Ամենաեռանդուն, տքնաջան եւ անքուն նախագահը. Սերժ Սարգսյանի նախընտրական նոր հոլովակը` վրդովմունքի եւ դժգոհությունների առիթ

Ամենաեռանդուն, տքնաջան եւ անքուն նախագահը. Սերժ Սարգսյանի նախընտրական նոր հոլովակը` վրդովմունքի եւ դժգոհությունների առիթ
Ամենաեռանդուն, տքնաջան եւ անքուն նախագահը. Սերժ Սարգսյանի նախընտրական նոր հոլովակը` վրդովմունքի եւ դժգոհությունների առիթ
Հեղինակ MediaLab

Մարտի 1-ի դեպքերի, ընդդիմության ցույցերի, բնապահպանական ակցիաների և քաղաքացիական շարժումների կադրերով ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գովերգող խոսքերով նախընտրական գովազդային տեսահոլովակը, որտեղ նա ներկայացված է այդ բոլոր շարժումներում «քաղաքացիներին սատարող», հասարակության մեջ «համերաշխությունը վերականգնող» անձ, դժգոհությունների, վրդովմունքի ու քննարկումների ալիք է բարձրացրել:
Բնապահպանները, ընդդիմության ներկայացուցիչներն ու քաղաքացիական շարժումների ակտիվիստները խիստ բացասական և «անգրագետ» են որակում «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով ՀՀ նախագահի թեկնածուի նախընտրական տեսահոլովակը՝ պատրաստված առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ:
«Դա ուղղակի խայտառակություն է: Մարտի 1-ի իրավական գնահատականը նույնիսկ տրված չէ, հետաքննությունն ավարտված չէ, և նա նման կե՞րպ է իրեն ներկայացնում: Այսպես նա իր վրայից մարտի 1-ի պատասխանատվությունն է ուզում գցել»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքացիական շարժումների ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը:
Տեսահոլովակի սկզբում Հայաստանը ներկայացվում է 2008-ի նախագահական ընտրություններում «արհավիրքներից ցնցված», «պառակտված», «բևեռացված», իսկ հասարակությունը` «դեռ խորհրդային տարիներից եկող երևույթներով՝ մարդու նվաստացման, իրավազրկման, հարստահարման հետևանքով անջրպետված»:

«Ատելության ու թշնամանքի խրախճանքում Հայաստանը մոտենում էր անդունդի եզրին: Հարկավոր էր Հայաստանը հեռացնել անդունդից, և նա (Սերժ Սարգսյանը) երդվեց սատարել քաղաքացուն, ամոքել վերքերը, վերականգնել համերաշխությունը: Նա գործի լծվեց առաջին օրը, առաջին բառից, առաջին քայլով, տքնաջան օրերում ու անքուն գիշերներում: Հավատաց մեզ, համախմբեց մարդկանց, և մենք վերականգնեցինք կամուրջները»,- այս խոսքերն են հնչում տեսահոլովակի մեջ 2008-ի մարտիմեկյան բողոքի ցույցերի, քաղաքացիական ըմբոստությունների, ընդդիմության ներկայացուցիչների ճառերի կադրերին համակցած:

Հովհաննիսյանը կարծում է, որ տեսահոլովակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, «ով 2008-ին գրավել է իշխանությունը», նման կերպ ներկայացնելը ընդամենը փորձ է «ընտրություններին լեգիտիմության շղարշ գցելու և մարտի մեկի պատասխանատվությունը, մեղքը նրա վրայից մաքրելու»:

«Եթե ուզում էր հասարակությանը համախմբեր, թող ամբողջ ճշմարտությունը ներկայացներ հասարակությանը, թող մարտի 1-ի տասը զոհերի դատաքննությունն արդար ավարտին հասցներ,- ասում է Հովհաննիսյանը: – Սա անգրագետ տեսահոլովակ է և հակառակ ազդեցությունն է ունենալու: Այն հասարակության կողմից իր պատասխանն է ստանալու և հակագովազդ է դառնալու»:

Տեսահոլովակում անդրադարձ կա նաև Հայաստանում բնապահպանական, քաղաքացիական շարժումներին, որի ակտիվությունը «բարձր է» գնահատվում հենց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք և ներկայացնում նրան որպես անօրինականությունների դեմ պայքարող:

Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի այգու համար պայքարի ելած բնապահապանների և երիտասարդների հաղթանակները կրկին վերագրվում են Սերժ Սարգսյանին ՝«որպես թիկունք դարձած իր երկրի հոգսերով ապրող քաղաքացուն»:

«Սահմանադրական ավելի քիչ լիազորություններ ունենալով, քան անկախ Հայաստանի Հանրապետության որևէ նախագահ, նա դարձավ Սահմանադրության ամենաեռանդուն երաշխավորը»,- նշվում է տեսահոլովակի մեջ:

Լուսանկարիչ, բնապահպանական ակցիաների ակտիվիստ Եղիա Ներսեսյանը նշում է, որ իր համար զարմանալի չէր նախագահի կողմից նման քայլի դիմելը, «քանի որ իրականում և´ Թռչկանի ջրվեժի հարցում, և´ Մաշտոցի պուրակի դեպքում իրավական, տրամաբանական լուծում չտրվեց, ու հիմա նախագահն իրե՞ն է վերագրում այդ հաջողությունները»:

«Եթե դա ինքը պետք է իրեն վերագրի ու համարի, որ իր շնորհքն է, ապա պետք է իրեն վերագրի նաև մարտի 1-ի զոհերի ու բանակում զոհված զինվորների դեպքերը: Եթե ապահով, ճիշտ, արդար Հայաստանում ենք ապրում, ապա թող միայն հաջողություններն իրեն չվերագրի, թող ավելի անկեղծ լինի և սահմանադրական խախտումներն էլ իրեն վերագրի»,-«Մեդիալաբին» ասում է Ներսեսյանը:

Նա նշում է, որ այս առումով նույնիսկ ծուղակ է տեսնում քաղաքացիական ակտիվիստներին ներքաշելու քաղաքական գործընթացների մեջ և հավելում, որ խախտվել են նաև իրենց տեսանյութերի հեղինակային իրավունքները, որոնք օգտագործվել են տեսահոլովակում:

Իրավական տեսանկյունից ելնելով՝ հայկական իրավական տեղեկատուի իրավախորհրդատու Արսեն Թավադյանը նշում է, որ «Գովազդի մասին» օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով օրենքը չի կարգավորում քաղաքական գովազդի հետ կապված հարաբերությունները, ուստի այն չի կարող առիթ տալ ասելու, թե այս տեսահոլովակը խախտում է օրենքը կամ հակաիրավական է:

Իսկ «Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածը տալիս է հասկացություններ անբարեխիղճ գովազդի, կանխամտածված կեղծ գովազդի և հակագովազդի մասին, որի միջոցով գովազդատուն, գովազդ արտադրողը կամ գովազդակիրը կանխամտածված մոլորեցնում են գովազդ սպառողներին, կամ որի պատվերի, արտադրության և տարածման ընթացքում շրջանցվում են գործող օրենսդրությամբ սահմանված արգելքները և սահմանափակումները:

«Սակայն այդ 2-րդ հոդվածը չի տարածվում քաղաքական գովազդի վրա: Ուստի այս հասկացությունները կիրառելի չեն»,- «Մեդիալաբին» ասում է Թավադյանը:

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ այս նախընտրական գովազդային տեսահոլովակը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա դատական իշխանություն, չկա օրենսդիր համակարգ, որ «Սերժ Սարգսյանը երկրում կաթվածահար է արել բոլոր ինստիտուտները, միայն ինքն է` իշխանության բուրգի գագաթին բռնապետ նստած»:

«Նա իրեն գողականի պես է պահում և ցույց տալիս, որ հարց լուծող տղա է: Նույնը և կարող եմ ասել բնապահպանների ակցիաների վերաբերյալ, երբ նա ցույց տվեց, որ առանց դատական որոշման, իր ցանկությամբ մաքրում է հանրային տարածքը բուտիկներից»,- ասում է Հովհաննիսյանը և կոչ անում հասարակության բոլոր անդամներին, ովքեր պայքարում են երկրի արդարության համար, ձայն չտալ «այս զեղծարարին»:

© Medialab.am