«Ո´չ, չեմ հետապնդել ու չեմ վիրավորել». Ուրիխանյանն ընդդեմ Բարսեղյանի` նաև իրավական տեսանկյունից

«Ո´չ, չեմ հետապնդել ու չեմ վիրավորել». Ուրիխանյանն ընդդեմ Բարսեղյանի` նաև իրավական տեսանկյունից
«Ո´չ, չեմ հետապնդել ու չեմ վիրավորել». Ուրիխանյանն ընդդեմ Բարսեղյանի` նաև իրավական տեսանկյունից

Demotivator.am կայքի սեփականատեր և բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայցը` նրա հետ առնչություն ունեցող դեմոտիվատորի տեղադրման կապակցությամբ, կարող է նախադեպային լինել` հաշվի առնելով այն, որ առաջինն է ընդդեմ բլոգերի:
Տիգրան Ուրիխանյանի հայցը, որը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարատեսակ քննարկումների, որակումների, ինչպես նաև մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, ըստ որոշ հայտնի հայ բլոգերների` «խոսքի ազատության սահմանափակում է»: Իրավական դաշտի ներկայացուցիչները դեպքը որակում են որպես «վիրավորանք»:
Հիշեցնենք, որ բլոգեր Բարսեղյանի պատրաստած և իր բլոգում տարածած Տիգրան Ուրիխանյանի դեմոտիվատորը որպես «Տարվա ոճային քաղաքական գործիչ», ներկայացրել է կիսամերկ մանեքենուհու տեսքով:
Ուրիխանյանն էլ հայց է ներկայացրել դատարան, որով պահանջում է իր պատիվը, արժանատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել իրենից և որպես փոխհատուցում 1 միլիոն դրամ բռնագանձել: Սակայն միայն սրանով ԲՀԿ պատգամավորը չի սահմանափակվում, նա պահանջում է նաև 500.000 դրամ` որպես գործի համար իր կողմից վարձած փաստաբանի վճարը, ինչպես նաև 30.000 դրամ տուրքը՝ հօգուտ հայցվորի։

Հայցով նաև պահանջվում է քննել Demotivator.am և Blognews.am կայքերից և սոցցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը։

Ըստ Էդգար Բարսեղյանի ֆեյսբուքյան էջի գրառման՝ նախնական դատական նիստին դատավորի հարցին, թե արդյոք ինքը հետապնդե՞լ է հայցվորին վիրավորելու նպատակ, Բարսեղյանը պատասխանել է.

«Ո´չ, չեմ հետապնդել ու չեմ վիրավորել։ Պատկերի միջոցով փորձել եմ հասանելի կերպով փոխանցել այն միտքը, որ սկսնակ, քաղաքական դաշտում դեռ երևելի հաջողությունների չհասած գործչի՝ ոճային ճանաչվելու ու դրանով հպարտանալու փաստը համարում եմ բավականին զվարճալի, այնպիսի մի բան, որը պետք է քննադատել, քանի որ մեր երկիրը շատ ավելի լուրջ չլուծված խնդիրներ ունի»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ Հայաստանում մինչ այժմ ոչ ոք դատի չի տվել բլոգերի:

«Սա առաջին դեպքն է: Ես չգիտեմ` ինչո՞վ է մտածել Ուրիխանյանը, որ դատի է տվել Բարսեղյանին: Քաղաքական գործիչը, ով ծաղրանկարի համար դատի է տալիս, ակնհայտորեն ցույց է տալիս խոսքի ազատության դեմ ոտնձգություն: Տեսնենք` դատարանն ի՞նչ որոշում կկայացնի, երկար չի ձգձգի»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Մինչդեռ իրավապաշտպաններն ու իրավական ոլորտի ներկայացուցիչները քայլը թեև մի կողմից «վիրավորական» են համարում, մյուս կողմից էլ` որակում են որպես անհիմն պահանջ քաղաքական գործչի կողմից:

«Իրավական առումով վիրավորական է, այո´, և կարելի է դատի տալ, քանի որ ինտերնետը հանրային տարածք է: Սակայն մյուս կողմից` ճիշտ կլիներ, որ քաղաքական գործիչն առաջին հերթին պահանջեր հանել այդ նկարը, ու եթե չհանեին, նոր դատի տար»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա ճիշտ չի համարում, որ Ուրիխանյանը որպես քաղաքական գործիչ դիմում է դատարան և գումար պահանջում վիրավորանքի փոխհատուցման համար.

