«Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելուն ուղղված միջազգային քրեական գործիք է». Արման Զրվանդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի համակից պրոֆեսոր, փաստաբան Արման Զրվանդյանը

– Պարո՛ն Զրվանդյան, Հայաստանի Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում։ Այսօր Կառավարության նիստում ընդունվեցին որոշումներ, և փաստորեն առաջին հերթին Կառավարությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար: Հաշվի առնելով նախկին փորձը, երբ ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել այս փաստաթուղթը, հնարավո՞ր է այս անգամ էլ տորպեդահարի գործընթացը:

– Այո՛, միջազգային պայմանագրերը պետության կողմից վավերացնելուց առաջ Սահմանադրական դատարանը գնահատում, կարծիք է տալիս, և 2004 թվականին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությունը ուսումնասիրելիս ասել է, որ այն Հայաստանի Սահմանադրությանը չի համապատասխանում: Հակասահմանադրական է ճանաչել մի քանի հիմքով, օրինակ՝ միայն դատարաններն են իրականացնում արդարադատություն: Հիմա էլ Սահմանադրության այդ կետը նույնն է, չի փոխվել, բայց ընկալումներն են փոխվել, և կարծում եմ՝ ՍԴ-ն նախկին կարծիքին չի լինի:

Սուվերեն երկիրը տալիս է համաձայնություն, և Միջազգային դատարանն էլ իրավազորություն է ստանում արդարադատություն իրականացնել: Սահմանադրությունը չի ասում՝ միայն Հայաստանի դատարաններն են արդարադատություն իրականացնում, և Միջազգային քրեական դատարանը նույնպես դատարան է, Հայաստանը տալիս է իրավազորություն՝ որոշում կայացնելու:

2004-ին ինչ կարողացել են, գրել են, որ խոչընդոտեն Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթացը: Իմ խորին համոզմամբ՝ դա արվել է արտաքին ուժերի ընկալումներից ելնելով: Ժամանակին ԱՄՆ-ն շատ թշնամաբար էր վերաբերվում Միջազգային քրեական դատարանին, իսկ հիմա՝ ոչ, ՌԴ-ն զորքեր ունի Հայաստանում և, բնականաբար, չէր ցանկանա, որ այդ երկիրը վավերացնի այդ կանոնադրությունը, որովհետև վաղը, մյուս օրը այդ զորքերը ընկնելու են այդ դատարանի իրավազորության մեջ: Իմ կարծիքով՝ ՍԴ-ն այս ձևական հիմքերով խոչընդոտեց վավերացման գործընթացը:

Հիմա ամեն ինչ փոխվել է, այլևս նույն Հայաստանը չէ, և Կառավարությունը որոշեց սուվերեն որոշում ընդունել, ինչը բխում է մեր երկրի շահերից:

ՍԴ-ն նաև կարող է իր կայացրած որոշումը վերանայել. անցել է 18 տարի, իրավական ընկալումներն են փոխվել, Սահմանադրությունն է երկու անգամ փոխվել: ՍԴ-ն կարող է պարզապես սահմանադրական համարել փաստաթուղթը կամ հակառակը, ինչպես ասացիք՝ տորպեդահարել: Բայց չեմ կարծում՝ ընտրեն վերջին տարբերակը:

– Պարո՛ն Զրվանդյան, Կառավարության նիստում նաև մատնանշվեց հստակ ժամկետ՝ 2021-ի մայիս, թեպետ վարչապետն ասաց, որ դա կարող են վերանայել: Խնդրում եմ բացատրել՝ հետադարձ ուժի հնարավորության մասի՞ն է խոսքը:

– Այո՛, Հայաստանը կարող է վավերացնել և օրենքով հայտարարություն է անելու, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը ճանաչում ենք 2021-ի մայիսից, այսինքն՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժման պահից: Նաև Ջերմուկի հարձակումը կարող է ընկնել դրա տակ:

Սա ՄՔԴ կանոնադրությամբ նախատեսված գործընթաց է, և ես ողջունում եմ Կառավարության այս քայլը: Կարծում եմ՝ այս որոշման գալու համար լայն քննարկում են ունեցել:

Սա քաղաքական լուրջ քայլ է, Կառավարությունը սուվերեն որոշում է կայացնում, ինչը շատ լավ քայլ է: Դրան կարող են հաջորդել քրեական գործեր, դատական գործընթացներ:

