«Արժեքների հեղափոխությո՞ւն». Որտեղ է վերջանում թանկարժեք նվերների սահմանը, ու սկսվում կոռուպցիոն ռիսկերի սահմանը

Օրեր առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակեց բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը, որոնցում ևս ուշագրավ տվյալներ կային։ Օրինակ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցած տարի ստացել է ընդհանուր 139 մլն 24 հազար 69 դրամ եկամուտ, այդ թվում՝ 19 մլն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար՝ որպես նվեր։ 

Հաշվետու տարում թանկարժեք նվերի պակաս չի զգացել նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը․ 2022-ին 2021 թվականի արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել, գործարքի մյուս կողմը նշվում է Արմեն Ավինյանի անունը։ Այսինքն՝ 19 մլն 300 դրամ (շուրջ 50 հազար դոլար) արժողությամբ մեքենան նվիրել է Ավինյանի հայրը։ Ավինյանը բանկային հաշվին ունի 1 մլն 890 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ ունի։

Կանխիկ հայտարարագրել է 3 հազար դոլար, տարվա սկզբին ունեցել է 26 մլն 300 հազար դրամ, տարվա ավարտին այն կազմել է 12 մլն 500 հազար դրամ։ POOLIN ունի՝ 5 մլն 412 հազար դրամի։ Հետաքրքրական է, որ նվերների վերաբերյալ լրագրողների հարցերն Ավինյանն անպատասխան թողնելով, նրանցից այլ հարցեր էր ակնկալում լսել։

Հատկապես վերջին տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ «արժեքների հեղափոխությունից» հինգ տարի անց ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչները, որոնք զբաղեցնում են ամենատարբեր բարձր պաշտոններ, սկսել են մեծ նվիրատվություններ ստանալ, թանկարժեք բնակարաններ ու մեքենաներ գնել, հսկայական վարկային գծեր ստանալ բանկերից: 

Որտե՞ղ են հատվում պաշտոնյաների կողմից թանկարժեք նվերներ եւ առավելություններ ստանալու եւ կոռուպցիոն ռիսկերի կարմիր գծերը: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ:

«Ցավալի է, որ մինչ օրս չկան մեխանիզմները, որնցով հստակ կորոշվեր, թե որտեղ է վերջանում նվերների սահմանը ու սկսվում կոռուպցիոն ռիսկերի սահմանը։ Դեռ 90-ականներից արվեցին նման փորձեր, բայց բոլորը մեռելածին նախագծեր դուրս եկան, կիրառություն չգտան»,-«Մեդիալաբին» ասում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Նա ցավով է արձանագրում, որ մինչ օրս հստակ արձանագրված չէ, թե որտեղ է վերջանում նվերների սահմանը, ու սկսվում կոռուպցիոն ռիսկերի սահմանը։

Հոկտանյանը չի  բացառում, որ այդ նվիրատվություններում կան կոռուպցիոն ռիսկեր, սակայն նշում է՝ հստակ նշել, որ դա կոռուպցիա է կարող են ասել  իրավապահ մարմինները՝ համապատասխան քննություն իրականացնելուց հետո:

«Եթե իսկապես կոռուպցիայի դեմ պայքարելու, բարեվարքությունը ամրապնդելու քաղաքական կամք կա, ապա նվիրատվությունների այս փաստերն անպայման պետք է դառնան իրավապահ մարմինների, ու ոչ միայն նրանց, քննության առարկա: Հակակոռուպցիոն կոմիտեն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է հետաքրքրվեն, թե ո՛վ է այդ նվիրատվությունն արել, ի՛նչ նպատակով, որովհետև հայտնի է, որ պաշտոնատար անձանց նվիրատվություն են անում ակնկալիքով, որ հետո ինչ-որ բաներ ստանան դրա դիմաց։ Հիշում ենք քաղաքապետարանի հայտնի «ԿամԱԶ»-ների դեպքը»,- ասում է Վարուժան Հոկտանյանն ու ընդգծում, որ ամեն ինչ առավել հետաքրքրական է դառնում, երբ մենք տեսնում ենք, որ տվյալ անձինք մինչև պաշտոնյա դառնալը նման նվերներ չեն ստացել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլի» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավարը նշում է, որ նվերի ու նվիրատվության սահմանը հստակ է․ 

«Նվերն ուղղակի իր կամ ծառայություն է, իսկ նվիրատվությունն այն է, երբ բանկային հաշվին փոխանցում են ինչ-որ գումար, կարող է լինել նաև գույք, այսինքն՝ այն, ինչ կա հայտարարագրում, ու որպեսզի պարզ լինի, թե նվերներն ի՞նչ արժողության են, պե՞տք է հանձնել պետությանը, թե՞ ոչ, անհրաժեշտ է ռեեստրի առկայություն»,- ասում է Վարուժան Հոկտանյանը։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), որի իրավասության ներքո էին մշակվել այդ մեխանիզմները, որոնցով հնարավոր կլիներ կիրառել նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ փոփոխությունները, օրերս տարածեց հայտարարություն, որ հնարավոր չէ ապահովել այդ փոփոխությունները։

