Ադրբեջանի քայլերը գալիս են հուշելու, որ իրապես կարող են գնալ նոր սադրանքների. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Բերձորն ու հարակից գյուղերը հանձնելու հետ կապված Ադրբեջանում ի՞նչ մեկնաբանություններ ու տրամադրություններ կան։ 

– Իրականում ադրբեջանական քարոզչամեքենան դեռևս հունիսին հստակ աշխատանք էր տանում այն ուղղությամբ, ինչին ականատես եղանք այս օրերին։ Այսինքն՝ երբ հունիսի վերջին վարչապետի հայտնի ասուլիսից հետո այդ թեման արծարծվեց, ու հետո Աղավնոյի տեղական կառավարման մարմնի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը հայտարարեց, որ իրենք դուրս չեն գալու Աղավնոյից, դրանից հետո ադրբեջանական կողմը սկսեց հրապարակումներ անել, որ եթե դուրս չգան, իրենք դիմելու են հատուկ գործողությունների, այսինքն՝ տեղեկատվական առումով նախապատրաստությունը գնում էր դեռ մեկ ամիս առաջ։ 

Այս օրերին, բնականաբար, ադրբեջանական մեդիայում շրջանառվում են վերջին գործողությունների հետ կապված տեսանյութեր, ինչը նաև հոգեբանական, տեղեկատվական պատերազմի կարևոր բաղադրիչ է։

Քանի որ Հայաստանում անորոշություն է, այսինքն՝ պաշտոնյաները, որոնք ըստ էության պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար, որոնք իրականության հետ կապ չունեն, հենց վերջերս Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ դեռևս չկա հաստատված նախագիծ, բայց ընդամենը օրեր կամ ժամեր անց հայտնի դարձավ, որ պետք է լքեն իրենց բնակավայրերը։ 

Ադրբեջանական քարոզչամեքենան իր անելիքը հստակ գիտի և այդ ուղղությամբ առաջ է գնում, ու հենց վերջերս էին հրապարակում արել «Հայաստանում վախենում էին ընդհուպ մինչև Երևանի հանձնումից» վերնագրով։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր հետագա գործողություններին, ապա մի շարք ուղղություններում նրանց քայլերը գալիս են հուշելու, որ նրանք իրապես կարող են գնալ նոր սադրանքների՝ կլինի դա Հայաստանի հետ սահմանին, թե Արցախի երկայնքով։

Այսինքն՝ երբ նրանք հասկանում են, որ ուժի, ուժի սպառնալիքի քաղաքականությունը իրենց հաջողվում է, ու հայկական կողմը հերթական անգամ, քանի որ երկու տարի ոչինչ չի արել իր անվտանգային համակարգը զարգացնելու ուղղությամբ, նորից զիջման է գնում, բնականաբար, իր այդ քաղաքականությունը շարունակելու է, իսկ աշխարհի ու միջնորդների աչքերին թոզ են փչելու, թե խաղաղ գործընթաց է գնում։ 

– Արցախում տեղի ունեցած սադրանքներից հետո ադրբեջանական կողմը հրադադարը խախտեց Հայաստանի հետ սահմանին ևս։ Այս սադրանքների նպատակը ո՞րն է։ 

– Նախ նպատակն այդ սողացող պատերազմի տրամաբանությունն է, երբ մարդիկ այս անորոշության մեջ չգիտեն՝ ինչ է սպասում իրենց։ Իշխանությունը ներքին առումով ոչինչ չի անում, և երբ մարդիկ հարցնում են, ի պատասխան ասում են, թե մենք հո ամեն բան չե՞նք տեսնելու: 

Իրականում տեսանելիությունը շոշափվում է հենց նրանում, երբ սպառնալիք է ստեղծվում, դու կարողանում ես այնպիսի պատասխան տալ, որ այդ կողմը խելոք վերադառնա բանակցային սեղանի շուրջ, եթե դու ոչինչ չես կարողանում նրան պատասխանել՝ ինչի՛ մասին է խոսքը։ Իրականությունն այն է, որ հերթական անգամ մեր հայրենակիցները ստիպված են լքել իրենց տները, ապրել անորոշության մեջ։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, «Զանգեզուրի միջանցքի» մասով Ադրբեջանի նախագահը նորից հայտարարություն է արել, ստացվում է, որ նրանք չե՞ն պատրաստվում հրաժարվել այդ նպատակից։