«Նա պետք է դատարանով պահանջի միայն, որ ուղղակի հանեն այդ նկարը»,- նշում է նա:

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանի` ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով բազմիցս նշվել է, որ քաղաքական գործիչների քննադատության շեմն ավելի բարձր է, և վերջիններս պետք է ավելի հանդուրժող լինեն, «քանի որ իրենք են ցանկացել հասարակության ուշադրության կենտրոնում լինել, ի տարբերություն հասարակ քաղաքացու»:

«Վիրավորանքի դեպքում պատասխանող կողմը ակտիվ չէ և պարտավոր չէ որևէ ապացույց ներկայացնել: Հայցվորը պարտավոր է ապացուցել, թե ինչքանո՞վ է արատավորել այդ նկարը իր գործարար համբավը, իր անունն ու պատիվը, վիրավորել իր անձը, իսկ դատարանը կկայացնի իր վճիռը: Անկախ նրանից` դատարանը կմերժի՞, թե՞ կբավարարի հայցը, այն պետք է հիմնավորի»,- ասում է Սաֆարյանը:

Նա նշում է, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ կետով` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման համար դատարանը կարող է վճիռ կայացնել մինչև 1 միլիոն դրամի գումար փոխհատուցելու հայցվորին:

«Պարզապես մեզ մոտ շատ տարածված է, որ հայցվորը հայցը ներկայացնելիս առավելագույն գումարն է նշում փոխհատուցման համար, բայց դատարանը կարող է որոշում ընդունել և ավելի քիչ սահմանել, քանի որ օրենքում ասվում է, որ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ կարող է փոխհատուցել: Այսինքն` կարող է դատավճռով 500 հազար փոխհատուցվել` 1 միլիոն դրամի փոխարեն: Նույնը և փաստաբանական ծառայությունների համար՝ վճարը դատարանի որոշմամբ կարող է փոխհատուցվել ոչ թե առավելագույն` 500 հազար դրամի, այլ 300 կամ 250 հազարի չափով»,- ասում է Սաֆարյանը:

Նա նշում է, որ խոսքի ազատության տեսանկյունից էլ որոշակի սահմանափակումներ կան, և եթե նկարը արատավորում է ուրիշի գործարար համբավը, անունն ու պատիվը, ապա կարող է հայց ներկայացվել դատարան, իսկ դատարանը պետք է որոշի, թե որքանո´վ է այն վիրավորական տվյալ անձի համար:

«Ես չեմ ճանաչում այդ բլոգերին, գիտեմ, որ ինչ-որ կիսահայտնի կայքում հայտնվել է լկտի նկար, որն անցնում է չափերը, սահմանները: Կողմ լինելով, նույնիսկ ոգևորվելով և, բնականաբար, հանդուրժելով, նույնիսկ գոհունակությամբ վերաբերվելով բոլոր տեսակի քննադատություններին` ես շատ վատ եմ վերաբերվում վիրավորանքներին, հատկապես անձնական վիրավորանքներին, և այն, ինչ կատարվել է, անձնական վիրավորանք է»,- Tert.am-ի հետ զրույցում երեկ ավելի ուշ հայտարարել է Ուրիխանյանը:

Աղմկահարույց գործով հաջորդ նիստը նշանակված է հունվարի 14-ին` ժամը 15:30-ին, Երևանի Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am