«Հայաստանը  մեծ անելիք ունի, որ Ռուսաստանում դատարանը հորը սպանած աղջիկներին վերաբերվի որպես դաժան բռնության զոհերի, այլ ոչ որպես հանցագործների». իրավապաշտպան

«Հայաստանը  մեծ անելիք ունի, որ Ռուսաստանում դատարանը հորը սպանած աղջիկներին վերաբերվի որպես դաժան բռնության զոհերի, այլ ոչ որպես հանցագործների». իրավապաշտպան
«Հայաստանը  մեծ անելիք ունի, որ Ռուսաստանում դատարանը հորը սպանած աղջիկներին վերաբերվի որպես դաժան բռնության զոհերի, այլ ոչ որպես հանցագործների». իրավապաշտպան

2018 թվականի հուլիսի 2-ին Մոսկվա քաղաքում իրենց 57-ամյա հորը սպանած Քրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները կանգնած են դատարանի առաջ։ Նրանք պնդում են, որ հայրը տարիներ շարունակ դաժանաբար բռնության է ենթարկել իրենց։

Գործի քննությամբ պարզվել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը դանակի 35 հարված էր հասցրել հորը, իսկ մյուս երկու քույրերը, հարվածելուց բացի, նաև ինքնապաշտպանության միջոց՝ պղպեղի արցունքաբեր խառնուրդ պարունակող սփրեյ էին կիրառել վերջինիս նկատմամբ։

Գործով քննության արդյունքում՝ 2018 թվականի սեպտեմբերին դատարանի որոշմամբ քույրերի նկատմամբ նշանակվել էր տնային կալանք, սակայն դեպքից գրեթե մեկ տարի անց՝ հունիսի 14-ին, Խաչատուրյան քույրերին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի ж) կետով, այն է՝ խմբակային կանխամտածված սպանություն, որի համար նախատեսվում է 8-ից մինչև 20 տարի ազատազրկում։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» անընդունելի է համարում Խաչատուրյան քույրերի նկատմամբ նման մեղադրանքի առաջադրումն այն պարագայում, երբ գործով վկաների ցուցմունքները փաստում են տարիներ շարունակ Միխայիլ Խաչատուրյանի կողմից աղջիկների նկատմամբ պարբերաբար կիրառված բռնության դեպքերի մասին։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն կատարվածին։ «Մեդիալաբի» հետ զրույցում իրավապաշտպանը նշեց, որ իրականում, այն, որ Հայաստանն իրեն համարում է համայն հայության երկիր, պաշտպան և դիվանագիտական մակարդակներում հաճախ փորձում է հայերին պաշտպանել կամ նեցուկ կանգնել, հնարավորություն է տալիս, որ այն պայմաններում, երբ արդարության խիստ պահանջ կա, և Ռուսաստանը բոլորովին չի անդրադարձել հարցին այն տեսանկյունից, որով ճիշտ կլիներ անդրադառնալ և աղջիկներին վերաբերվեր որպես զոհերի, ոչ թե որպես հանցագործների, և անգամ հետմահու քրեական գործ սկսեր և բացահայտեր ողջ իրականությունը, այդտեղ Հայաստանն իրապես մեծ անելիքներ ունի։ Դրանով, ըստ նրա, նաև ցույց կտա, որ Հայաստանում երեխաների հանդեպ նմանատիպ բռնությունները դատապարտելի են։

«Դա շատ կարևոր ուղերձ է համայն աշխարհին և, մասնավորապես, Ռուսաստանին, որովհետև ինձ հասած տվյալներով, այնտեղի հայ համայնքը ընդհանրապես աղջիկներին պաշտպանելու փորձեր չի անում, ընդհակառակը՝ օտարում է իրենից այս ամբողջ պատմությունը՝ համարելով, որ հայկական ընտանիքներում բռնություն չկա, և նման իրավիճակը արտառոց է և անընդունելի։

Այսինքն՝ պետք է լինի հայկական պետության կողմից պաշտպանություն։ Դա շատ կարևոր ուղերձ է, որ Հայաստանը պետք է ուղղի, և շատ կարևոր է այն հանգամանքը, որ աղջիկները չունեն որևէ պաշտպանություն հայրենակիցների կողմից։ Հայկական պետությունը կարող է լրացնել այդ բացը»,- կարևորեց Զարուհի Հովհաննիսյանը:

Հարցին՝ իշխանությունների միջամտությունը որքանով կարող է արդյունավետ լինել, թե՞ դա կարող է դիտարկվել որպես միջամտություն ՌԴ իրավական ներքին հարցերին, իրավապաշտպանը նշեց, որ սա քաղաքական գործ չէ, քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, և եթե այն լիներ քաղաքական, հնարավոր է, որ դիտարկվեր որպես միջամտություն, բայց սա մարդու իրավունքների և ավելի շատ մարդասիրական համամարդկային գաղափարների բարձրաձայնման հարթակ է և ազդակ, որ պետք է անպայման ձեռք մեկնել աղջիկներին։

«Ընդհանրապես, իրավիճակը սարսափելի է, և այստեղ նաև վեր է հանվում պետության ամբողջ անգործությունը։ Տարբեր մարմինների կողմից կարող էր կանխարգելվել այդ բռնությունը, կամ աղջիկների հանդեպ պաշտպանություն լիներ, բայց այդ ամենը չի արվել ո՛չ պետության կողմից, ո՛չ էլ հասարակության։

Ընդհակառակը, պետության հովանավորությունն է վայելում բռնարարը ամենաթողության և անպատժելիության տեսանկյունից։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բռնարար վարկ ունեցող անձինք նաև կապված են լինում իրավապահ համակարգի հետ։ Իրավապահ համակարգը նրանց համար շատ հաճախ միջոց է անարգել գործելու»,- ասաց նա։ Իրավապաշտպանը նշեց, որ աղջիկների հայրը կապված է եղել նաև թմրանյութերի վաճառքի և նմանատիպ այլ քրեական արարքների հետ, և նրա կինը բազմիցս դիմել է, որ զենքի սպառնալիքով դուրս է վռնդվել, էլի չի տացել օգնություն։

«Այս ամենը ազդակներ են, որ հանդուրժողականություն կա բռնության հանդեպ, և որոշ քրեական տարրեր մշտապես վայելում են իրավապահների հովանավորությունը»,-եզրափակեց Զարուհի Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

Մանե Հարությունյան

MediaLab.am