– Այդ հայտարարությունը նաև նախկինում է հնչել նույն բառապաշարով։ Երկար ժամանակ Իրանի վերջին նախազգուշացումներից հետո նրանք փորձում էին զգուշանալ այդպիսի հռետորաբանությունից, բայց վերջին շրջանում կրկին ակտիվացել են, հատկապես երբ իրենց այս վերջին ուլտիմատումը հաջողեց, այսինքն՝ նրանք կարողացան մի կողմ դնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ամբողջությամբ խախտել դա և ուժի սպառնալիքով իրենց հարցերը լուծել, նրանք իհարկե անցնելու են հաջորդին, ու դա շարունակական գործընթաց է լինելու։ 

Ադրբեջանը կանգ կառնի, եթե ձախողի, բայց նրանք մինչ այժմ Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունների կամ Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ այս գործողությունների արդյունքում փաստացի հասնում են իրենց նպատակին։ Եթե անգամ անհատների շնորհիվ հաջողվում է ինչ-որ բան կանխել, ապա կարճ ժամանակ անց պարզվում է, որ կան պայմանավորվածություններ, որոնցից ոչ ոք տեղյակ չէր։ 

Ադրբեջանն իր առջև դրված որևէ խնդրից չի հրաժարվի, քանի դեռ չի հանդիպել դիմադրության։ Ադրբեջանը չի գնում խաղաղության ճանապարհով, նա շատ ոգևորված է ձեռք բերված հաջողություններով, միջազգային առումով ևս ինտենսիվորեն աշխատում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Եվրամիության հետ, պայմանավորվածություններ է ձեռք բերում:

Իր համար շատ հարմար ժամանակահատված է գործընթացները հնարավորինս արագացնելու, քանի որ համապատասխան պաշտոնյաներն ու մարդիկ, որոնք սիրում են խոսել իրենց ձեռք բերած մանդատի մասին, զբաղված են կեղծ օրակարգերով ու սեփական բնակչությանը փաստի առաջ կանգնեցնելով։ 

– Ձեր խոսքում նշեցիք, որ Ադրբեջանը խախտեց եռակողմ հայտարարությունը, ինչո՞ւ այդ կողմերից Ռուսաստանը չարձագանքեց կամ չկանխեց այդ խախտումը։

– Արդարացի հարց է, որի պատասխանը կդժվարանամ տալ, որովհետև մենք չգիտենք՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նրանց միջև, ի վերջո, տարբեր տեղեկություններ են հայտնում, բայց փաստը մնում է փաստ, որ պաշտոնական Երևանի ասածն իրականությանը չի համապատասխանում։ 

Պաշտոնական Երևանը կա՛մ ստում է սեփական հանրությանը, կա՛մ տեղյակ չէ՝ ինչ է կատարվում իր շուրջը ու իր վերաբերյալ։ Երկու դեպքում էլ տուժում են քաղաքացիներ, որոնք բախվում են բարդ իրավիճակի ու պատերազմի վտանգի՝ չունենալով համապատասխան պատրաստվածություն։

– Տիկի՛ն Հայրապետյան, Բերձորն ու հարակից այլ գյուղեր հանձնելուց հետո ադրբեջանական կողմի հաջորդ քայլը ո՞րն է Արցախի մասով։

– Ճանապարհի հետ կապված ես չգիտեմ, թե ինչ այլընտրանքային տարբերակ են մշակել, բայց փաստը մնում է փաստ, որ Արցախ-Հայաստան կապը շատ է բարդանալու, ու այդ ֆոնին Ադրբեջանը շարունակելու է ճնշումները։ 

Ադրբեջանի նպատակը Արցախի մասով հստակ է՝ հայաթափել այն, ու գնալով այդ տարածքն այնքան է փոքրանում, որ Ադրբեջանի գործն ավելի է հեշտանում, ու այստեղ պետք են ոչ սովորական լուծումներ։ Այստեղ պետք են այնպիսի գաղափարների կրողներ, որոնք կկարողանան այս ամբողջ գաղտնի ու մեզ համար ոչ հստակ պայմանավորվածությունների շղթան կոտրել՝ անկախ նրանից, թե ով ում հետ ինչ է պայմանավորվել։ 

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am