«Կրթության զարգացման մինչև 2030 թվականի ծրագիրը կենացային, բայց ոչ իրագործելի նախագիծ է». Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, գործադիրն այսօր հավանության արժանացրեց «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել 5-8 նոր բուհ՝ 100% պետական ֆինանսավորմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում կրթության զարգացմանը միտված այդ ծրագիրն ընդհանուր առմամբ և ի՞նչ վերաբերմունք ունեք նոր բուհ ստեղծելու նկատմամբ։

– Այդ նախագիծը վաղուց էր շրջանառության մեջ դրվել․ շատ գեղեցիկ գրված նախագիծ է, բայց՝ ոչ իրատեսական: Այդ մասին կարծիք արդեն հայտնվել է ու նույնիսկ գրավոր ուղարկվել է Կառավարություն, բայց դեռ չեմ նայել՝ ընդունելուց առաջ գոնե ինչ-որ բան հաշվի առե՞լ են, թե՞ չէ, սովորաբար հաշվի չեն առնում, ինչ գրում, այն էլ ընդունում են։

Այդ նախագծի հավակնությունները շատ մեծ են, բայց դա կենացի մակարդակի նախագիծ էր, որովհետև իրականության հետ որևէ կապ չուներ, ու ես մտածում եմ, որ գործող կառավարությունն այդ նախագիծն ընդունեց՝ վստահ լինելով, որ 2030 թվականին այս կառավարությունից ոչ ոք չի լինելու գործադիրի կազմում, ու որևէ մեկը պատասխան չի տա այդ ծրագրի չիրականացման համար։

Ինչ վերաբերում է այդ 5-8 բուհերին․ պարզ է, որ դրանք ստեղծվելու են գործող բուհերի հիման վրա, հո նոր բան չե՞ն անելու։

– Նկատի ունեք՝ բուհերը միավորելո՞ւ են։

– Այո՛, ըստ էության, դա է լինելու, որովհետև այս տարվա ընդունելության քննություններն էլ ցույց տվեցին, թե որ բուհերն են ամենաթույլ օղակը, որտեղ դիմորդներն ավելի քիչ են գնում։ Այդ բուհերը, ըստ էության, թիրախում են, այսինքն՝ այդ բուհերը, ամենայն հավանականությամբ, ոչ թե կփակվեն, այլ կմիավորվեն այլ բուհերի հետ, ու այդ բուհերի միավորմամբ կստեղծվեն նոր բուհեր։

Այս մտադրության մասին ևս վաղուց խոսակցություններ կային, օրինակ՝ արվեստի բուհերի միավորմամբ նոր բուհ ունենալ, կամ Մանկավարժականն ընդհանրապես հանել ու թողնել միայն մագիստրատուրան, այդպիսի մտադրություններ կան։

2030 թվականի ռազմավարության մեջ կա նաև կետ, որ Հայաստանի մի քանի բուհեր պետք է ընդգրկվեն աշխարհի լավագույն բուհերի ցանկում, ինչը, իհարկե, իրատեսական չէ, որովհետև կրթության մակարդակը գնալով այնքան անկում է ապրում, իսկ գիտության պահպանված մակարդակն էլ կամաց-կամաց վերանալու է, որովհետև ֆինանսավորման քիչ լինելու, տարիքով գիտնականների՝ գիտությունը լքելու պարագայում մենք չենք կարող ունենալ այդպիսի բարձր մակարդակին բավարարող բուհեր։

Անգամ եթե եղած մակարդակը պահպանվի, էլի չենք կարող մրցել, որովհետև ամբողջ աշխարհում բուհերը զարգանում են, իսկ Հայաստանում ամենաշատը կարող են մնալ նույն մակարդակին։ Այսինքն՝ այդ ռազմավարությունը նման է լավագույն ցանկությունների փաստաթղթի, որը, վստահաբար, այս կառավարության պարագայում չի կարող իրականություն դառնալ, իսկ նոր բուհերի ստեղծումը մի քանի բուհ փակելու քողարկված մտադրություն է այդ պատրվակով։

– Պարո՛ն Մխիթարյան, ձեր դիտարկմամբ՝ բուհերի միավորումը ճի՞շտ որոշում է, ու դա որքանո՞վ կարող է նպաստել առկա խնդիրների լուծմանը։

