«Ամենադաժան բանը կարոտն է, կարոտը էրեխուդ ձայնին, ամենաշատն այս կյանքում կուզեի Վահագիս ձայն լսել». որդեկորույս մայր

Խաչատրյանների համար 2021-ի հունիսի 3-ը հույսի շողը կորցնելու օրն էր, երբ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց, որ զոհվածն իրենց որդին է՝ Վահագնը։

«Ութ ամիս ապրել ենք հույսով, որ Վահագս ողջ է, մի տեղից կհայտնվի, բայց մարմնից մասունք գտնվեց ու համընկավ մեր ԴՆԹ-ի հետ…- պատմում է զոհված զինվորի մայրը՝ 46-ամյա Ալինա Գրիգորյանը: – Դժվար է, որ էլ հույս չունես, անհույս ապրելը շատ դժվար ա, կյանքը ոնց որ դժոխք լինի»:

2020 թվականին Վահագն Խաչատրյանը ընդամենը 19 տարեկան էր, 2,5 ամսվա ժամկետային զինծառայող, երբ սկսվեց պատերազմը: 

Մայրը՝ Ալինան, պատմում է, որ չնայած նորակոչիկ լինելուն, որդուն Ջրականից հոկտեմբերի 5-ին տեղափոխել են Հադրութ, որտեղ թեժ ռազմական գործողություններ էին ծավալվում: Չնայած սրան՝ որդին ծնողներին չի ասել, որ վտանգավոր գոտում է գտնվում: 

«Վահագն ասում էր՝ սաղ լավ ա, կայֆոտ ա, մա՛մ ջան, մի՛ մտածի, մի՛ անհանգստացի, մենք ապահով ենք, բայց իրանք ապահով տեղում չեն եղել… Մենք հետո պարզեցինք, որ իրանք մասնակցել են մարտերի, նորակոչիկ էին, բայց դիրքեր են հանել։ Հիմա հրամանատարի դեմ քրեական գործ ա հարուցվել, որ էրեխեքին թողել-փախել ա»,- ասում է Ալինան։

Վահագնի հրամանատար մայոր Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել, որի համաձայն 44-օրյա պատերազմում Վահանյանը լքել է մարտադաշտը, ինչի հետևանքով հոկտեմբերի 10-ին եղել են զոհեր, վիրավորներ ու գերեվարվածներ: Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվող նախկին բարձրաստիճան զինվորականը իրեն մեղավոր չի ճանաչում:

Մայրը հիշում է որդու հետ վերջին հեռախոսազրույցը 2020-ի հոկտեմբերի 8-ին, երբ Վահագնը զանգել և խոսել է ընտանիքի անդամների հետ: 

«Էդ օրը խոսեցինք, ասեցի՝ հիմա ո՞ւր եք գնում, ասեց՝ վերև, ասեցի՝ էդ որտե՞ղ ա, ի՞նչ ա, գոնե ապահո՞վ տեղ ա, թե՞ ինչ, ասեց՝ մա՛մ, թե ինչ։ Ասեցի՝ ո՞նց թե ինչ, որ ապահով չի, խի՞ եք գնում, ասեց՝ լավ, մա՛մ, էլ չեմ կարա խոսամ, հետո կհարմարվի, կզանգեմ, ու էլ չզանգեց,- ասում է մայրն ու շարունակում: – Մեզ հետո պատմեցին, որ էդ վերևը Հադրութի անտառի սարի վերևում վիշկայի մոտն էր, էդ վիշկի մոտ իրանք դիրքավորված են եղել, հակառակորդը պետք է ներքևից գար, դիրքավորվածները ներքևից պետք ա հարվածն ընդունեին, բայց թուրքի առաջին հարվածը վերևից ա եղել, հարձակումը վերևից ա եղել, որտեղ մեր էրեխեքն են դիրքավորված եղել»։

Վահագն Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝  ենթադրաբար ԱԹՍ հարվածից: 

«Բանավոր մեզ ասեցին, թե հավանական ա՝ ԱԹՍ֊ի հարվածից ա զոհվել։ Բայց մինչ էդ մենք իմացել ենք, որ շրջափակման մեջ են հայտնվել, թեժ մարտեր են էղել, որտեղ շատ զոհեր են եղել։ Վահագիս գտել են այդ տեղից մոտ 30 կիլոմետր հեռու։ Մենք ենթադրում ենք, որ հաջողվել է էդ տեղից ողջ դուրս գալ, հետո արդեն ուրիշ հատվածում ԱԹՍ-ի հարվածն է եղել»,- «Մեդիալաբին» պատմում է Ալինան:

Մայրը հուզվում է: Ասում է, որ չէր պատկերացնի, որ որդուն ողջ չի գտնի։ 

«Որ իրանից լուր չունեինք, էդ ընթացքում ես ինձ պատեպատ էի տալիս, դռնեդուռ ընկած Վահագ էի ման գալիս։

Երբ իմանում էինք՝ հիվանդանոցում Ջրականից տղա կա, ծառայել ա, գնում էի, հանում էի տղուս նկարը, ցույց տալիս, ասում էի՝ կարո՞ղ ա Վահագին տեսած լինես, լուր ունենաս։ Ոչ մեկը վատը չէր ասում, որ Վահագը զոհվել ա կամ իրան զոհված տեսել են։ Միայն լսել էին, որ թևից վիրավոր ա եղել»,- պատմում է մայրը: 

Ալինան ամեն անգամ հուզվում է որդու մասին խոսելիս, ասում է՝ որդու մահվանից հետո կյանքն իր համար կորցրել է գույնն ու իմաստը: 

«Կյանքն անգույն է, աննպատակ ապրում ենք»,- հուզում է նա:

Վահագն Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։

Վահագնը մինչ բանակ գնալը սովորել է պոլիտեխնիկի քոլեջում՝ կապեր և հաղորդակցություն բաժնում։ Մայրն ասում է՝ որդին որոշել էր բանակից հետո կրթությունը շարունակել և բարձրագույն ընդունվել, իր հետաքրքրություններից էր ծրագրավորումը, և որոշակիորեն տիրապետում էր ոլորտին։

Ալինան ասում է՝ ընտանիքի բոլոր անդամների համար է դժվար հաշտվել Վահագնի բացակայության հետ, քանի որ ընտանիքում սեր ու ներդաշնակություն կար, բոլորը կապված էին իրար և շատ էին սիրում Վահագնին: 

Մայրը հիշում է նաև իր սիրելի որդու սիրելիին: Նշում է՝ Վահագնը նաև ընկերուհի ուներ, ուզում էր ընտանիք կազմել, տուն կառուցել։ 

«Բայց ափսոս, ոչինչ չհասցրեց»,- հուզվում է մայրը։

Որդեկորույս մայրն ասում է՝ ցավը սփոփել հնարավոր չէ, կարոտը խեղդում է, համակերպվել դառը իրականության հետ չի ստացվում։ 

«Ամենադաժան բանը կարոտն ա, կարոտը էրեխուդ ձայնին, ամենաշատն այս կյանքում կուզեի Վահագիս ձայն լսել, հետը խոսել»,- հուզմունքից խոսքը չի կարողանում ավարտել 47-ամյա որդեկորույս Ալինան: 

Արփինե Արզումանյան

MediaLab.am