– 2021-ի մայիսից առաջ 2020-ին Արցախի նկատմամբ հարձակում տեղի ունեցավ: Արդյոք Արցախի՝ վիճելի տարածք լինելու հանգամա՞նքն է խանգարել մատնանշել, օրինակ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ը՝ որպես ժամկետ: Նաև այս մասը խնդրում եմ բացատրեք:

– Միջազգային իրավունքում ընդհանրապես կարգն այսպիսին է՝ պետությունը կարող է վավերացնել միջազգային պայմանագիր կամ ճանաչել որևէ դատարանի իրավազորություն միայն իր սուվերեն տարածքի մասով կամ այն մասով, որ թեկուզ իր սուվերեն տարածքը չէ, բայց հսկողություն է իրականացնում:

Հիմա Արցախը ո՛չ Հայաստանի սուվերեն տարածքն է, ո՛չ էլ Հայաստանը այս պահին հսկողություն է իրականացնում, հետևաբար չէր կարող վավերացումը տարածել Արցախի վրա: Այդպիսի իրավասություն գոյություն չունի:

– Եվ, պարո՛ն Զրվանդյան, այս որոշման գործնական կիրառությունը ինչպե՞ս կարող է լինել: Ադրբեջանը չի վավերացրել ՄՔԴ կանոնադրությունը, և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարո՞ղ է հայտնվել այս գործերի թիրախում:

– Այո՛: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Կառավարության նիստում իր խոսքում ասաց, որ Հայաստանը վավերացնում է Հռոմի ստատուտը, որով նախատեսված են երեք խումբ հանցագործություններ՝ պատերազմական, ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Նա ասաց, որ այս պահին խոսքը միայն դրա մասին է: Բայց ագրեսիայի հանցագործությունը, երբ, օրինակ՝ մի երկիրը ռազմական ագրեսիա է գործադրում մեկ այլ երկրի նկատմամբ, այլ արձանագրությամբ է նախատեսված: Դա առանձին փաստաթուղթ է: Ենթադրում եմ՝ դա առանձին վավերացում է պահանջում, չեմ կարող ասել՝ ինչու հիմա Կառավարությունը չի վավերացնում դա:

Ցանկալի կլիներ նաև դա վավերացնել, քանի որ Ջերմուկի դեպքերը հենց ագրեսիա էին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի չվավերացնելուն. պատկերացրեք՝ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքից կրակ է բացվում Հայաստանի տարածքի նկատմամբ: Նրանց զինվորը չի հատում ՀՀ սահմանը: Հանցագործությունը սկսվեց այնտեղ, ավարտվեց, օրինակ՝ Ջերմուկում: Ստացվեց, որ հանցագործությունը ավարտվեց ՀՀ տարածքում, իսկ քանի որ Հայաստանի տարածքը մտնում է Միջազգային քրեական դատարանի իրավազորության մեջ, ուրեմն այդ արկը ուղարկողը, դրա հրաման տվողը և այդպես մինչև վերև կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել. քրեական գործ կհարուցվի պատերազմական հանցագործության համար, որովհետև քաղաքի վրա արկ չի կարելի ուղարկել: Դա կարող է լինել նույնիսկ այն դեպքում, երբ պետությունը չի վավերացրել ՄՔԴ կանոնադրությունը:

Բայց ագրեսիայի հանցագործության դեպքում այս հարցը վիճելի է: Կա ընկալում, որ ագրեսիայի հանցագործության դեպքում երկու երկրներն էլ, որին առնչվում է տվյալ հանցագործությունը, պետք է վավերացրած լինեն:

Ամեն դեպքում հիմա Միջազգային քրեական դատարանը ագրեսիայի հանցագործության դեպքով հարուցել է մի քանի քրեական գործեր, առկա է քննություն՝ Ուկրաինա-Ռուսաստա հակամարտության հետ կապված: Այդ գործերը վերաբերում են և՛ 2014-ին, և՛ 2022-ին Ուկրաինայի նկատմամբ ռուսական հարձակմանը: Ռուսաստանը ՄՔԴ կանոնադրությունը չվավերացրած պետություն է, իսկ Ուկրաինան՝ վավերացրած: Այս գործերով, կարծում եմ, դատարանը նախադեպային որոշում կարող է կայացնել:

Ինչևէ, ՄՔԴ կանոնադրությունը վավերացնելու որոշումը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելուն ուղղված միջազգային քրեական գործիք է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am