«ՊՆ-ի նախագծով վճարունակ ծնողները կկարողանան իրենց որդիներին լիակատար ազատություն գնել». Զարուհի Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

Տիկի՛ն Հովհաննիսյան, պաշտպանության նախարարության առաջարկած նախագծով միջինը 4.5 ամիս պարտադիր զինծառայություն անցած զինծառայողը ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու դեպքում հնարավորություն է ստանում վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Ինչպե՞ս եք գնահատում։

– Սկսենք նրանից, որ բանակային բարեփոխում իրականացնելն անհրաժեշտություն է, որովհետև մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ բանակի նկատմամբ վստահությունը ցածր է, և ծնողները ցանկացած գնով փորձում են վտանգավոր իրավիճակից հեռու պահել իրենց երեխաներին։ Նրանք դիմում են իսկապես բավականին արմատական քայլերի, օրինակ՝ ընդունում են այլ երկրի քաղաքացիություն՝ մնալով Հայաստանում։ Եվ այդ դեպքերը քիչ չեն։

Եթե մենք փորձենք ցանկացած դպրոց մտնել և մինչև 16 տարեկան տղաների շրջանում ուղղակի հետաքրքրվել, թե որ երկրի քաղաքացի են, կտեսնենք, որ Հայաստանի քաղաքացիները փոքրամասնություն են կազմում։ Եվ մի քանի տարի հետո մենք հստակորեն ունենալու ենք զորակոչի խնդիր։ Դա չի համալրվելու, ուստի բանակային բարեփոխման իրականացման խնդիրը օդի պես անհրաժեշտ է։

Բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչպե՛ս ենք իրականացնում այդ բարեփոխումը, ո՛ր մեթոդներն ենք կիրառում, և որքանո՛վ են այդ մեթոդները, եթե նույնիսկ միջազգային պրատիկայում առկա են, Հայաստանում կիրառելի ու օգտագործելի։ Մասնավորապես այն ճանապարհը, որով այսօր փորձում են գնալ պաշտպանության նախարարությունը և կառավարությունը, այն երկրների փորձն է, որտեղ մշտապես եղել են թեժ հակամարտություններ։

Օրինակ՝ սիրիական պետության շրջանակներում է պետք եղել այս բարեփոխումը, մասնավորապես, մի քանի ամիս զինծառայություն իրականացրած երիտասարդները հնարավորություն ունեն գումարի դիմաց ազատվել զինվորական ծառայությունից։ Եվ Հայաստանում այդ ճանապարհով գնալու պարագայում փաստացի ունենալու ենք սոցիալական լուրջ խնդիր։ Այն ընտանիքները, որոնք սոցիալապես անապահով են և չեն կարող վճարել բավական մեծ գումարը, 24 միլիոնը այսօրվա հաշվարկներով գրեթե 50 հազար ԱՄՆ դոլար է, դա Երևանում բնակարանի գումար է, որ մարդիկ պետք է վաճառեն իրենց բնակարանները, որ իրենց երեխաների հետագա զինապարտության խնդիրը լուծեն։ Սա ճեղքվածք է առաջացնելու ունևոր և չունևոր շերտերի միջև, և բանակը դարձյալ դառնալու է չունևոր խավի վայր, և մենք այլևս չենք ունենալու այն սոցիալական հավասարությունը, որը զինապարտության օրենքի շրջանակներում կար։

Իշխանությունն ասում է՝ մեկին ձեռք է տալիս 24 միլիոն դրամ մուծելը՝ կմուծի, մյուսին ձեռնտու է գնալ բարձր աշխատավարձով պայմանագրային զինծառայության՝ կգնա։ Այսպիսով, արդյոք ընտրելու հնարավորություն տալի՞ս են քաղաքացուն։

– Փորձում են ընտրության պատրանք ստեղծել, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ամենը խարսխված է սոցիալական ապահովության և վճարունակության վրա։ Եվ, բնականաբար, այն ընտանիքների երեխաները, որոնք չեն ունենա այդ հնարավորությունը, փաստորեն պետք է գնան «Հայրենյաց պաշտպան» ծրագրի շրջանակներում։ Ի դեպ, ասեմ, որ դա ևս մեծ խնդիր է առաջացնելու, որովհետև մենք մինչև հիմա երկրում կրթական խնդիրը չենք լուծել, որովհետև այդ հինգ տարվա շրջանակներում 18 տարին լրացած զինապարտները, եթե կտրվեն գործընթացներից, այլևս չեն էլ վերադառնա։

