«Նիկոլ Փաշինյանը վերախմբագրում է Անկախության հռչակագրի բովանդակությունը». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

– Պարո՛ն Ղուկասյան, Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»: Արդյոք այս նախադասությունը վկայո՞ւմ է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները որոշակի ճգնաժամ են ապրում:

– Հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափն ի սկզբանե ենթադրում էր, որ Հայաստանը պետք է ընդունի այն իրողությունը, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասարազոր դաշնակից պետություն է: Սխալն այն ենթադրությունն է, որ անկախությունը գլխավորապես կայանում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ: Այդտեղից է գալիս գլխավոր քաղաքական հակասությունը, որի մեջ հայտնվել է մեր իշխանությունը:

– Ձեր կարծիքով՝ Փաշինյանի ուղերձում Երևանի նկատմամբ Մոսկվայի ճնշումների մասին ակնարկ կա՞:

– «Ճնշում» բառն ընդունելի չէ Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին խոսելիս, որովհետև նրա կառավարությունը Կրեմլի ղեկավարության մաս է կազմում: Ճնշում են նրանց, ովքեր դիմադրում են, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ մի դիմադրություն ի վիճակի չէ ցուցաբերել Կրեմլին: Այն ամբողջությամբ խամաճիկ վարչակազմ է՝ Կրեմլի կողմից Հայաստանում տեղակայված:

– Այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ վարչապետը խնդիրների մասին բարձրաձայնում իր ուղերձում և ոչ թե դիվանագիտական խողովակներով:

– Պատկերացրեք, որ Հայաստանն ու Ադրբեջանը միութենական պետության անդամներ են: Այդ դեպքում առհասարակ անկախության հետ կապված հարց է առաջանում, որ դա ինչ-որ դեկորատիվ մի երևույթ է, քաղաքական նշանակություն չունեցող: Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի հովանու ներքո Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին կազմում են ընդհանուր քաղաքական, տնտեսական տարածք:

Նիկոլ Փաշինյանի այս ուղերձը վկայում է այն մասին, որ նա, ըստ էության, համարձակություն ունեցավ փորձել այդ մոդելը հանրությանը ներկայացնել ու մատուցել որպես մեր իղձ: Երբ 1990-1991-ին հռչակվում էր Հայաստանի անկախությունը, ես համարում եմ, որ դա արվում էր ոչ թե այն նպատակով, որ դաշնակցային հարաբերություններ ունենանք Ադրբեջանի հետ, այլ ճիշտ հակառակը:

– Դուք համարում եք, որ «ճգնաժամ» բառը տեղի՞ն չէ օգտագործել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:

«Ճգնաժամ» բառը տեղին է, եթե մենք խոսում ենք Հայաստանի մասին, Հայաստանի ինքնիշխանության մասին, հայ ժողովրդի ինքնուրույն ու անկախ տեսլականի մասին, բայց տեղին չէ, երբ խոսում ենք Հայաստանի այսօրվա կառավարության մասին:

Այսօրվա կառավարությունը լրիվ տեղավորվել է միութենական պետության մոդելի մեջ և գործում է, իր առաքելությունը տեսնում է նրանում, որ պահպանի այդ ձևաչափը: Թեև այդ ձևաչափը ֆորմալ առումով ձևակերպված չէ, բայց ոչ ֆորմալ առումով տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները արդեն գործում են այնպես, կարծես Հայաստանն արդեն այդ միութենական պետության անդամ է:

– Այսինքն՝ անկախության մասին ուղերձները, ելույթները պարզապես տեքստե՞ր են, որոնք իրականության հետ կապ չունեն:

– Նիկոլ Փաշինյանի պատկերացրած անկախությունը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համատեքստում: Հենց խոսքը դրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը վերախմբագրում է Անկախության հռչակագրի բովանդակությունը:

– Այս առումով կա՞ն վտանգներ Հայաստանի համար:

– Իհարկե կան: Դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվել ագրեսոր պետության հետ, որը ամբոջ աշխարհը դրել է լրջագույն ճգնաժամի մեջ իր գործողություններով, իր սանձազերծած ագրեսիվ պատերազմով Ուկրաինայի դեմ, դա մեծ վտանգ է Հայաստանի համար, հայ ժողովրդի համար: Իմ կարծիքով՝ սա քաղաքական սնանկության մասին է խոսում:

– Պե՞տք է արդյոք գոնե այլընտրանքներ փնտրել Եվրոպայում, Արևմուտքում:

– Հայ ժողովրդի քաղաքական էլիտայի պարտականությունն է հետևել ՀՀ Սահմանադրությանը և ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը, որով ներկա քաղաքական էլիտան զբաղված չէ: Այս իշխանությունը բացահայտ առաջ է մղում միութենական պետության ձևաչափը, որը որևէ աղերս չունի ինքնիշխանության տեսլականի հետ:

Ակնհայտ է, որ այս կառավարությունն ընտրել է և հայ ժողովրդին տանում է միութենական պետության ճանապարհով՝ օգտվելով այն վստահությունից, որ ժողովրդից ստացել էր հեղափոխությունից հետո: Սակայն մենք տեսանք, որ այս իշխանությունը, այնուամենայնիվ, վերածվեց տափակ, խամաճիկ մի խմբի:

– Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում ինչո՞ւ է շեշտում Ռուսաստանից իր վիրավորանքը կամ խոսում դաշնակցային հարաբերություններից:

– Որպեսզի իր շեֆին մատուցի իր պատրաստակամությունը նույնիսկ այդ ֆունդամենտալ հարցերում:

Մանե Հարությունյան

MediaLab.am