Իշխանությունների գործողություններից միջազգային հանրությունը հետևություն է անում, որ Արցախը Հայաստանին անհրաժեշտ չէ. Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, Ադրբեջանը միջազգային ի՞նչ կոնվենցիաներ է խախտում՝ Արցախի Հանրապետությունում նմանատիպ իրավիճակ ստեղծելով, ու Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել այս իրավիճակը, որպեսզի Թուրքիային ու Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկեն։

– Չեմ կարծում, թե Հայաստանն ունի միջազգային պատասխանատվության ենթարկելու հնարավորություն, որովհետև իշխանությունները, կարծես թե, հակաադրբեջանական, հակաթուրքական քայլերի չեն գնում, գործողություններ չեն իրականացնում։ Այս տեսանկյունից, ձեր հարցի տրամաբանության մեջ, կարող եմ ասել, որ չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները գնան ինչ-որ հստակ գործողությունների Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ 

Այո՛, միջազգային աղմուկ կբարձրանա, արդեն տարբեր երկրների պաշտոնյաների կողմից հայտարարություններ եղել են, բայց դրանք սոսկ հայտարարություններ են, որևէ գործողություն, ինչպես տեսնում եք, հետպատերազմյա ժամանակներում, կարելի է ասել, համարյա թե չի արել ու, կարծում եմ՝ չեն էլ անելու, որովհետև, վերջիվերջո, իրենց ակնկալիքն այն է, որ առաջինը Հայաստանը պետք է քայլ անի, եթե ուզում է պաշտպանել իր ժողովրդի անվտանգությունը, սահմանները, եթե ոչինչ չես անում, ուրեմն Արցախը քեզ անհրաժեշտ չէ։ Այնպես որ, ակնկալիքներ չպետք է ունենալ, առաջին ակնկալիքը մեզնից պետք է ունենալ, բայց քանի որ մերոնք առանձնապես գործողություն էլ չեն անում, միջազգային հանրությունն էլ առաջնորդվում է դրանով, որ, դե, ուրեմն իրենց պետք չէ։

– Ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ ոչ թե հնարավորություններ չկան, այլ օրվա իշխանությունը ցանկություն չունի միջազգային պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։

– Մեծ հաշվով ստացվում է այնպես, որ մեր իշխանությունների գործողություններից միջազգային հանրությունը հետևություն է անում, որ Արցախը Հայաստանին անհրաժեշտ չէ, և Հայաստանը որևէ ներդրում չի ուզում ունենալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կամ այդ իրավունքը պաշտպանելու համար, Արցախի կարգավիճակի համար և այլն։ Բնականաբար, եթե Երևանից նման ազդակներ ու սիգնալներ չեն գնում, միջազգային հանրությունն էլ հո հայերից ավելի հայ չի՞ լինելու, նրանք էլ իրենց օրակարգային շահերով են առաջնորդվում։

– Բայց միջազգային կոնվենցիաների խախտումներ կա՞ն Ադրբեջանի գործողություններում, պարո՛ն Սարգսյան։

– Իհարկե, Ադրբեջանը, բնականաբար, մարդու իրավունքների տեսանկյունից տասնյակ խախտումներ է կատարում, բայց որևէ միջազգային մեխանիզմ գործարկելուց առաջ անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանան այդպիսի մեխանիզմներ կիրառել, ստացվում է այնպես, որ նման ցանկություն չկա։

– Ռուբեն Ռուբինյանի երեկվա հայտարարությունըն ինչպե՞ս կմեկնաբանեք, ճի՞շտ է ասել, որ այս իրավիճակում Հայաստանը պարտավորություն չունի։

– Ակնհայտ է, որ այս գործողություններով Ադրբեջանը ապտակում է Ռուսաստանին ու ռուս խաղաղապահներին, ու նույն տրամաբանության մեջ է գործում նաև Հայաստանի իշխանությունը՝ մեղքն ամբողջությամբ բարդել Ռուսաստանի ու խաղաղապահների վրա։ Բայց խաղաղապահներն էլ ասում են, եթե Արցախը ձեզ պետք չէ, ապա մենք ձեզնից ավելի շատ պարտավորություն չունենք պաշտպանելու Արցախը։ Այսինքն՝ այս լեգիտիմ հարցերը բնականաբար ծագում են ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հանրության ու ռուսների մեջ։ Հայաստանի իշխանությունների նման դիրքորոշումը խանգարում է նաև միջազգային հանրությանը, այլ խաղացողների՝ ունենալ գոնե մի փոքր պրոհայկական դիրքորոշում։ 

– Կարծիքներ կան, որ հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու, համակարծի՞ք եք։

– Արցախի անկախությունը ճանաչելու համար առավել նպաստավոր պայմանները մենք բաց ենք թողել, ինչի հետևանքով էլ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ հիմա շատ դժվար է ասել՝ ընդհանրապես Հայաստանի իշխանությունները նման ցանկություն, հնարավորություն կամ կարողություն ունե՞ն, թե՞ ոչ։ 

Իմ կարծիքով՝ ավելի օգտակար կլիներ, որ այդ գործընթացը միջազգային հանրության կողմից գնար, որովհետև դա շատ լուրջ ճնշում կլիներ Ադրբեջանի վրա։ Մեր իշխանությունները, իհարկե, դա չեն ուզում անել, բայց պետք էր աշխատել միջազգային հանրության հետ Արցախի անկախության ճանաչման համար։

– Պարո՛ն Սարգսյան, նկատի ունենալով տեղի ունեցող զարգացումները՝ լուրջ ակնկալիքներ չպե՞տք է ունենալ միջազգային հանրությունից։

– Միջազգային հանրությունը միշտ նայելու է Հայաստանին․ երբ միջազգային հանրությանը պարբերաբար ասում են Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, իրենք ասում են՝ դուք չեք ճանաչել, մեզնից ի՞նչ եք սպասում։ Մեր շահերը նախ մենք պետք է պաշտպանենք, հետո նոր ապավինենք ուրիշներին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am