Մենք նույնիսկ երկու տարվա ընթացքում զգում ենք, թե որքան են փոխվում տղաների մտածելակերպը, նրանց աշխատունակությունը։ 2 տարով նրանք կտրվում են կրթական գործընթացներից կամ մասնագիտական ընտրության հնարավորությունից, 5 տարվա ընթացքում ընդհանրապես հնարավոր չի լինի վերադառնալ։

Ես իհարկե հասկանում եմ, որ սա որևէ տնտեսական, ֆինանսական միջոցներ չունեցող երկրում պրոֆեսիոնալ բանակի անցման հնարավորություն է տալիս, բայց մենք դարձյալ չենք լուծում հավասարության խնդիրը, այսինքն՝ հնարավորություն բոլորի համար, այլ մենք ստեղծում ենք հնարավորություն վճարունակների համար։

– Ըստ էության խախտվում է սոցիալական արդարությո՞ւնը։

– Սոցիալական արդարությունը իհարկե խախտվում է, որովհետև մենք դարձյալ դնում ենք ունևոր խավի հնարավորության հարցը, որը կկարողանա վճարել իր երեխայի համար այդ գումարը և ստանալ հնարավորություն հետագայում կրթություն ստանալու և նաև ազատություն՝ երկրից դուրս գալու։ Մենք գիտենք, որ այս տարիքի երիտասարդներին, եթե նրանք ծառայած չեն, հնարավորություն չի տրվում դուրս գալ երկրից։ Այսինքն՝ լիակատար ազատությունը գնվում է ծնողների կողմից և այն ծնողների կողմից, որոնք վճարունակ են։

Սակայն հնարավոր է գնալ բոլորովին այլ ճանապարհով և հավասար հնարավորություններ ստեղծել։ Օրինակ՝ դիցուք տասը տարվա ընթացքում բաշխելով այդ երկու տարվա ծառայությունը ամիսների վրա։ Այսինքն՝ երկու ամիս ծառայություն, մնացածը սովորելու, դուրս գալու, իրենց գիտելիքները կատարելագործելու հնարավորություն։

– Կա տեսակետ, որ շատերը նաև վարկեր կվերցնեն իրենց որդիներին բանակից ազատելու համար։

– Այո, մենք փաստացի գնում ենք մեր երեխաների առողջության, կյանքի և կրթության իրավունքը պետությունից։ Սա բավական լուրջ ծուղակի մեջ է դնելու ընտանիքներին, եթե մենք հիմա սոցիալական, առողջության, բնակարան ձեռք բերելու, տարբեր խնդիրների համար ենք վարկեր վերցնում, հիմա արդեն վարկ կվերցնենք մեր երեխաների կյանքի իրավունքը կամ բանակից ազատվելու հնարավորությունը ձեռք բերելու համար։

– Բայց սա մի կողմից էլ քաղաքացիությունը փոխելուն այլընտրանք չէ՞։ Շատերը զինծառայությունից ազատվելու համար Հայաստանի քաղաքացիությունից զրկվում են, Ռուսաստանի քաղաքացիություն են ձեռք բերում և այլն։ Սա դրան այլընտրանք չէ՞։

– Ինչ-որ տիպի այլընտրանք է, բայց դա դարձյալ հավասարությունը, սոցիալական արդարությունը խախտելու և այդ հավասար դիրքից բխող առաջարկ չէ։ Մյուս կողմից՝ մենք սոցիալական ճեղքվածք ենք առաջացնելու այն ընտանիքների համար, որոնք որևէ ելք չունեն, և երկու պարագայում էլ ավելացնելու են նրանց բեռը ցանկացած միջոցով, այդ թվում՝ նաև բանկային պարտավորությունների, վարկերի, պարտքերի միջոցով խրվելու այդ ֆինանսական բավական լայն օղակի մեջ։

Մանե Հարությունյան

MediaLab.am