝ հանդիպման առաջին իսկ օրից շատ է տպավորվել Կորոյի վերաբերմունքով, ուշադրությամբ, հոգատարությամբ։

«Ինձ շատ գրավեց այն փաստը, որ թե՛ խոսքի, թե՛ պահվածքի մեջ շատ զգույշ էր, ոչ մի ավելորդ քայլ չէր անում, փորձում էր հնարավորինս հասկանալ՝ ես ինչպես եմ մտածում, ինչ հետաքրքրություններ ունեմ, ու, ամենակարևորը ուշադրությունն էր թե զանգերի, թե նամակների տեսքով, թե նվերների, ինչու չէ, նաև առողջությամբ հետաքրքրվելով, երբ վատառողջ եմ եղել, ինձ համար միրգ է գնել-բերել և այլն»։

Անին ասում է՝ միշտ չի բացառել օտարերկրացու, հատկապես ասիացու հետ ամուսնությունը, քանի որ իրեն գրավել են ոչ միայն նրանց արտաքինը, այլև մտածելակերպի տարբերությունները։

«Այժմ շատ տարածված է դորամաներ դիտել, դորամաներից հետո մի փոքր այլ հրապուրանք է առաջանում ասիական արտաքինի նկատմամբ, բացի այդ, սիրում եմ օտարերկրացիների մտածելակերպը: Հայերի մեջ էլ, ճիշտ է, շատ են տարբերվող մտածելակերպով մարդիկ, բայց սիրում եմ օտարերկրացիների մտածելակերպը հենց կենցաղում, որտեղ երկուսն էլ հավասար են կենցաղը կիսում, օգնում են միմյանց, սահմանափակումներ չեն լինում, իրար զուգահեռ են կյանքում շարժվում»,- ասում է Անին։

Անին ասում է՝ թե՛ իր, թե՛ ամուսնու ընտանիքը ջերմորեն է ընդունել ընտանիք կազմելու իրենց որոշումը։

«Կարծում եմ՝ ծնողները երջանիկ են՝ երեխաներին երջանիկ տեսնելով։ Մայրիկս շատ դրական արձագանքեց, շատ անկեղծ հարաբերություններ ունեմ, մենք ընկերուհիների նման քննարկում ենք, նա որևէ խնդիր չի տեսել։ 

Կորոյի ընտանիքն էլ ինձ շատ ջերմ ընդունեց: Հենց իրենք էին ցանկացել, որ գնամ իրենց տուն, ծանոթանամ, այդ առիթով շատ ոգևորված էին։ Իր հայրիկն է իրենց տանը հիմնականում ուտելիք պատրաստում, հիշում եմ՝ մի մեծ սեղան չինական ուտելիքներով լի դիմավորել էին»,- պատմում է Անին ու ասում՝ իր ընկերների համար էլ անակնկալ չէր օտարերկրացու հետ ամուսնանալու իր որոշումը։

«Ընկերներս ինձ գիտեն՝ որպես ազատ մտածելակերպի տեր մարդու, որից սպասելի էր օտարերկրացի ամուսին ունենալը»,- նշում է Անին։

Անին ամուսնու հետ հարաբերությունների, Չինաստանում կյանքի, առողջ ապրելակերպի, սպորտի մասին գրառումներով կիսվում է նաև Ինսթագրամի իր միկրոբլոգում, որտեղ շուրջ 20․000 հետևորդ ունի։

Անին ասում է՝ Չինաստանում կյանքին հարմարվելը հեշտ է եղել, թեպետ սկզբում մշակութային շոկ, այնուամենայնիվ, ունեցել է։

«Առաջին օրը երբ դուրս եկա ու տեսա՝ մարդիկ երեկոյան ժամը 6-7-ին դրսում պարում են, հիմնականում տարեց կանայք և տղամարդիկ, իրենց համար դա մարմնամարզություն է, շոկ էր։ Մեկ այլ մշակութային շոկի առիթ էր, որ ամռան շոգին որոշ տղամարդիկ կարող է իրենց շապիկները վեր բարձրացած քայլեն։ Բայց հեշտ եմ քաղաքին հարմարվել։ 

Շանհայը միջազգային քաղաք է, օտարերկրացիներ շատ կան, նրանց շատ զարմացած հայացքով չեն նայում։ Շատ եմ գնահատում չինացիների կարգապահությունն ու աշխատասիրությունը։ Չինական ուտելիքներն էլ ուրիշ աշխարհ են ինձ համար, լրիվ նոր համեր են»,- ասում է Անին։

Անին նշում է՝ հարաբերություններում կարևոր չէ՝ ամուսինը օտարերկրացի է, թե նույն ազգից, որպեսզի ընտանիքը ներդաշնակ լինի, էական են հաղորդակցումը, միմյանց տեսակետները հասկանալը, հարգելը, ընդունելը։ Անին ու Կորոն շփվում են անգլերենով։

«Բոլորս էլ տարբեր մարդիկ ենք, տարբեր մտածելակերպ ունենք, շատ հարցերի առնչությամբ մենք մեր տեսակետն ենք ունենում, ու տարաձայնություններից խուսափել հնարավոր չէ, միայն հաղորդակցման ժամանակ է հնարավոր միմյանց տեսակետը հասկանալ ու ընդհանուր որոշման հանգել»,- ասում է Անին։

Անիի խոսքով՝ հարաբերություններում մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ամուսիններից յուրաքանչյուրը իրեն մշտապես գնահատված զգա։

Անին ասում է՝ և ինքը՝ ամուսնուն, և ամուսինը՝ իրեն միշտ գնահատանքի խոսքեր են ասում, նկատում այն, ինչ դիմացինն արել է իր համար, թեկուզ դրանք լինեն ամենօրյա կենցաղային գործեր։

«Եթե ես Կորոյի հագուստն արդուկեմ, միշտ կգովի։ Պայմանավորված լինենք, որ, օրինակ՝ ինքն է հաց պատրաստելու, կամ ես պատրաստեցի, քանի որ ինքս էդպես ցանկացա, անպայման իրար կոմպլիմենտ կանենք՝ շատ համեղ է, իդեալական ես պատրաստել, ինչ գեղեցիկ ես դասավորել։ 

Մենք ամեն աննշան բանի համար կոմպլիմենտներ ենք անում։ Յուրաքանչյուր մարդ սիրում է գնահատված զգալ։ Պետք է գնահատել քո նկատմամբ կատարված յուրաքանչյուր, թեկուզև փոքր բան, որովհետև շատ հաճախ այդ փոքր բաները դիմացինը կարող է շատ սրտանց անել»,- ասում է Անին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am