Պահանջում ենք վերականգնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ արդարությունը. Հայտարարություն

Պահանջում ենք վերականգնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ արդարությունը. Հայտարարություն
Պահանջում ենք վերականգնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ արդարությունը. Հայտարարություն

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«2018 թվականի հուլիսի 2-ին Քրիստինա, Մարիա եւ Անգելինա Խաչատուրյանները (համապատասխանաբար 19, 18 եւ 17 տարեկան) Մոսկվա քաղաքում սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, ով տարիներ շարունակ դաժանաբար բռնության էր ենթարկել աղջիկներին։

Գործի քննությամբ պարզվել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաեւ ինքնապաշտպանության միջոց՝ պղպեղի արցունքաբեր խառնուրդ պարունակող սփրեյ էին կիրառել վերջինիս նկատմամբ։ Սպանությունից անմիջապես հետո Քրիստինա Խաչատուրյանը զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել կատարվածի մասին։

Գործով քննության արդյունքում՝ 2018 թվականի սեպտեմբերին դատարանի որոշմամբ քույրերի նկատմամբ նշանակվել էր տնային կալանք, սակայն դեպքից գրեթե մեկ տարի անց՝ հունիսի 14-ին, Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի ж) կետով, այն է՝ խմբակային կանխամտածված սպանություն, որի համար նախատեսվում է 8-ից մինչեւ 20 տարի ազատազրկում։

Անընդունելի է Խաչատուրյան քույրերի նկատմամբ նման մեղադրանքի առաջադրումն այն պարագայում, երբ գործով վկաների ցուցմունքերը փաստում են տարիներ շարունակ Միխայիլ Խաչատուրյանի կողմից աղջիկների նկատմամբ պարբերաբար կիրառված բռնության դեպքերի մասին։ Խաչատուրյան քույրերն իրենց տված ցուցմունքներում նշում են ոչ միայն տարիներ շարունակ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության դեպքերի, այլեւ հոր կողմից սեռական բռնության մասին, որը կատարվել է պարբերաբար, եւ ինչի պատճառով քույրերը նույնիսկ տնից փախուստի փորձեր են կատարել։

Սեռական բռնության մասով վկայություն է տվել նաեւ սպանվածի որդին՝ Սերգեյը, ում խոսքով մի անգամ մեծ քույրը զանգահարել է իրեն եւ պատմել, որ հայրը փոքր քրոջը ստիպել է իր հետ լոգանք ընդունել։ Ֆիզիկական բռնության վերաբերյալ ցուցմունք են տվել նաեւ քույրերի համադասարանցիները՝ նշելով նրանց վրա պարբերաբար հայտնված կապտուկների մասին։ Համանման ցուցմունքներ են տվել նաեւ նրանց հարեւանները՝ նշելով որ քույրերի վրա նկատել են կապտուկներ, տնից լսել են ճչոցներ, գոռոցներ։ Միխայիլ Խաչատուրյանը պարբերաբար բռնություն է գործադրել նաեւ նախկին կնոջ՝ Աուրելիա Դունդուկի նկատմամբ, ում պնդմամբ, ամուսինը նաեւ իրեն էր ծեծում եւ նվաստացնում։

Տվյալ գործն ակնհայտորեն ցույց է տալիս, որ հայրիշխանական համակարգը չի արժեւորում կնոջ կյանքն այնպես, ինչպես կարժեւորեր տղամարդու կյանքը եւ ըստ այդմ՝ չի ստեղծում համապատասխան պայմաններ կամ ստեղծում է լրացուցիչ խոչընդոտներ եւ պատժիչ համակարգեր, որոնք ազդում են կնոջ առողջության եւ կյանքի վրա:

Ընտանեկան բռնության գործադրման անտեսման, ինչպես նաեւ պետության կողմից կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունից եւ չարաշահումից պաշտպանելու պարտականության իրականացման ձախողման ակնհայտ օրինակ է, երբ պետությունը Միխայիլ Խաչատուրյանի համար ստեղծել էր անպատժելիության մթնոլորտ՝ նպաստելով նրա՝ տարիներ շարունակ դրսեւորվող հանցագործության իրականացմանը, ինչի արդյունքում կիրառվող բռնությունից պաշտպանվելու միակ տարբերակը Խաչատուրյան քույրերի համար անհրաժեշտ պաշտպանության վիճակում սեփական եւ այլոց կյանքը, առողջությունն ու իրավունքները հանրորեն վտանգավոր ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելն էր։

Մենք միանում ենք Ռուսաստանում պայքարակից մեր քույրերի հորդորներին եւ պահանջում պարբերաբար բռնությունների ենթարկված Խաչատուրյան քույրերի նկատմամբ արդարության վերականգմանը»։