«Քաոտիկ վիճակ է բոլոր ինստիտուտներում, ու սա, ցավալիորեն, մեր պետության գոյությունն է հարվածի տակ դնում». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Ազգային ժողովը չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ որոշ փաստաբաններ խորհրդարանի նախագահին և 3 խմբակցություններին ՍԴ դատավոր Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումներ էին ուղարկել։ Նրանց պնդմամբ՝ դեկտեմբերի 16-ից դատավորի լիազորությունները ստանձնած Սաֆարյանը զբաղվել է նաև փաստաբանությամբ, ինչն օրենքն արգելում է։ Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի այս որոշումը։

– ՔՊ-ն չի տեսնում, չի էլ ուզում տեսնել իր սխալները, ինչը շատ ցավալի է իհարկե։ Ամեն դեպքում, եթե անգամ օրենքի տառին համապատասխանություն կա, միևնույն է, եթե կան վիճելի ու կասկածելի հարցեր, ճիշտ կլինի, որ դրանք ունենան նաև բարոյական կողմ։ Կարծում եմ՝ կա խնդիր, որը լուծման անհրաժեշտություն ունի։ Թեև ես լսել եմ բացատրությունը, որ ՍԴ-ի նիստում՝ այս հարցի քննարկման ժամանակ, դատավորները որպես այդպիսին չեն էլ արձագանքել, ինչն էլ մի ուրիշ յուրահատուկ մոտեցում է։ Ու այս պարագայում, անկեղծ ասած, չգիտեմ էլ ինչ ասել, մի քիչ շատ է անլրջանում այս վիճակը։

– Իսկ այս պարագայում հանրության կամ մասնագիտական շրջանակների վստահությունը առ պետական այս կամ այն մարմնի օբյեկտիվ ու անաչառ գործելաոճի մնո՞ւմ է, թե՞ ոչ։

– Հասարակությունը բաժանվել է երկու մասի․ մի մասը իշխանության ցանկացած գործողություն, անկախ դրանց տրամաբանված լինել-չլինելուց, օրինական կամ անօրինական, բարոյական կամ ոչ բարոյական լինելուց, միևնույն է՝ ամեն գնով շարունակում է սատարել իշխանություններին, ու դա շատ վտանգավոր է, որովհետև իշխանություններն այդպես են դիկտատոր դառնում։ Մյուս կողմը հասկանում է, բայց, ցավոք սրտի, ոչինչ չի ձեռնարկում այդ խնդիրները շտկելու համար, ու սա ևս շատ վտանգավոր է։

Իհարկե, ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքն է փոխվում, մարդիկ ժամանակավոր են, խնդիրն անգամ մարդկանց մեջ չէ, խնդիրը գաղափարի մեջ է։ Չեմ պատկերացնում՝ մինչև ուր կարող են հասնել գործող իշխանությունները: Թե մինչև ուր հասան նախորդները՝ պարզ է, նրանք ուղղակի մերժվեցին, այ մինչև ո՞ւր կդիմանա ժողովուրդն այս վիճակին ու իշխանություններին, շատ դժվար է ասել, իրենց մերժումը կարող է շատ ավելի ցավոտ լինել, քան նախկիններինն էր։

– Ժողովրդի կամ իշխանության դիմանալը՝ մի կողմ, պետությունը մինչև որտե՞ղ կարող է դիմանալ։

– Իրականում, պետության գոյությունը հենց ինստիտուտների կայացածությամբ է պայմանավորված, պետությունը կենսունակ է այնքանով, որքանով կայացած են ինստիտուտները, և անհատները պետք է չկարողանան ազդել, վատ իմաստով, դրանց աշխատանքի վրա։

Ամեն հաջորդ նշանակումով, ամեն հաջորդ գործողությունով այս իշխանությունները շատ ավելի են վատթարացնում մեր ինստիտուտների վիճակը, քան ունեցել ենք նախկինում։ Նախկինում մենք գիտեինք, որ վիճակը կայուն ծանր է, հիմա ուղղակի քաոտիկ վիճակ է, որը երբեք չի կարող ոչ մի լավ բանի բերել։

– Միայն իրավակա՞ն ոլորտում է այդ վիճակը, տիկի՛ն Կարապետյանց։

– Իրավական ոլորտն ինձ համար շատ ավելի տեսանելի է, բայց որքան ես եմ հասկանում, մյուս ոլորտներում էլ են կայացվում որոշումներ, որոնք իրավիճակայինից մինչև հանցավոր լուծումների են տանում, մասնավորապես՝ Ամուլսարի հանքի շահագործման որոշումը, այն անտրամաբանականից ու ոչ օրինականից մինչև հանցավորը հասավ։

Նույն վիճակն է շատ այլ ոլորտներում, որովհետև յուրաքանչյուր ոլորտի մասնագետ այդ մասին է ասում, չկա ոլորտ, որի մասին մասնագետները խոսեն ու չխոսեն ինստիտուցիոնալ խնդիրների մասին։ Քաոտիկ վիճակ է բոլոր ինստիտուտներում, ու սա, ցավալիորեն, մեր պետության գոյությունն է դնում հարվածի տակ։

– Իսկ դրանից խուսափելու համար ի՞նչ է պետք անել, որովհետև նշեցիք, որ կան մարդիկ, որոնք տեսնում են սխալները, բայց ոչինչ չեն անում դրանք շտկելու համար։

– Ելքն իրականում հասարակության պահանջատեր դառնալն է․ շատ հստակ պահանջներ պետք է ձևակերպի ու դրանց հետևից գնա։ Մինչև հասարակությունը չպահանջի իշխանություններից, խոսքն առհասարակ բոլոր ժամանակների իշխանությունների մասին է, իրենց պարտավորությունների, նախընտրական խոստումների կատարում, մենք երկրում իրավիճակի փոփոխություն չենք ունենա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am