«Հնարավոր է՝ ընդդիմադիր գործիչներն ու իշխանավորներն ուզում են նոր մարտի 1, բայց քաղաքացիները չեն գնա դրան». Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

Պարո՛ն Սահակյան, Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում երեկ տեղի ունեցած բախումը ցուցարարների ու ոստիկանների միջև սպասելի ՞ էր: Կարո՞ղ էր իշխանությունն այնպես անել, որ նման բան չլիներ, եթե նկատի ունենանք, որ երեկ խորհրդարանում ընդդիմությունը հրավիրել էր արտահերթ նիստ, որին մեծամասնությունը չմասնակցեց:

– Քաղաքականության մեջ շատ կարևոր են շահերը՝ ո՞ւմ շահերից էր բխում այդ ջարդը, բնականաբար՝ ոչ իշխանության ու բնականաբար՝ ընդդիմության, որովհետև ընդդիմությունը գնալով մաշվում էր, իրենց շարքերը չէին համալրվում: Իսկ իրենց համար քանակը մշտապես եղել է ամենակարևորը, հետևաբար իրենց համար մահ է, երբ ցույց են անում, ու մարդկանց թիվը փոքր է, իսկ ինչ է պետք անել, որ թվաքանակն ավելանա՝ շոու է պետք անել:

Նախկինում եղած մեր քաղաքական ավանդույթներն էլ ցույց են տալիս՝ երբ ոստիկանները մարդկանց դեմ ուժ են կիրառում, դրանից հետո մշտապես ցույցի մասնակիցների թիվն ավելանում է, բայց հիմա այն բացառիկ դեպքերից է, երբ մարդիկ ավելի շատ համակրանքով են լցված ոստիկանների նկատմամբ, քան ցուցարարների:

Ինչո՞ւ, որովհետև շատ կարևոր է ցուցարարների ով լինելը, իհարկե խոսքս սովորական մարդկանց մասին չէ, ովքեր այդ հրապարակում են, այլ՝ լիդերների, իսկ նրանց մարդիկ ճանաչում են: Դրանք մարդիկ են, որոնք պատճառն են Արցախի, Հայաստանի այսօրվա խղճուկ վիճակի, նրանք անմիջական պատասխանատվություն կրողներն են ու հիմա դուրս են եկել ու խոսում են արդարությունից, չգիտեմ ինչերից, որոնք իրականության հետ կապ չունեն, ու մեզ՝ քաղաքացիներիս, այսպես ասած, էշի տեղ են դրել: Դրա համար էլ մարդիկ նրանց չեն միանում, իսկ այս բախումներն էլ հրահրեցին, որ նոր իրավիճակ ստեղծվի, բայց, նորից եմ ասում, մարդիկ ոստիկանների նկատմամբ ավելի շատ են համակրանքով լցված, քան ցուցարարների, ինչը բացառիկ է:

Այնուամենայնիվ, իշխանությունն այս ամենում իր մեղքի բաժինն ունի՞, կարո՞ղ էր այնպես անել, որ նման բախում չլիներ:

– Իհարկե կարող էր, իհարկե իշխանությունը պատասխանատու է, որովհետև ոստիկանները նրանց են ենթարկվում, ոչ թե ընդդիմությանը: Մենք հիմա խոսում ենք փայտի երկու ծայրի մասին, որովհետև իշխանությունն ու ընդդիմությունը նույն խմորից են, նույն քաղաքական համակարգի ծնունդն են: Այդ նույն մարմնի հակառակ բևեռները հիմա բախվել են, ու մեջտեղում մենք ենք կրակն ընկել: Այս երկու փոքրամասնությունը մինչև չսպառվի, մենք ո՛չ հանգիստ ներկա ենք ունենալու, ո՛չ նորմալ ապագա:

Այդ սպառման հեռանկարները տեսնո՞ւմ եք, պարո՛ն Սահակյան:

– Դե, մի բևեռն արդեն մեռնում է սեփական քայլերի շնորհիվ, խոսքս ընդդիմության մասին է, մյուսն էլ կմեռնի այն ժամանակ, երբ սրանք չլինեն, որովհետև մեկը մյուսին է սնում: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ դրանում համոզվեցինք, մարդիկ ասում էին՝ եթե Քոչարյանը չլինի՝ Փաշինյանն է, եթե Փաշինյանը չլինի՝ Քոչարյանն է:

Իշխանությունն ընդդիմությանն է մեղադրում նոր մարտի 1 հրահրելու ցանկության համար, ընդդիմությունն էլ՝ իշխանությանը: Քաղաքական այս ուժերը, ձեր տպավորությամբ, նման ցանկություն իսկապե՞ս ունեն:

