Ծուղակ Րաֆֆի համար. «Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել ժամանակ շահելու եւ հետընտրական գործընթացը մաշելու համար»

Ծուղակ Րաֆֆի համար. «Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել ժամանակ շահելու եւ հետընտրական գործընթացը մաշելու համար»
Ծուղակ Րաֆֆի համար. «Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել ժամանակ շահելու եւ հետընտրական գործընթացը մաշելու համար»

Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը վերջ դրեց Հայաստանում հետընտրական գործընթացներին: Այս կարծիքին է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Այսօր տեղի ունեցած իրադարձություններով Հայաստանում ավարտվեցին այսպես ասած հետընտրական գործընթացները, եւ եթե վաղը կամ մյուս օրը ինչ-որ հանրահավաքներ անցկացվեն, դրանք իրականում որեւէ քաղաքական լուրջ հետեւանքներ չեն կարող ունենալ»,-Հայաստանի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին անդրադառնալով` «Մեդիալաբին» ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ թեեւ նախագահական ընտրություններում պաշտոնապես ձայներով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր շարունակ վերջնագրեր էր ներկայացնում`ԿԸՀ տվյալների համաձայն հաղթանակ տարած նախագահ Սերժ Սարգսյանին` «Ազատության» հրապարակ կանչելով, այնուամենայնիվ այսօր նա ինքը վերջիվերջո գնաց նախագահական նստավայր:

Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանն իր հետեւից Բաղրամյան 26 եկած բազմաթիվ համակիրներին եւ աջակիցներին խոստացավ վաղը` ժամը 17:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ներկայացնել հանդիպման մանրամասները:

Սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը եւ դրան հետեւած լռությունը շատերին տարակուսելու եւ քննարկումների տեղիք են տվել, հատկապես Ազատության հրապարակում «իշխանությունը ժողովրդին» վերադարձնելու վերաբերյալ վերջինիս հաստատակամ ելույթներից հետո:

Սերգեյ Մինասյանն վերլուծելով վերջին օրերի հետընտրական զարգացումները, համոզված է, որ այսօրվա իրադարձություններից գործող նախագահը «սպասվածից ավելին շահեց»: Րաֆֆի Հովհաննիսյանի` ընդդիմության առաջնորդ դառնալու հավակնությունների վերաբերյալ քաղաքագետը նշում ` «այդ ճանապարհի վրա է»:

«Ես համոզված չեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է պահպանել այդ հնարավորությունը ասենք Երեւանի քաղաքապետի սպասվող ընտրությունների ժամանակ: Ես կարծում եմ, որ շատ մարդիկ, որոնք երեկ եւ առաջին օրը սպասում էին, որ նա իրեն հռչակեր որպես հաղթող նախագահ, ինչպես լինում է ավանդաբար Հայաստանում ընտրություններից հետո, որոշ չափով հիասթափված են այն քայլերից հետո, որոնք տեղի ուենցան երեկ եւ այսօր»,-կարծում է Սերգեյ Մինասյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին Ազատության հրապարակի հարթակում կանգնած ընդդիմադիրները, ըստ Սերգեյ Մինասյանի, կշարունակեն գործել այն ընդդիմադիր դաշում, որում գործել են մինչ այս.

«Ես կարծում եմ, որ համախմբում չի կարող լինել,-կանխատեսում է քաղաքագետը` ավելացնելով, որ միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը «ինչ-որ իդեալիստական սպասումներ ուներ», որով եւ կարելի է բացատրել նրա քայլերը:

Ի տարբերություն Մինասյանի, քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը իդեալիստական քայլերի մասին չի խոսում:

Վերլուծաբանն ասում է, որ փետրվարի 18-ի ընտրություններից հետո «դեժավյու» է ապրում: Նրա համոզմամբ, այս անգամ եւս ինչպես նախորդ տարիներին, իշխանությունը փորձում է ամեն ինչ անել «ժամանակ շահելու, հետընտրական գործընթացը մաշելու եւ ընդդիմության լիդերին երկրորդական ֆիգուր դարձնելու համար»:

Բոզոյանի համոզմամբ, այս իրավիճակում այլ բան չի մնում Րաֆֆի Հովհաննիսյանին, քան կոնսոլիդացիա ապահովելն ու հասարակական ճնշման ալիքը մեծացնելու միջոցով ինչ-որ նպատակի հասնելը:

«Ըստ էության, մենք հիմա նույն բանն ենք տեսնում եւ քանի որ այդ փորձը ունենք, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանում սահմանադրական ճանապարհով եւ մարտի մեկի ճանապարհով գնալը երկու ծայրահեղ տարբերակներ են, ուստի հարկավոր է ինչ-որ միջանկյալ տարբերակ ընտրել»,-«Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Թե ինչ ճանապարհ կարող է լինել դա, քաղաքագետը կանխատեսումներ չի անում:

Քաղաքագիտական տեսանկյունից, ըստ Բոզոյանի կամ ընդդիմությունը պետք է հաջողության հասնի բուն ընտրությունների ժամանակ, ինչպես եղավ Ուկրաինայում եւ Վրաստանում, կամ պետք է է ինչ-որ կառույց ստեղծի եւ կարողանա երկար տարիների ընթացքում ճնշումների միջոցով դանդաղ հաջողության հասնել, ինչպես եղավ Լեհաստանում:

Հայաստանում, սակայն, քաղաքագետի խոսքով, ոչ վրացական տարբերակն է աշխատել, ոչ էլ լեհական տարբերակը կաշխատի:

Իսկ իշխանությունը, ըստ, Երվանդ Բոզոյանի հանդիպումներ ու բանակցություններ է վարելու հանուն հանդիպումների եւ բանակցությունների.

«Նա մաշելու է գործընթացը, իսկ այդ դեպքում իշխանությունն ավելի շահեկան դիրքում կհայտնվի, քան Րաֆֆի Հովհաննիսյանը»,-նշում է նա:

Թե ինչու այս դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց հանդիպման, քաղաքագետը կարծում է.

«Ֆորմալ իմաստով նա եւս պետք է ցույց տա, որ ինքն էլ է բանակցությունների կողմնակից, բայց նա կարող է հայտնվել ծուղակում եւ մնալ բանակցությունների տակ, եթե փորձի հուսալ, որ բուն բանակցությունների միջոցով կարող է ինչ-որ բանի հասնել»,-կարծում է Երվանդ Բոզոյանը:

© Medialab.am