«Եթե այսօր Փաշինյանին Արցախն է խանգարում, որ իր պատկերացմամբ Հայաստանը փրկի, ապա վաղը դրան կխանգարի Սյունիքը, մյուս օրն էլ՝ Սևանը». Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

– Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր գործադիրի նիստի ժամանակ ըստ էության պատասխանեց երեկ Արցախի անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարությանը՝ կոչ անելով Արցախի իշխանություններին՝ «Բաքվին առիթ չտալ նոր ռազմական էսկալացիա սկսելու համար»: Ինչպե՞ս եք մեկնաբանում Փաշինյանի այս ելույթը:

– Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությամբ հակասեց օրեր առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ իր հնչեցրած այն մտքին, թե քանի որ Հայաստանը որևէ կերպ չի կարող Արցախի հիմնախնդրի լուծման մասով դերակատարում ունենալ, լավագույն դեպքում կարող են օգնել Արցախի ժողովրդի ընդունած որոշումների կայացմանը, պաշտպանել դրանք, որովհետև Արցախն ինքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է որոշում կայացնի:

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները, անսալով Փաշինյանի այդ կոչին, հայտարարեցին իրենց որոշման մասին, իսկ այսօր Փաշինյանն ասաց, որ, փաստորեն, ինքը պատրաստ չէ պաշտպանելու մեր ամեն մի որոշումը, այլ այն որոշումները, որոնք իրենց մեջ պարտվողական ու պայքարից հրաժարվելու տարրեր են պարունակում:

Այդ ելույթով նա այսօր հենց դա էր ուզում ասել, որ իրենք պատրաստ չեն սատարելու մեր պայքարը շարունակելու որոշումը: Սա մեզ համար զարմանալի չէր, որովհետև ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատրաստ է օգնելու Արցախի հիմնախնդրի հայամետ լուծման տարբերակին, այլ նա դեռևս 2018-ից Արցախը Ադրբեջանին հանձնելու ծրագիրն էր իրականացնում:

Այսօրվա հայտարարությունները այդ տրամաբանության մեջ են, իսկ բերված մյուս «հիմնավորումները», թե Արցախից հնչող հայտարարությունները իրավիճակը լարում են կամ սրում, զուտ քաղաքական մանիպուլյացիաներ են, որոնցով կրկին փորձում էր արդարացնել իրեն:

– Այդ համատեքստո՞ւմ եք դիտարկում նաև այն միտքը, որ Արցախից հնչող հայտարարությունները «փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններ» են:

– Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ ողջ հայ ժողովրդին, որ Արցախի ազատագրական պայքարի, որևէ հայանպաստ գործողություն անելու մասին խոսելը կարող է սպառնալիք դառնալ այն Հայաստանի համար, որն ինքն է պատկերացնում, իսկ դա 29800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանն է:

Բայց բոլորս շատ լավ հասկանում ենք, որ առանց Արցախի հնարավոր չէ Հայաստան փրկել ու նաև հակառակը հնարավոր չէ: Եթե Նիկոլ Փաշինյանին այսօր Արցախն է խանգարում, որ իր պատկերացմամբ Հայաստանը փրկի, ապա վաղը դրան կխանգարի Սյունիքը, մյուս օրն էլ՝ Սևանը:

– Ստեղծված իրավիճակից Արցախն ինչպե՞ս է դուրս գալու, Արցախի իշխանությունները կկարողանա՞ն հաղթահարել բոլոր մարտահրավերները, որոնք առկա են:

– Կարծում եմ, որ պատմական պահն է հասել, որ Արցախի իշխանությունները կարողանան այնքան քաղաքական հասունություն ու խոհեմություն դրսևորել, որ այս պահին ազատագրական պայքարն իրենց ձեռքը վերցնեն, որովհետև, ցավոք սրտի, ՀՀ-ի իշխանության ղեկին մարդիկ են, որոնք ընդհանրապես կապ չունեն հայի պայքարող տեսակի հետ: Կարծում եմ, որ սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ՝ անկախ գտնվելու վայրից:

Այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը համահայկական համախմբումն է, որովհետև հիմա, միգուցե, փամփուշտներ չեն կրակվում, բայց սա էությամբ պատերազմ է: Համահայկական համախմբում պետք է լինի բոլոր ոլորտներում, ու այս ամենը պետք է միտված լինի նրան, որ դրա վերջնարդյունքում առաջնահերթ տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության հեռացումը, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է կործանում:

– Պարո՛ն Հակոբյան, այնուամենայնիվ, Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների միջև քաղաքական երկխոսությունը հնարավո՞ր է, թե՞ միակ ճանապարհը մնում է ռազմականը, ինչպես որոշ մասնագետներ են նշում:

– Եղած հարցերին հնարավոր է դիվանագիտական լուծում տալ, բայց Արցախը միայնակ չի կարողանա հասնել այդ հաջողությանը, որովհետև Ադրբեջանն այսօր ուզում է խոսել Արցախի բնակիչների հետ, բայց՝ որպես իր քաղաքացիների:

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, ևս սա նկատի ունի, ինչ Ալիևը: Բայց Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է բանակցեն որպես սուբյեկտ, լինեն բանակցային լիիրավ կողմ, այս ուղղությամբ պետք է աշխատանք տանի ՀՀ իշխանությունը, որովհետև ոչ մի արցախցի պատրաստ չէ խոսելու Ադրբեջանի հետ որպես այդ երկրի քաղաքացի:

– Արցախի ու Հայաստանի կառավարությունները փոխադարձ կապ ունե՞ն, ի՞նչ մակարդակի վրա է այդ կա՞պը, թե՞ այն խզված է:

– Անկեղծ ասած, ես չեմ կարող ասել նախագահ, վարչապետ կամ կառավարության անդամներ երկկողմանի շփումներ կան, թե ոչ, համենայնդեպս, այն ֆորմատով, որտեղ հավաքված ենք Անվտանգության խորհրդում, դեռևս ոչ մի անգամ նման կապ չի եղել: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այսքան գումար ենք տալիս Արցախին, մեզանից էլ ի՞նչ եք ուզում, դա առհավատչյան է նրա, որ կտրվում են Արցախ-Հայաստան փոխհամագործակցությունը կապող թելերը: Ահա թե ինչու մենք ասում ենք, որ իրենք ձեռքերը լվացել են Արցախից, որովհետև գումար տրամադրելը չի նշանակում, որ այդ մեկ միասնական օրգանիզմը կարող է ապրել:

– Այսինքն՝ հիմա Արցախի իշխանություններն այս պայքարում միայնա՞կ են:

– Արցախի իշխանություններն ու Արցախում բնակվող յուրաքանչյուր արցախցի երեկ Անվտանգության խորհրդի այդ հայտարարությամբ տվեց իր հստակ դիրքորոշումը: Իսկ այդ դիրքորոշումը չի կարող համարվել փակուղային, ինչպես Փաշինյանն է ասել:

Խաղաղության գինը արցախցուց լավ ոչ ոք չի կարող գիտակցել, խաղաղությունը մեր ամենանվիրական ցանկությունն է, որովհետև 30 տարվա ընթացքում ամենաշատը մենք ենք տեսել պատերազմի արհավիրքները, բայց միևնույն ժամանակ մենք հայտարարում ենք, որ մեր նպատակին հասնելու ճանապարհին մեզ ոչ ոք թող չփորձի վախեցնել պատերազմով, որովհետև արցախցին 30 տարի ապրել է զրկանքների մեջ, տասնյակ հազարավոր լուսավոր տղերքին ուղարկել է երկինք ո՛չ նրա համար, որ այսօր հետ կանգնենք մեր հողում ապրելու նպատակից ու իրավունքից: Այս ազատագրական պայքարը չի սկսվել ու չի ավարտվելու Նիկոլ Փաշինյանով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am