«Միայն մեծահարուստնե՞րը պետք է իրենց երեխաներին ուսման տան». արդյոք կառավարության որոշումը հակասահմանադրական կճանաչվի՞

«Միայն մեծահարուստնե՞րը պետք է իրենց երեխաներին ուսման տան». արդյոք կառավարության որոշումը հակասահմանադրական կճանաչվի՞
«Միայն մեծահարուստնե՞րը պետք է իրենց երեխաներին ուսման տան». արդյոք կառավարության որոշումը հակասահմանադրական կճանաչվի՞

Արդեն երեք տարի է, Երևանի պետական համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին ընդունելության քննությունների համար մրցութային կարգով անվճար տեղեր չեն հատկացվում:
Ուստի բազմաթիվ դիմորդներ, այլ ֆակուլտետներ դիմած ուսանողների համեմատությամբ, հայտնվում են անհավասար ընդունելության պայմաններում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին ուսանող Սլավիկ Պողոսյանը, ով 2011-ին ավարտել է մագիստրատուրան ռոտացիոն կարգով՝ անվճար կրթության պայմաններում, 2012-ին պատահաբար իմանում է իրավագիտության ֆակուլտետին անվճար տեղեր չհատկացնելու մասին:

«Իմ ծանոթներից մեկն ուզում էր իրավագիտության ֆակուլտետ ընդունվել ու խնդրեց, որ նայեմ` քանի՞ անվճար տեղ կա այդ ֆակուլտետում: Նայեցի ու շատ զարմացա` ընդհանրապես անվճար տեղ չկար»,- ասում է Պողոսյանը:

Խնդրի արագ կարգավորման համար դիմում է մարդու իրավունքների պաշտպանին, ով անմիջապես արձագանքում է:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրում է կառավարության 2012-ի ապրիլի 26-ի թիվ 554 որոշումը, ըստ որի, պարզվում է, երկու ֆակուլտետում՝ միջազգային հարաբերությունների և իրավագիտության, անվճար տեղեր չեն հատկացվել»,- ասում է Պողոսյանը:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուսումնասիրության ՝ վերջին երեք տարիներին` 2010-2012-ին, այդ երկու ֆակուլտետներին անվճար տեղեր չեն հատկացվել:

«Ինչքան ուսանող կա, որ իմանում է` էդ ֆակուլտետներում անվճար տեղեր չկան, ինքն էլ վճարելու հնարավորություն չունի, չի դիմում: Շատ քիչ մարդ կարող է այսօր 700 հազար դրամ վճարել, այսինքն` միայն մեծահարուստներն ու գործարարները պե՞տք է կարողանան իրենց երեխաներին ուսման տալ»,- ասում է Պողոսյանը:

Նա նշում է, որ կառավարության այս որոշմամբ առաջին հերթին խախտվել է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը, որի համաձայն յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար, պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք օրենքով սահմանված կարգով:

«Ամեն ինչ սկսվում է այստեղից, քանի որ Սահմանադրությունը իրավական համակարգի բարձրագույն կետն է, և մյուս օրենքները սրա հիման վրա են ընդունվում ու սրա պահանջները կոնկրետացնում: Իսկ կառավարության որոշմամբ անմիջապես խախտվում է հոդվածի այս դրույթը»,- ասում է Պողոսյանը:

Իրավաբանը հղում է կատարում նաև «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և 28-րդ հոդվածի 6-րդ մասին, որտեղ նույնպես նշված է ՀՀ քաղաքացիների համար մրցութային կարգով անվճար ուսուցման տեղերի և առնվազն տասը տոկոսի սահմաններում անվճար տեղերի սահմանման մասին:

Պողոսյանը նշում է, որ այս օրենսդրական հոդվածները նույնպես խախտվել են կառավարության թիվ 554 որոշմամբ:

«Ինչ վերաբերում է ռոտացիայի և անվճար տեղերի նշանակությանը, ես կարող եմ ասել, որ էն ուսանողները, ովքեր հնարավորություն չունեն իրենց ուսումնառությունն իրականացնելու վճարովի համակարգում, ապա ռոտացիոն սկզբունքը մրցակցություն է մտցնում ուսանողների միջև և ավելի լավ սովորելու խթան հանդիսանում»,- ասում է Պողոսյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը նշում է, որ պարզ չէ, թե ի´նչ հիմքով է կառավարությունը նման որոշում կայացրել:

«Դա նաև մտահոգիչ է այն իմաստով, որ խտրականության ռիսկ է առաջացնում, որովհետև ստացվում է` այն անձինք, ովքեր ընտրում են իրավագիտություն կամ միջազգային հարաբերությունները, ոչ բարենպաստ պայմաններում են գտնվում, քան լեզվաբանները կամ քաղաքագետները»,- ասում է Վարդևանյանը:

Այս առնչությամբ այժմ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան` կառավարության որոշումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, և փետրվարի 12-ին արդեն նշանակվել է նիստ:

Վարդևանյանը նշում է, որ մինչ դատարան դիմելը իրենք հարցում են ուղղել կրթության և գիտության նախարարությանը, որտեղից ստացվել է « մի չգոհացնող» պատասխան, թե նման որոշումը կապված է կառավարության ընտրած ռազմավարության և քաղաքականության հետ:

«Մեդիալաբի» հարցմանը կրթության և գիտության նախարարության իրավաբանության վարչությունից նույնպես որևէ մեկնաբանություն չտվեցին:

«Քանի որ Սահմանադրական դատարանը վիճարկել է այդ որոշումը, մենք մեր բոլոր հիմնավորումները կներկայացնենք դատարանում, իսկ այժմ իրավասու չենք պատասխանելու»,- ասաց ԿԳՆ իրավաբանության վարչության պետ Վահե Բավեյանը:

Վարդևանյանը նշում է, որ եթե Սահմանադրական դատարանը կառավարության այդ որոշումը հակասահմանադրական ճանաչելու որոշում կայացնի, դա կվերաբերի նոր դիմորդներին:

«Սակայն օրենքը կարող է հետադարձ ուժ ունենալ և ազդել նաև արդեն ընդունված ուսանողների վրա` միայն կառավարության կողմից սահմանված կարգով կամ հստակ նախատեսված օրենքով»,- հավելում է Վարդևանյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am