«Շատ հուսադրող են ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, բայց լավ կլինի, որ անցնեն ավելի գործնական քայլերի». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տեղեկություններով՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Հայաստանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ադրբեջանական ագրեսիայից»։ Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ ԱՄՆ-ն Հայաստանին զինամթերք կվաճառի։

Քիչ հավանական եմ համարում, որովհետև Հայաստանը գտնվում է մի ռազմաքաղաքական դաշինքում, որը, ըստ էության, ԱՄՆ-ի համար թշնամի կազմակերպություն է, ու հենց այդ առումով միշտ խնդիրներ են առաջացել, երբ քննարկվել է Հայաստանին զենք մատակարարելու հարցը։

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի հայտարարությունն ինձ համար շոկային էր, հաճելիորեն զարմացած էի, բայց քաղաքականության մեջ անհնարին բան չկա, այո՛, տեսականորեն հնարավոր է, որ ԱՄՆ-ն զենք վաճառի Հայաստանին, մանավանդ որ ներկայումս Հայաստանի համար դա էքզիստենցիալ խնդիր է: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ ու չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Հայաստանը նույնիսկ ահռելի քանակությամբ զենք է գնել ամիսներ առաջ, բայց դա էլ չեն մատակարարել։ Քանի որ զենքի մատակարարումների 90%-ից ավելին մշտապես իրականացվել է Ռուսաստանից, ապա Հայաստանն այս պահին շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած։

– Բայց որոշ փորձագետներ ասում են, որ եթե Հայաստանը որոշի զենք գնել ուրիշ պետություններից, դրան ամենևին չի խանգարի ՀԱՊԿ անդամ երկիր լինելու հանգամանքը:

– Որքան ես եմ տեղյակ, նման նախադեպ կա՝ ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել Ղազախստանին, իհարկե դա սահմանափակ քանակությամբ զենք է, բայց ես էլի եմ նշում, քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, մանավանդ որ տեսնում ենք՝ աշխարհը շատ արագ է փոխվում․ նախկին դաշնակիցները դառնում են թշնամիներ, բարեկամ երկրները միմյանց դեմ մահացու պատերազմ են մղում։ Ճիշտ է, սա մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է թվում, բայց նաև չի կարելի ամբողջովին բացառել։

– Ի՞նչ քայլեր պետք է անի հայկական դիվանագիտությունը, որպեսզի Հայաստանին ԱՄՆ-ի զենք վաճառելը իրական լինի։

– Հայաստանի դիվանագիտությունը պետք է լրջորեն աշխատի ԱՄՆ-ի հետ, պետք է ցույց տրվի, որ Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդրի առջև ու խնդիրներ ունի ռազմական մատակարարումների հետ կապված, բազմաթիվ երկրներ այսօր հրաժարվում են մեզ զենք վաճառելուց։

ԱՄՆ-ի համար էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը շատ լուրջ արժեք է, նրանք բազմիցս ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքում ամեն կերպ կաջակցեն Հայաստանին, ու մենք տեսնում ենք, թե դիվանագիտական մակարդակով ինչպիսի հզոր ապտակ են հասցնում Ադրբեջանին։

– Իսկ ի՞նչ սպասելիքներ ունենանք Ֆրանսիայից, պարո՛ն Վարդանյան։

– Ֆրանսիայից ավելի շատ դիվանագիտական ճնշում կարող ենք ակնկալել Ադրբեջանի վրա։ Նույն տրամաբանության մեջ էլ Ֆրանսիան զենք չի կարողանում տրամադրել Հայաստանին, բայց, որքան գիտեմ, 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահը Հայաստանին խոստացել էր հակաօդային պաշտպանության համակարգեր, որպեսզի հայկական կողմը կարողանա հակազդել ադրբեջանական դրոններին, բայց էլի նույն պատճառով այդ խոստումը չի իրականացրել։

Այս խնդիրը, որ մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, իսկ ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի թշնամական կառույց է, մեզ բավականին բարդ վիճակի մեջ է դնում, մենք չենք կարողանում շատ երկրներից զենք գնել կամ ստանալ։ Շատ երկրներ վախենում են, որ մեզ զենք վաճառելով, մանավանդ՝ արդիական, այդ զենքը կարող է հայտնվել Ռուսաստանի ձեռքին, ու Ռուսաստանը կսկսի ուսումնասիրել այդ զենքի տեխնոլոգիաները:

Ի դեպ, Ուկրաինայի պարագայում էլ կար այդ խնդիրը, երկար ժամանակ նրանք վախենում էին գերժամանակակից զենքեր մատակարարել Ուկրաինային, մտահոգություն ունենալով, որ այդ զենքը կարող է հայտնվել Ռուսաստանի մոտ, ու նրանք կսկսեն ուսումնասիրել այդ զենքերի տեխնոլոգիան։

– Եթե Հայաստանը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց ձեռնարկել, որքանո՞վ դա հեշտ ընթացք կունենա։

– Դա չափազանց բարդ կլինի, ես չեմ էլ սպասում, որ այս փուլում Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, որովհետև դա իր հետ կբերի նոր բազմաթիվ խնդիրներ, ռիսկերը չափազանց մեծ են։ Ռուսաստանը հանգիստ չի հետևելու, թե մենք ոնց ենք դուրս գալիս ՀԱՊԿ-ից, սադրանքներ կհրահրի, Ադրբեջանի հետ կպայմանավորվեն Հայաստանի կամ Արցախի սահմանին նոր ռազմական սադրանքներ իրականացնել։ Իրականում Հայաստանը ճահիճի մեջ է, երբ ՀԱՊԿ-ում մնալը բազմաթիվ խնդիրներ է բերում, իսկ դուրս գալը ևս հղի է բազմաթիվ ռիսկերով։

– Պարո՛ն Վարդանյան, ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին «զորքերը քաշել ելման դիրքեր»։ Այս կոչերով հնարավո՞ր է Ադրբեջանի զորքերի դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքից։

– Իմ կարծիքով՝ այսօր միայն ԱՄՆ-ն է ի վիճակի լրջորեն սանձել Ադրբեջանին, ու մեզ համար շատ կարևոր է հենց ԱՄՆ-ի հետ աշխատանք տանել։ Շատ հուսադրող են ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, բայց լավ կլինի, որ բացի հայտարարություններից անցնեն ավելի գործնական քայլերի, օրինակ՝ կասեցնեն Ադրբեջանին որոշակի ռազմական օգնություն տրամադրող բանաձևը, դա շատ կարևոր լծակ կլինի Ադրբեջանին ճնշելու համար։ Կարելի է նաև այլ պատժամիջոցներ կիրառել, որոնք իսկապես կսանձեն Ադրբեջանին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am