«Այսօր ամեն ինչ բացահայտված է, ու ճիշտ կլիներ, որ Հայաստանը մոտ օրերս սկսի ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը». Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, այնտեղ հնչած ելույթները, մասնավորապես Բելառուսի նախագահի ելույթը։

– Որևէ նորություն այդ նիստում չարձանագրվեց, տեղի ունեցավ այն, ինչ սպասելի էր։ Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում իր վրա բարդ խնդիրներ կամ բարդ խոսակցություններ վերցնող անդամի՝ Բելառուսի նախագահի կողմից, նա ակնհայտորեն նշեց այն, ինչ բոլորս գիտեինք, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի բարեկամն է, ու ՀԱՊԿ-ի մյուս երկրները՝ բացի Հայաստանից, Ադրբեջանի դեմ որևէ բան ձեռնարկելու մտադրություն չունեն ու չեն ունենալու։ Այստեղ հարց է առաջանում. արդյոք Ադրբեջանը Հայաստանի բարեկա՞մն էլ է, թե՞ ոչ, այս հարցին պետք է պատասխանեն իշխանությունները։

– Այսինքն՝ գործուն քայլեր ակնկալել պետք չէ՞ այդ կառույցից։

– Ի սկզբանե ակնհայտ էր, որ որևէ սպասելիք չպետք է կապել ՀԱՊԿ-ի հետ, և հասկանալի էր, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքելու։ Առաջին հերթին այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի գլխավոր շահառու Ռուսաստանը շահագրգռված է միջանցքի հարցում ու ցանկանում է, որ Ադրբեջանը Սյունիքով միջանցք ստանա, որովհետև այսօր Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը դա են պահանջում, ու սա հստակ տեղեկատվություն է բավական բաց աղբյուրներից, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է համոզել Հայաստանին համաձայնել միջանցքի տրամադրմանը:

Հաշվի առնելով սա՝ այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան սեպտեմբերին, ոչ մի կերպ չէին կարող հակասել Ռուսաստանի շահերին, իսկ եթե ոչ մի կերպ չեն հակասում, պարզ է, որ ՀԱՊԿ-ը չէր արձագանքելու Ադրբեջանի գործողություններին։ Առավելևս այսօր, երբ Լուկաշենկոյի շուրթերով ասվում է, որ Ադրբեջանը մեր բարեկամն է, հույս չունենաք, որ մենք Ադրբեջանի դեմ որևէ գործողություն կանենք, ու նույնիսկ սպառնալիք է հնչում, թե համաձայնեք նրան, ինչ առաջարկում է Ադրբեջանը, թե չէ ավելի վատ կլինի։

Այս պայմաններում շարունակել մնալ ՀԱՊԿ-ի անդամ ու աշխարհի հետ հարաբերվել որպես ՀԱՊԿ-ի անդամ, անիմաստ է։ Մեր իշխանությունների մինչ օրս տեղի ունեցած քայլերը կարելի է բացատրել որպես ստուգելու, բացահայտելու, մինչև վերջ հիմնավորելու՝ հետագայում ՀԱՊԿ-ին անդամակցելը դադարեցնելու մասին գործընթացի սկիզբը։ Այժմ ամեն ինչ ստուգված է, բացահայտված ու հիմնավորված, ու ճիշտ կլիներ, որ Հայաստանը մոտ օրերս սկսի այդ գործընթացը։

– Կսկսի՞, ըստ ձեզ, պարո՛ն Ղևոնդյան։

– Խելամտությունն ու պարզ տրամաբանությունը խոսում են այն մասին, որ Հայաստանն այսօր ՀԱՊԿ-ի հետ կապված այլ անելիք չունի։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խոսակցությունները, թե հայկական կողմը մերժում է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակն ու ընդունում արևմտյանը, իրականությանը չեն համապատասխանում, ավելին՝ դեռ սեպտեմբերին Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի առաջարկին։ Նշել է, որ պատրաստ է նաև ստորագրելու փաստաթուղթ, որով ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում կերկարացվի 10-15 տարով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի հայտարարութունը։

– Այո՛, ռուսական առաջարկները Հայաստանը սկզբունքորեն ընդունել է, բայց հարցն այն է, որ ռուսական առաջարկներում կա կետ, որին համաձայն չէ Ադրբեջանը, ու երբ ռուսական կողմին հարց է տրվում՝ արդյոք Ադրբեջանը համաձա՞յն է ձեր առաջարկին, իրենք ասում են՝ դուք համաձայնեք, մենք հետո մի բան կանենք։ Ռուսաստանը Ադրբեջանին համոզել չի կարողանում ու իր անկարողությունը փորձում է գցել Հայաստանի գրպանը, լավ է, որ չի կարողանում։

Չեմ կարծում, թե Սոչիում ինչ-որ բան կստորագրվի, որովհետև ռուսական խաղաղապահների ներկայությունը երկարաձգելու հետ կապված անհրաժեշտ է նաև Ադրբեջանի համաձայնությունը, իսկ այսօր Ադրբեջանին դա որևէ կերպ պետք չէ։ Հայաստանի շահերից, սակայն, բխում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը մնա Արցախում ու շարունակի իր առաքելությունը, քանի որ այսօր Հայաստանն իր անվտանգային հնարավորություններով Արցախի հայության անվտանգությունն ապահովել չի կարող։ Սա հասկանում է նաև Ռուսաստանը ու կարող է Ադրբեջանի միջոցով խափանել այս գործընթացը, այնպես որ, Սոչիում որևէ փաստաթղթի ստորագրումն իրատեսական չէ։

– Խաղաղության պայմանագրի մասո՞վ էլ որևէ թուղթ չի ստորագրվի։

– Խաղաղության պայմանագիրն առաջին հերթին պետք է պատրաստվի, որպեսզի այն քննարկվի, այժմ առկա է միայն մեկ առաջարկ, որը ռուսականն է, այլ առաջարկ, որի մասին ասում էր ՌԴ նախագահը՝ որպես այդպիսին ձևավորված գոյություն չունի։ Կան սկզբունքներ, մոտեցումներ, որոնց շուրջ որոշ կետերի շուրջ կան համաձայնություններ, որոշ կետերի շուրջ՝ ոչ, ու կա պայմանավորվածություն Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ այդ պայմանագրի հետ կապված քննարկումներ սկսելու, այսինքն՝ երկրորդ առաջարկ այս պահին չկա։ Առաջին տարբերակի մասին արդեն խոսեցի, հետևաբար որևէ պայմանագիր կնքելն այս պահին իրատեսական չէ, գոնե մինչև տարեվերջ, ինչպես հայտարարում էին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am