«Մայրերն առաջնային դեր ունեն բանակը վերահսկելու հարցում». ինչպե՞ս կարող է բանակի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացվել

Հայաստանի զինված ուժերում հանրային վերահսկողությունը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը անհրաժեշտ ու կարևոր է համարում: «Բանակը, բանտերը ռեժիմային փակ տարածք են և հասանելի չեն հանրությանը, և հենց այս կառույցներում է, որ մարդու իրավունքները հաճախակի ոտնահարվում են»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ շատ հաճախ մտածում են՝ չխոսել բանակի խնդիրներից, որպեսզի այդ խնդիրների մասին հարևան երկրները կամ շատերը չիմանան, մինչդեռ կառուցողական քննարկումը, խնդիրները մատնանշելն ու դրանք լուծել փորձելը կարող են առողջացնել համակարգը:

Հայաստանի զինված ուժերի N զորամասում հունվարի 19-ի հրդեհը, որի հետևանքով 15 զինծառայող է մահացել, 2020-ի պատերազմից հետո զորամասերում անվտանգային անմխիթար պայմանների հետևանքով հերթական դեպքն էր. 2022-ի հուլիսին Մեղրու զորամասում խոշոր հրդեհի հետևանքով մահացել էր զինծառայող Պալյան Պողոսյանը: Այս դեպքից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակներում դեռևս մեղադրյալներ չկան:

Արդյոք բանակում անվտանգային հարցերի, ծառայության պայմանների, հանցագործության դեպքերի հետքերով հարուցված քրեական վարույթների պատշաճ քննության նկատմամբ հանրային վերահսկողություն պետք է լինի:

Հանրային բողոքը բարձրացնելու համար էր, որ հունվարի 20-ին 44-օրյա պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողները բողոքի ակցիայի միջոցով իրավապահ մարմիններից պահանջում էին պատշաճ քննություն իրականացնել, պատժել մեղավորներին: Նրանցից ոմանք նույնիսկ տարակուսած էին՝ ինչու է հանրությունն իրենց մենակ թողել, ինչու իրենց հետ միասին պահանջ չեն ներկայացնում պետական մարմիններին:

«Զարմանում եմ, որ մարդիկ, որոնց տղաները ողջ են, լռում են: Այս 15 տղաների հետ կատարվածը բոլորի հետ էլ կարող է պատահել: Ձեր երեխան չի փրկվելու, եթե այսպես շարունակվի, ոտքի՛ կանգնեք»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարում էր ծնողներից մեկը:

«Հատկապես այս ողբերգությունից հետո անհրաժեշտ է, որ հանրային դիսկուրսում շրջանառվեն վերահսկողական ինստիտուտների ստեղծումը և ամրապնդումը»,-ասում է Հովհաննիսյանը: Որպես այդպիսի մարմին իրավապաշտպանը մատնանշում է ռազմական օմբուդսմենի ինստիտուտը, որը կարող է զբաղվել զինվորների իրավունքների պաշտպանության ու անմիջական խնդիրների լուծման հարցերով:

«Բանակն այն փակ կառույցն է, որտեղ մարդը վերածվում է ճորտի: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ բանակում պարապուրդ է, զինվորները էժան աշխատուժ են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների համար: Դա ըստ էության ճորտական կառույց է դառնում, և երկու տարվա ընթացքում մարդն ինչ տիպի շահագործման ասես կարող է ենթարկվել: Մենք խոսում ենք այն տարիքային խմբի մասին, որը երեխա անվանվելուց փոխվում է և մտնում է կյանք: Նա դեռ չի գիտակցում իր իրավունքներն ու պարտականությունները, ու կյանքի վերաբերյալ տրվում է նման ուղեցույց: Դա սարսափելի մոտեցում է մարդուն, մարդու իրավունքին ու պետք է վերանայվի: Այս պարագայում պետք է լինի պրոֆեսիոնալ, ամենօրյա հետևողական վերահսկողություն, և մեկ-երկու ակցիայի միջոցով հնարավոր չէ վերահսկողություն իրականացնել»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանն ասում է՝ պետք է ոտքի կանգնել ու լուծել խնդիրները, ու այդ ճանապարհին առաջնային դեր ունեն կատարելու մայրերը: «Այն ցավը, վախը, որը ցանկացած մայր ապրում է, երբ զորակոչային տարիքի որդի ունի, անկախ նրանից՝ խաղաղ են պայմանները, թե ռազմական, անպատկերացնելի է»,- նշում է Հովհաննիսյանը:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը ևս համոզված է՝ հասարակությունը պարտավոր է բանակում խնդիրների նկատմամբ նախ անհանդուրժողականություն դրսևորել ու վերահսկել, որ դրանք լուծվեն:

«Ժողովրդավարական հասարակության տրամաբանությունը այն է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն է արտահայտում իր դիրքորոշումը նման իրադարձությունների վերաբերյալ: Սա շատ կարևոր է, եթե մենք խոսում ենք ժողովրդավարական հասարակության մասին»,- «Մեդիալաբին» ասում է Էդգար Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ քաղհասարակության ներկայացուցիչները տարիներ շարունակ, թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների կառավարման տարիներին բազմիցս բարձրացրել են պաշտպանական ոլորտին վերաբերող խնդիրները, սակայն դրանք իշխանություններն անուշադրության են մատնել:

«Դրանց լուծում չտալու հետևանքով այդ խնդիրները կուտակվել են, ինչի համար էլ նման իրավիճակներ են առաջանում, ինչպիսին զորամասում հրդեհն էր: Ամիսներ առաջ, երբ վառարանից հրդեհի հետևանքով զինծառայող մահացավ, դա արդեն ինդիկացիա էր՝ ինչո՞ւ պետք է զորամասում վառարաններով ջեռուցում իրականացվի: Եվ դա այն բանակում, որին պետբյուջեից հատկացվում է 1 միլիարդ դրամ»,- նշում է Էդգար Խաչատրյանը:

Նա ասում է՝ հունվարի 19-ին զորամասում հրդեհը ցույց տվեց, որ զինծառայողը անմարդկային պայմաններում է կրում իր ծառայությունը:

«Ես կհասկանամ, որ պատերազմից հետո շատ դժվար է ամբողջ համակարգը վերականգնել, բայց ինչքա՞ն սպասել, ինչքա՞ն հասկանալ: Խնդիրը խնդրի հետևից է գալիս, դրանք չեն լուծվում, կուտակվում են: Հիմա այս պահին գոնե պետք է հստակ ծրագիր լիներ, պետք է շինարարական աշխատանքներ սկսեին, ինժեներական կառույցների մասին տարիներով խոսում ենք, գրեթե բան արված չէ, ինչ էլ արվում է, այնքան քիչ է, որ տեսանելի չէ կամ բավարար չէ, որ մեր զինծառայողները կարողանան իրենց կյանքի իրավունքը ապահովել»,- ընդգծում է Խաչատրյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am