ՀԱԿ-ից կուսակցությո՞ւն. Կոնգրեսում գտնվող որոշ կուսակցությունների դուր չի եկել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը

Հայ ազգային կոնգրեսի կազմում գտնվող որոշ ուժերի ղեկավարներ կողմ չեն Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն առաջարկին, որ ՀԱԿ-ը պետք է վերածվի կուսակցության:
Հիշեցնենք, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր.
«Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»:
Կոնգրեսի կազմում գործող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը բացասական է վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի այս առաջարկին:

«Մեր կուսակցությունը պատրաստ չէ ՀՀՇ-ի հետ մեկ կուսակցություն դառնալու, դա միանշանակ է, որովհետև այն գործելակերպը, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայ ազգային կոնգրեսը որդեգրել է, ՀՀՇ-ի ընտրած ուղին էր, ՀՀՇ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրած ուղին էր: Այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ դա անհաջողության մատնվեց, այդ ուղին` «Բարգավաճ Հայաստանի» և Դաշնակցության հետ միասին համագործակցելու, ինչ-որ քաղաքական պայքար տանելու, փորձել նրանց հետ սահմանադրական կարգ վերականգնելու, չհաջողվեց»,- «Մեդիալաբին» ասում է Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ իրենց կուսակցությունն ի սկզբանե համաձայն չէր ՀԱԿ-ի առաջնորդի որդեգրած այդ մարտավարությանը, հիշեցրեց, որ մասնավորապես ԲՀԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ ՀԱԿ-ի ներսում համաձայնություն չկար, սակայն այս ուղին ընտրվեց:

«Այդքանից հետո տեսնում էինք առողջացման ճանապարհ, գործելակերպի վերափոխման միջոցով փորձել պահպանել Հայ ազգային կոնգրեսը, սակայն նման հայտարարություն է արվում»,- ասաց նա:

Սոս Գիմիշյանի խոսքով` ի վերջո ՀԱԿ-ի կազմում գտնվող որոշ ուժեր կարող են դուրս գալ ու ՀՀՇ-ի հետ միասին կուսակցություն ստեղծել:

«Կոնգրեսն այդ կուսակցություններին կասի` մնաք բարով: Կոնգրեսը կմնա: Կոնգրեսը ստեղծելու գաղափարը Լևոն Տեր-Պետրոսյանինն է, դա լավ գաղափար է: Չի բացառվում, որ նոր կուսակցություններ գան, համախմբվեն Կոնգրեսի շուրջը, դուրս եկած կուսակցությունները նորից հետ գան: Եթե այդքանից հետո հաջողվի պահպանել ՀԱԿ-ը, շատ լավ կլինի»,- նշեց Գիմիշյանը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նույնպես դեմ է ՀԱԿ-ը կուսակցության վերածելու առաջարկին:

Մակեյանը «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունն առաջիկայում նիստ կհրավիրի, որի ժամանակ իր դիրքորոշումը կհայտնի:

«Կարծում եմ, որ առանձին վերցրած մեկ կուսակցություն որևէ խնդիր չի կարող լուծել: Փոփոխության հնարավոր է հասնել միայն համաժողովրդական շարժման ձևավորման ճանապարհով, ինչը ստեղծվել էր»,- ասաց նա:

Մակեյանը նշեց, որ եթե Կոնգրեսում համախմբված 18, իսկ այնուհետև 15 կուսակցությունները չկարողացան խնդիրներ լուծել, անհասկանալի է, թե ՀՀՇ-ն ու մի քանի այլ կուսակցություններ, միավորվելով ու նոր կուսակցություն ստեղծելով, ի´նչ խնդիր պետք է լուծեն:

Այս ամենը, ըստ Մակեյանի, շատ լավ գիտակցում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Կուսակցություն ստեղծելը վաղաժամ է, բայց թե ինչո´ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը նման որոշում կայացրել, ի´նչ խնդիր է ուզում դրանով լուծել, անհասկանալի է»,- ասաց նա:

Ի դեպ, այսօր խորհրդարանում, անդրադառնալով այդ հարցին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ եթե ՀԱԿ-ը կուսակցություն դառնա, ՀՀՇ-ն կդադարի գոյություն ունենալուց և պետք է լուծարվի: Սա չի բացառում նաև ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը:

«Տեխնիկական հարց է, հնարավոր է` ՀՀՇ-ն մնա, հնարավոր է` լուծարվի»,- «Մեդիալաբին» ասում է Հայոցյանը:

Նա նշեց, որ ՀՀՇ-ն միանշանակ կողմ է Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ-ը կուսակցության վերածելու մտադրությանը: Իսկ հարցին, թե ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող շա՞տ ուժեր կմիանան այդ նախաձեռնությանը, նա պատասխանեց.

«Կապրենք` կտեսնենք»:

© Medialab.am