– Իհարկե խնդրի լուծում չէ, որովհետև դրանից, ըստ էության, ոչինչ չի փոխվելու՝ ո՛չ ուսանողների թիվն է ավելանալու, ո՛չ դասախոսների աշխատավարձը, ուղղակի կրճատվելու է բուհերի թիվը։ Արհեստական լուծում է, իսկ հիմնավոր լուծման համար անհրաժեշտ է նախևառաջ ունենալ բարձրագույն կրթության զարգացման ինչ-որ տեսլական, որն անհրաժեշտ է քննարկել մասնագետների հետ, հետո գործի դնել։ Տեսլականին պետք է հետևեն օրենսդրական փոփոխություններ, նոր միայն կառավարության որոշում, որը պետք է ամրագրի անհրաժեշտ գործողությունները կամ քայլերը ոլորտը «փրկելու» համար։ Իսկ այն, ինչ անում է այսօրվա կառավարությունը, ուղղակի մեխանիկական լուծումներ են, որոնք, ըստ էության, որևէ օգուտ չեն տա։

– Իսկ պետությունը բավարար ֆինանսական միջոցներ ունի՞, որ, ինչպես նշվում է նախագծում, այդ նոր բուհերը գործեն 100% պետական ֆինանսավորմամբ։

– Միջոցներ կան, բայց կտա՞ն՝ հարցը սա է, որովհետև աշխարհի լավագույն բուհերի, որոնց մեջ պետք է ընդգրկվի Հայաստանից գոնե մեկ բուհ, տարեկան բյուջեն համեմատական է Հայաստանի պետական բյուջեին, պատկերացնո՞ւմ եք։ Դա նշանակում է, որ պետք է այնքան ֆինանսավորում լինի, որ Հայաստանում գոնե մեկ հետազոտական համալսարան գործի։ Դրա համար անհրաժեշտ են բազմաթիվ բաղադրիչներ, բայց ես չեմ տեսնում այդ քաղաքական կամքը, որպեսզի նմանօրինակ գոնե մեկ բուհ մենք ունենանք։

– Նույն նախագծով նախատեսվում է հիմնել ակադեմիական քաղաք։ Հայաստանում կա՞ դրա համար անհրաժեշտ թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսը։

– Մարդիկ մտածում են, որ եթե նոր շենք կառուցեն՝ ամեն ինչ լավ կլինի, որովհետև այդ խոսակցություններն այն մակարդակի վրա են, որ անհրաժեշտ է նոր, ժամանակակից շենք ունենալ, նոր տեխնիկական միջոցներ, որ ունենանք այդ ակադեմիական մայրաքաղաքը։

Գաղափարը, իհարկե, լավ է, բայց դրա վրա կարող են ծախսվել տասնամյակներ, ու վերջը չերևա, որովհետև դրա պոտենցիալը որտեղի՞ց ես վերցնելու, մյուս բուհերի հաշվին պետք է արվի այդ ամբողջը, այսինքն՝ դա ևս նշանակում է տարբեր բուհեր քանդել, որպեսզի հնարավոր լինի մեկ նորի ստեղծումը։ Ոչ մանրամասն կշռադատված որոշում է։ Շատ ավելի արդյունավետ կլինի եղած ռեսուրսների հիման վրա զարգացման ծրագիր ունենալ ու փորձել բուհերից 1-2-ը ոտքի կանգեցնել։

Նման նախագիծ մենք առաջարկել ենք, որ Գիտությունների ակադեմիայի հիման վրա ստեղծվի մի հետազոտական բուհ, ընդ որում՝ այդ բաղադրիչն այնտեղ արդեն կա, եթե ավելացնենք կրթության բաղադրիչը՝ կստանանք ժամանակակից հետազոտական համալսարան։

Տպավորություն է, որ բովանդակության մասով ոչ ոք չի խորանում, լավ, որակյալ բուհ չի նշանակում նոր շենք։ Մեր պարագայում չի կարելի խոսել որակյալ բարձրագույն կրթությունից, որտեղ արտասահմանցի ուսանողներ ասելով գրեթե բոլոր բուհերը հասկանում են հայերին, որոնք հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից և, օրինակ՝ ընդունում են Ռուսաստանի քաղաքացիություն ու այստեղ ապրում, այստեղ սովորում են, ու նրանց անունն էլ դնում են միջազգային ուսանող։

– Պարո՛ն Մխիթարյան, այնուամենայնիվ, այս ռազմավարական ծրագիրն էական փոփոխություն կբերի՞ բուհական կրթության ոլորտում։

– Բովանդակային առումով փոփոխություն չի բերելու, լավագույն դեպքում մնալու է բարի ցանկությունների մասին փաստաթուղթ, որն ընդունվել է կառավարության կողմից, բայց դրա իրականացման համար որևէ քայլ հնարավոր չի իրականացնել ու հասնել այնտեղ դրված նպատակներին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am