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունվել է 2022 թվականի դեկտեմբերին, իսկ նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու արդարադատության նախարարության համատեղ ջանքերով, և ուշագրավն այն է, որ այդ ամբողջ ընթացքում նախագծում առկա դրույթները կյանքի կոչելու անհնարինության մասին կողմերից ոչ մեկը չի բարձրաձայնել։

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը «Մեդիալաբին» ասում է, որ որպես իրավաբան ու նաև ոլորտի մասնագետ՝ իրենք խնդիր չեն տեսնում այդ համատեքստում, առավելևս՝ այնպիսի խնդիր, որը խոչընդոտում է կարգերի իրացումը։ Նրա խոսքով՝ իրավակիրառ մարմնի այս հայտարարությունը նախարարության համար ևս անակնկալ է եղել, ու հիմա իրենք փորձում են համատեղ աշխատանքի միջոցով պարզել խնդիրը։

«Այստեղ խնդիրն այն է, որ նվերների այդ ամբողջական օրենսդրական բարեփոխումները, որոնք կատարեցինք, հիմնված էր միջազգային փորձի վրա ու կատարելագործում է համակարգը, որ ինստիտուտը աշխատի։ Հիմա ԿԿՀ-ն պետք է ընդունի այդ կարգերը՝ նվերների հաշվառման, հանձնման, գնահատման, ռեեստրի վարման, ռեեստրում տեղեկությունների լրացման, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ու խորհրդատվության, այսինքն՝ մինչև այս կարգերը չընդունվեն, պաշտոնատար անձանց նկատմամբ այդ սահմանափակումը փոփոխված ձևով չի գործի։ Հիմա ամբողջ խնդիրն այդ կարգերի ընդունման հետ է կապված, որի պարտավորությունն օրենքով իրենց վրա էր դրված, այլ ոչ թե արդարադատության նախարարության, բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով, որ քաղաքականություն մշակողը մենք ենք ու ինտենսիվ ամենօրյա շփումների մեջ ենք ԿԿՀ-ի հետ, որպեսզի մեզ հստակ ասեն՝ ի՛նչ խնդիր ունեն, որ հնարավոր բոլոր միջոցներով այդ խնդիրն արագ լուծենք։ Օրենքով սահմանված է մեկ տարի ժամկետ, մեկ տարվա ընթացքում պետք է կիրարկման փուլ ապահովվի»,- «Մեդիալաբին» ասում է Հասմիկ Տիգրանյանը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տարօրինակ է համարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս հայտարարությունը՝ կասկած հայտնելով, որ այն հետևանք է քաղաքական կամքի բացակայության։

«Տարօրինակ հայտարարություն է, երբ մեխանիզմ մշակող մարմինն ասում է՝ չեմ կարող մեխանիզմներ մշակել։ Կարող եմ կասկած հայտնել, որ քաղաքական կամքի բացակայությունն է բերում դրան»,- ասում է Հոկտանյանը։

Այն, որ մինչև 40 հազար արժողությամբ նվերը պաշտոնյայինն է, իսկ 40-ից հետո ինքը պետք է հաշվառի, իսկ 60 հազարից բարձրն արդեն պետության սեփականությունն է, հստակ սահմանափակում է, բայց որպեսզի այդ սահմանափակումը գործի, պետք է լինեն սահմանված հստակ կարգեր, որ պաշտոնատար անձն իմանա, թե ո՛նց է որոշում նվերի արժեքը, ո՛ւմ է տալիս, ինչպե՛ս է գրանցում, ումի՛ց է խորհուրդ ստանալու այս հարցերի հետ կապված։

«Քանի դեռ չկան այս կարգերը, գործում են նախկին կարգավորումները, որովհետև նախկինում էլ են եղել նման սահմանափակումներ, մենք ուղղակի շեմերն ենք վերանայել, ուղղակի նախկինում այդ ռեեստրի կարգերը չեն եղել։ 

Եղել է սահմանափակում, որ պաշտոնատար անձն իրավունք չունի նվեր վերցնել՝ բացառությամբ որոշ բաների, որոնք արարողակարգային ինչ-որ նվերներ են, իսկ թե սահմանված շեմը գերազանցող նվերը վերցնելուց հետո ինչպե՛ս այն հանձնի, այդ կարգերի մեջ նախկինում թերություններ են եղել, համակարգը չի գործել։ 

90-ականներից ունեցել ենք կարգավորումներ, բայց չեն գործել, որովհետև օրենսդրական բացերը շատ-շատ են եղել, ու անգամ հստակ չի եղել՝ ո՛նց ես հասկանում այդ նվերը, ինչպե՛ս ես վերցնում, ո՛ւմ ես տալիս , ինչպե՛ս է կարգը, ինչպե՛ս է հաշվառվում, ի՛նչ կլինի, եթե չտաս այդ նվերը։ Հիմա մենք այդ բոլոր խնդիրները լուծել ենք, բայց որպեսզի մեր այդ լուծումներն աշխատեն, պետք է որ ԿԿՀ-ն գրի այդ հաշվառման ու հանձնման կարգերը»,- «Մեդիալաբին» ասում է արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am