«Չեմ բացառում, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին ավելի մեծ ռազմական սրացում լինի կա՛մ հայ-ադրբեջանական սահմանին, կա՛մ Լեռնային Ղարաբաղում». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

 Պարո՛ն Գրիգորյան, Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք:

– Ընդհանուր առմամբ, այդ ելույթը որևէ նորություն չէր պարունակում, այսինքն՝ ինչ-որ շաբլոններով ելույթ էր: Հետաքրքրական պահն այն էր, որ համաձայնություն չկա ապաշրջափակման գործընթացում իրավական կարգավորումների վերաբերյալ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը բավարարված չէ, ինչպես և ակնկալելի էր, բանակցային սեղանին առկա փաստաթղթերով և ուզում է ստանալ ավելին, քան դրված է սեղանին, և ուժային գործիքակազմի կիրառման միջոցով փորձելու է ստիպել Հայաստանին զիջումների գնալ այդ հարցում:

Ադրբեջանի անբավարարվածությունը պայմանավորված է «Զանգեզուրի միջանցքո՞վ», թե՞ ոչ:

– Այո՛, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է այդ իրավակարգավորումների մասին, խոսքը հենց այդ ճանապարհին գործող կարգավորումների մասին է, ու հենց այդ կարգավորումներից է կախված՝ այդ ճանապարհը միջա՞նցք է կոչվելու, թե՞ ոչ, այսինքն՝ եթե Հայաստանի օրենսդրությունն ու ինքնիշխանությունը չեն հարգվում, և Հայաստանը դե ֆակտո որևէ վերահսկողություն չի ունենում այդ ճանապարհի նկատմամբ, ու ադրբեջանական բեռնատարներն ու այլ փոխադրամիջոցներ, ինչպես իրենք են ասում, «անխոչընդոտ կապ են ստանում» Նախիջևանի հետ, կարելի է խոսել միջանցքի մասին: Այլ հարց է, թե նման պայմանավորվածության կգնա՞ Հայաստանը, թե՞ ոչ:

Իսկ ռուսական կողմը նման պայմանավորվածությանը կո՞ղմ կլինի, թե՞ դեմ:

– Իմ կարծիքով՝ ռուսական կողմի համար այս պահին ամենակարևորն այն է, որ այդ հաղորդակցության ուղիները բացվեն, որպեսզի ինքը հնարավորություն ստանա նույն թուրքերի հետ ուղիղ կապ հաստատել:

Ռուսաստանի համար, մեծ հաշվով, կարծում եմ, տարբերություն չկա, թե ինչպես են այդ ճանապարհները բացվում, այսինքն՝ նկատի ունեմ, եթե Ադրբեջանը ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ իր ցանկացած տարբերակով ապաշրջափակումն իրականացնելու համար, չեմ կարծում, թե մեծ հակազդեցություն կլինի Ռուսաստանի կողմից, առավելևս, որ բոլոր տարբերակների իրագործման դեպքում ռուսական ներկայություն այդ ճանապարհներին լինելու է:

Պարո՛ն Գրիգորյան, այդ ելույթում վարչապետն ակնկալեց նաև Ռուսաստանի աջակցությունը թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, թե՛ տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում: Այս ակնկալիքը օգնության տրամադրման ակնա՞րկ էր՝ ուղղված ՌԴին, թե՞ այլ բան, ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Թուրքիայի հետ կապված գործընթացում՝ չեմ կարծում, թե օգնության ակնարկ է, կարծում եմ, պարզապես բարձրաձայնել է այն, ինչ հայտնի էր խնդրով հետաքրքրվող բոլոր մարդկանց համար, որ այս գործընթացը սկսվել է միայն Ռուսաստանի համաձայնության պատճառով, և պարզ է, որ Ռուսաստանը որոշակի դերակատարություն ունենալու է:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում խաղաղությանը, այո՛, ակնարկ եղավ նաև այն մասին, որ տարբեր ուժեր օգտվում են այն իրավիճակից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, ու փորձում են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Այստեղ, այո՛, ակնարկն ավելի շատ Ռուսաստանին էր ուղղված, որ եթե դուք չեք կարողանում կատարել ձեր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես ԼՂ-ում, ապա մենք գնալու ենք լուծումների նույն ադրբեջանական կողմի հետ, որովհետև այլընտրանք չունենք:

Մինչև տարեվերջ հնարավո՞ր է կնքվի խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ երկու կողմն էլ ակտիվ սկսել են խոսել այս մասին:

– Այո՛, հնարավոր համարում եմ, որովհետև Հայաստանը բրյուսելյան հանդիպման ընթացքում, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես հրաժարվել է այն դիրքորոշումից, որն ուներ վերջին վեց ամսվա ընթացքում, այն է՝ խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինեն ոչ միայն Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքները, այլ նաև Հայաստանի առաջ քաշած սկզբունքները, որոնց մեջ հիմնական կետը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը, բնակչության իրավունքներին ու կարգավիճակին:

 Այսինքն, ամենայն հավանականությամբ, հայկական կողմը համաձայնել է բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ, որի հիմքում ընկած են լինելու միայն Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքները, ինչը նշանակում է, որ որևէ հիշատակում չի լինելու ԼՂ-ի վերաբերյալ, ու սա հենց այն է, ինչ ցանկանում է Ադրբեջանը: Նա ի սկզբանե պատրաստ չէր Հայաստանի հետ քննարկել որևէ հարց, որն առնչություն ունի ղարաբաղյան հակամարտության կամ ԼՂ-ի հետ: Այդ առումով, կարծում եմ՝ կարելի է ակնկալել այդ փաստաթղթի արագ ստորագրում, եթե նաև հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Ադրբեջանն այդ փաստաթղթի ստորագրումը փոխկապակցում է հայ-ադրբեջանական համատեքստի մյուս երկու գործընթացի հետ, այսինքն՝ առաջընթացն այստեղ փոխկապակցում է առաջընթացով մյուս գործընթացներում:

Եթե այդ պայմանագիրը նման բովանդակությամբ կնքվի, ապա դա կնշանակի Արցախից հրաժարո՞ւմ, Արցախի հարցի փակո՞ւմ:

– Բազմիցս եմ նշել, որ եթե այդ փաստաթղթում առնվազն մեկ կետ չլինի այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ, որ ԼՂ-ի ապագայի հետ կապված հարցերի, ինչպես նաև հակամարտության կարգավորման շուրջ առանձին բանակցություններ պետք է տեղի ունենան, ապա այդ փաստաթուղթն առնվազն ուժեղացնելու է Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ հակամարտությունն այլևս չկա, որ Լեռնային Ղարաբաղ ևս չկա:

Ավելին՝ այդ փաստաթղթի ստորագրումից հետո մի շարք գործնական խնդիրներ են առաջանալու Հայաստանի ու Արցախի հարաբերություններում, օրինակ՝ ինչպե՞ս է հիմնավորելու՝ Արցախին, Արցախի բնակչությանը Երևանի կողմից ինչ-որ ֆինանսատնտեսական աջակցության տրամադրումը, եթե, մեծ հաշվով, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու կարգավիճակի հարցի շուրջ որևէ պայմանավորվածության չեն հասել:

Չեմ բացառում, որ նույնիսկ այդ փաստաթղթի ստորագրումից հետո էլ Երևանը կարող է շարունակել խոսել Արցախի անվտանգության, նույնիսկ կարգավիճակի մասին, բայց այդ դիրքորոշումն արդեն շատ ավելի թուլացած է լինելու, քան մինչ այդ էր:

Իսկ ռուս խաղաղապահների ներկայությունն այնտեղ կվտանգվի՞ այդ պարագայում, պարո՛ն Գրիգորյան:

– Այդ հարցում ևս Ադրբեջանի դիրքերը բավականին կուժեղանան, որովհետև, ինչպես գիտենք, ռուս խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում տեղակայվել է նաև Հայաստանի ստորագրությամբ: Եթե Հայաստանը դուրս է գալիս, կոպիտ ասած, այդ խաղից, ապա մնում է միայն Ադրբեջանի ստորագրությունը, ու Ռուսաստանն արդեն Ադրբեջանի հետ է բանակցելու, ու որևէ հակակշռող կողմ չի լինելու, որպեսզի Արցախի հայ բնակչության շահերը ևս հաշվի առնվեն: Ադրբեջանի համար հետագայում ավելի հեշտ կլինի ձերբազատվել խաղաղապահների ներկայությունից:

Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերը որքանո՞վ եք կապում այս գործընթացներն ավելի արագացնելու հետ:

– Կարծում եմ՝ կապված են այս գործընթացի ու ոչ միայն դրա հետ: Ադրբեջանը տեսնում է, որ այդ ուժային ճնշման մարտավարությունը բավականին արդյունավետ է, ու ամեն անգամ դիմելով ռազմական սադրանքների՝ կարողանում է ստանալ Հայաստանից այն, ինչ ցանկանում է, ու դա է պատճառը, որ հերթական ակտիվացման ականատեսն ենք լինում:

Ու ես չեմ բացառում, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին ավելի մեծ ռազմական սրացում լինի կա՛մ հայ-ադրբեջանական սահմանին, կա՛մ Լեռնային Ղարաբաղում:

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը Երևանում է: Ի՞նչ ակնկալել այս այցից: Արևմուտքն այս հարցերի, նույն խաղաղության պայմանագրի մասով ի՞նչ դիրքորոշում ունի:

– Այս այցն առաջին հերթին իրականացվում է իրավիճակին ծանոթանալու համար, դեսպան Ռիքերի առաջին այցն է համանախագահի կարգավիճակում, հետաքրքիր է նաև, որ առանձին այց է, սովորաբար ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները համատեղ են այցելում տարածաշրջան, սա կարող է նշանակել ավելի ինքնուրույն դեր ԱՄՆ-ի համար:

Ինչ վերաբերում է դիրքորոշմանը, ապա չեմ կարծում, որ նրանք որևէ կերպ խոչընդոտելու են այդ գործընթացը, եթե Հայաստանի իշխանություններն արդեն համաձայնել են գնալ ադրբեջանական տարբերակով:

Պարո՛ն Գրիգորյան, եթե այդ պայմանագիրը կնքվի այն բովանդակությամբ, ինչպես ասում եք, որքանո՞վ է երաշխավորված, որ դա լինելու է իսկապես խաղաղության պայմանագիր:

– Իրականում դժվար է կանխատեսել: Բացառված չէ, որ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել Հայաստանի թուլացած վիճակը, ինչպես նաև ոչ կոմպետենտ ու անհետևողական քաղաքականություն վարող իշխանությունների առկայությունը, որպեսզի հավելյալ ինչ-որ զիջումներ կորզի:

Հասկանալի է, որ նույն ապաշրջափակման գործում ևս Ադրբեջանը փորձելու է մաքսիմալիստական դիրքորոշմամբ հասնել լուծումների: Մի խոսքով՝ խաղաղության համար որևէ երաշխիք չկա, առավելևս, որ, ամենայն հավանականությամբ, ԼՂ-ի շուրջ ընդհանրապես որևէ պայմանավորվածություն չի լինելու, ու այդ հարցն առկախված է մնալու օդում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am