– Նրանք մարտի 1-ի պոտենցիալ չունեն նախ, որովհետև մարտի 1-ը լրիվ ուրիշ իրավիճակի հետևանք էր: Մենք՝ որպես քաղաքացի, հանրույթ, հաղթահարել ենք դա, քաղաքացիները չեն գնալու դրան: Հնարավոր է, որ ընդդիմադիր գործիչներն ու իշխանավորները ուզում են դա, բայց քաղաքացիները չեն գնա դրան, որովհետև շատ ավելի հասուն են, քան իրենց էլիտա հռչակածները:

Ընդդիմությունն ասում է, որ գնալու է մինչև վերջ: Շարժման լիդերներից Իշխան Սաղաթելյանն ասում է, որ պատրաստ է ցանկացած զոհողության, «որովհետև պայքարում է իր հայրենիքի համար»: Մինչև վերջ գնալը, ցանկացած զոհողության պատրաստ լինելն ինչո՞վ կարող են ավարտվել:

– Նրանք պրիմիտիվ ստախոսներ են, նրանք մինչև վերջ չեն գնալու: Հայրենիքը պաշտպանելու հնարավորություն կար, թող գնային պաշտպանեին, Արցախը չեն պաշտպանում Երևանի կենտրոնում ծեծուջարդ անելով:

Դե, ասում են՝ բանակցողին է պետք փոխել, որ Արցախը կարողանանք պաշտպանել, գնանք Արցախ ի՞նչ անենք:

– Բանակցողին փոխեցինք՝ ինչի՞ շուրջ ենք բանակցելու: Իրենց ամբողջ խնդիրն այն է, որ ասում են՝ թողեք բանակցությունները մենք վարենք, բայց որ ասում ես՝ եղբա՛յր, ի՞նչ ես բանակցելու, ասում է՝ կգնամ, կասեմ, կտեսնեք, բայց այդպես չի լինում:

Քաղաքականությունը նախևառաջ միտք է, մտքում են տեղի ունենում այդ փոփոխությունը, առաջընթացն ու զարգացումը: Ամեն բան մտքից է առաջանում, ոչ թե մարդուն հույս տան, թե ամեն ինչ լավ է լինելու ու վերջ, այդպես չի լինում, սուտ են ասում:

Նույն տրամաբանության մեջ են գործում իրենք էլ, Փաշինյանն էլ: Փաշինյանն էլ այն ժամանակ ասում էր՝ Սերժը չլինի, ես լինեմ՝ ամեն ինչ լավ է լինելու, հիմա Սերժը չի, Նիկոլն է, ամեն ինչ լա՞վ է, չէ՛, չէ՞: Հիմա էլ իրենք են ասում՝ Նիկոլը չլինի, ես լինեմ՝ լավ է լինելու, լավ չի լինելու, քանի դեռ մենք չենք հասկացել, թե այդ լավը ո՛րն է:

Արցախի շուրջ անգամ ներքին համաձայնություն չկա, ոչ մեկը չի պատկերացնում՝ այդ խնդրի լուծումը որն է: Փոխանակ հանգիստ նստենք, բոլորով մտածենք, ի վերջո, ուրիշի հետ գործ ունենք, ներքաղաքական տարաձայնությունները կարող ենք մի կողմ դնել, Արցախի հարցը լուծենք, հետո ինչքան ուզում ենք՝ իրար կոկորդից բռնենք, դա նորմալ կլիներ, բայց իրենք աննորմալ են՝ օգտվում են իրավիճակից, հազար հարց չլուծված են թողել՝ իրար կոկորդ են կրծում, ինչ է թե ուզում են իշխանության գալ: Պարզ է, չէ՞, որ իրենք իրենց հարցերն են լուծում ու խոր թքած ունեն թե՛ հայրենիքի, թե՛ Արցախի, թե՛ բոլոր այն արժեքների վրա, որոնք իրենք բարձրաձայնում են:

Պարո՛ն Սահակյան, նմանօրինակ կամ ավելի մեծ ծավալի բախումներ սպասելի համարո՞ւմ եք:

– Իհարկե չի կարելի բացառել, երբ գործ ունենք ոչ խելամիտ մարդկանց հետ, որովհետև նրանք թքած ունեն այն մարդկանց վրա, որոնք հիմա հիվանդանոցներում պառկած են: Իշխան Սաղաթելյանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն են կրում այդ մարդկանց համար, բայց երկուսն էլ թքած ունեն նրանց վրա, հետևաբար երկուսն էլ կարող են հանգիստ հրահրել նոր բախումներ, ծեծ ու ջարդեր, բայց ոչ այն մեկն է մանդատը վայր դնելու, ոչ էլ մյուսն է կառավարությունից հրաժարվելու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am