«Առևտուր է գնում մեր, մեր գյուղերի, մեր բնակիչների կյանքի ու մնացած իրավունքների հաշվին». Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

Պարո՛ն Նահապետյան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա «ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որևէ հատուկ արտոնություններ»։ Ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ նրանք։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ նրանցը։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանցը։ Սա է միակ ճանապարհը»: Ինչի՞մասին է վկայում Իլհամ Ալիևի այս հայտարարությունը:

– Ադրբեջանցիները ռազմավարական գիծ են վերցրել, առաջ են տանում ու դրա շրջանակներում էլ հայտարարություններ են անում. նրանք բավականին կոշտ են տրամադրված կարգավիճակի հետ կապված հարցերում, որևէ կերպ չեն ուզում Արցախը կարգավիճակ ունենա, ու, կարծեք թե, դատելով Հայաստանում առկա նարատիվից, Հայաստանի կառավարությունն էլ առանձնապես շահագրգիռ չէ Արցախի կարգավիճակի հարցում:

Կարծում եք, որ Ալիևի հայտարարությունն առ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս պահին չեն բանակցում Արցախի կարգավիճակի շուրջ, քննարկում են միայն հայ-ադրբեջանական հարաբերությունները, իրականությանը համապատասխանո՞ւմ է:

– Մատուցման ու մեկնաբանման խնդիր կա. այն, ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք փաստաթղթերին, երկու կողմն էլ ասում է, որ դրա մեջ Արցախի կարգավիճակի խնդիր ձևակերպված չէ, բայց դա արդյոք նշանակո՞ւմ է, որ Արցախի կարգավիճակի մասին առհասարակ խոսակցություն չի՞ լինելու, խնդրի կարգավորում հնարավո՞ր է առանց Արցախի հարցի լուծման, վերջնական կարգավիճակի հստակեցման: Ես չեմ կարծում, թե դա հնարավոր է, մնացած բոլոր մոտեցումները ինքնախաբեություն են, որը շատ ցավոտ հետևանքներ է ունենալու երկու ժողովուրդների համար:

Պարո՛ն Նահապետյան, Ադրբեջանում արցախահայությունը ապահով կարո՞ղ է ապրել, ինչպես ասում է Ադրբեջանի նախագահը:

– Որ կարողանային ապրել, 30 տարի ձգվող այս հակամարտությունն ինչի՞ համար էր: Չեն կարողացել, չէ՞, ապրել, որ անկախության գործընթաց են սկսել:

Բերձորի ու Աղավնոյի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ ի՞նչ զարգացումներ եք ակնկալում հետագայում: Արդյոք հնարավո՞ր էր խուսափել այս տարածքների հանձնումից:

– Կոնկրետ Բերձորի ու Աղավնոյի հանձնումից հնարավոր կլիներ խուսափել, եթե լիներ այնպիսի երթուղի, որն իր մեջ կներառեր Բերձորն ու Աղավնոն, բայց ընդհանուր միտումը հետևյալն է. Հայաստանի ու Արցախի կառավարությունները ճնշման տակ Ադրբեջանի հետ կուլիսներում գալիս են պայմանավորվածությունների, որոնք ուժի կիրառմամբ իրականացվում են:

Բերձորի ու Աղավնոյի դեպքերի հետ կապված՝ Հայաստանը շրջանառության մեջ է դրել մանիպուլյացիա, որը բավական նման է ստին, փորձելով ստեղծել տպավորություն, թե հայ ժողովրդի անունից որևէ մեկը չի համաձայնեցրել այդ երթուղին: Հետո պարզվում է, որ համաձայնեցրել են ու համաձայնեցրել են Արցախի իշխանությունները, ու Հայաստանի իշխանություններն էլ ասել են, որ իրենց համար ցանկալի կլինի ցանկացած երթուղի, որն ընդունելի է Արցախի իշխանությունների համար:

Եթե այդ պայմանավորվածությունը եղել է նախապես, ինչպես ասում եք, այդ դեպքում ինչո՞ւ մինչ օրս պատրաստ չէ Լաչինի այլընտրանքային ճանապարհի հայաստանյան մասը:

– Կարծում եմ, որ հույս են ունեցել գազատարի ու կոմունիկացիոն այլ խնդիրները վերջնական հստակեցնելու, բայց, դե, մանկապարտեզ չէ, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները գնում են ու քարտեզի վրա գծում՝ ոնց պետք է անցնի ճանապարհը, ու թույլ են տալիս, որ թուրքական ընկերությունը մտնի այդ ճանապարհը սարքի, պետք է հասկանային, որ երբ դա ավարտին հասցվեր, Ադրբեջանը պահանջելու էր երթևեկել այլընտրանքային ճանապարհով:

Եթե ձեր ասած՝ վախից դրդված զիջումները շարունակվեն, ապագայում ի՞նչ է սպասում Արցախին ուՀայաստանին:

– Կործանման կանխատեսումներ չեմ անի, իրականում, այո՛, ավելի նվաստացուցիչ, ավելի վատ վիճակում ենք հայտնվելու, էլ ավելի շատ բաներ Ադրբեջանը կպահանջի ու կստանա, իսկ դա հանգեցնելու է նորանոր արյունալի բախումների, որովհետև ժողովուրդները պարտավոր չեն հաշտվել նվաստացուցիչ խաղաղության հետ: Այսինքն՝ հեռանկարի մաքսիմումը դա է, որ մեզ այնքան են ճնշելու ու նվաստացնեն, մինչև մի տեղ դա պայթելու է: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ մենք՝ որպես քաղաքացիներ, խնդիր ունենք մտածելու պատժի մեխանիզմների մասին:

Ադրբեջանի իշխանությունները մեզ ոչինչ պարտք չեն, նրանք բացահայտ ու հայտարարված թշնամի են մեզ, փոխարենը մեր առաջ պարտավորություններ ունեն Հայաստանի կառավարությունն ու Ռուսաստանը՝ ի դեմս խաղաղապահ ուժերի: Մենք պետք է մտածենք պատժի մեխանիզմների մասին, որպեսզի այդ երկու սուբյեկտն իրենց վրա զգա ցանկացած իրադարձության հետևանքը, որը կավարտվի արցախահայության իրավունքների խախտմամբ:

– Կարծում եք, որ ձեր նշած սուբյեկտներն իրենց պարտավորությունները պատշաճ չե՞ն կատարում, պարո՛ն Նահապետյան:

– Իհարկե չեն կատարում, որ պատշաճ կատարեն իրենց պարտավորությունները՝ Փառուխը, Քարագլուխը, Սև լիճն ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիների ձեռքին:

– Դա ինչի՞ հետևանք է՝ պայմանավորվածությա՞ն, թե՞ թուլության:

– Մարդիկ սեղանի շուրջը նստում են, Ռուսաստանն իր խնդիրներն է լուծում, Հայաստանն ընդհանրապես չի դիմադրում, իսկ Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է: Առևտուր է գնում մեր, մեր գյուղերի, մեր բնակիչների կյանքի ու մնացած իրավունքների հաշվին: Դա պետք է դադարեցնել՝ ցույց տալով, որ դա հետևանքներ է ունենալու: Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունները պետք է հասկանան, որ հաջորդ գյուղի հանձնումն ունենալու է հետևանքներ իրենց համար, դրա համար ամեն մեկս մեր տեղում պետք է մտածի, թե ինչպես ստեղծի այդ հետևանքները:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am