Ալիևի լկտի պահվածքը միտված է Հայաստանին ստորացնելու գնով տարածաշրջանում հասնելու նոր ստատուս քվոյի հաստատման. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա կրկնում են իմ խոսքը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Այսինքն՝ այս ամենը մեր վերջին 2.5 տարվա քաղաքականության արդյունքն է»,- օրեր առաջ հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը: Պարո՛ն Նորիկյան, վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ նման հռետորաբանությունն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ալիևի նման հռետորաբանությունը, իմ գնահատմամբ՝ լրջագույն մարտահրավեր է, նրա վարած քաղաքականությունը միտված է ոչնչացնելու Հայաստանի պետականությունը։ Արտգործնախարարների՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից առաջ, նման հռետորաբանությամբ հանդես գալը կարող է ունենալ երկու նպատակ․ հավելյալ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի բանակցությունների ընթացքում հավելյալ պայմաններ թելադրեն, իսկ երկրորդ տարբերակով՝ հավանական է, որ դեստրուկտիվ մոտեցում է ցուցաբերում, որպեսզի վիժեցնի բանակցությունների ընթացքը ու Վաշինգտոնում որևէ արդյունք արձանագրելուց զերծ մնա, որովհետև որքան ես եմ հասկանում, Ադրբեջանին ձեռնտու չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատել, նրանք միտված չեն Հայաստանի հետ հասնելու համապարփակ ու բոլորի շահերից բխող խաղաղության հաստատման։ 

Բաքվի ու Հայաստանի խաղաղության մասին պատկերացումները խիստ տարբեր են․ Բաքուն առաջնորդվում է ամեն ինչ ինձ, Հայաստանին՝ ոչինչ սկզբունքով, նրանց ընկալմամբ՝ խաղաղությունը Հայաստանին մինչև վերջ ստորացնելն է։ Ադրբեջանից եկող մեսիջները պետք է իրատեսորեն գնահատվեն մեր կողմից, ու ճիշտ հաշվարկվեն մեր ռեսուրսները։ 

Այսօր ուժերի նոր բալանս է ձևավորվել տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանը, փաստորեն, ստացել է լուրջ դիվիդենտներ՝ մեզ հետ նման հռետորաբանությամբ խոսելու համար։ Մենք պետք է հնարավոր բոլոր միջոցները կիրառենք՝ վերականգնելու խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ 

«Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» բառակապակցությունը վերջին շրջանում ոչ միայն Հայաստանից է լսվում, այլ նաև ամբողջ միջազգային հանրությունն է այդպես ասում, ինչը հավելյալ լեզու է Ադրբեջանի ղեկավարի բերանում։ Հայաստանի գործող իշխանությունը հանրությանը պետք է ներկայացնի ողջ ճշմարտությունը. երբ իրենք խոսում են ԼՂ հայերի անվտանգության ապահովման խնդրի մասին՝ ի՞նչ նկատի ունեն։ 

Ադրբեջանի նախագահի լկտի, սանձարձակ պահվածքը միտված է Հայաստանին ստորացնելու գնով տարածաշրջանում հասնել նոր ստատուս քվոյի հաստատման, բայց ուզում եմ ասել, որ նման ճանապարհով կնքված որևէ փաստաթուղթ երկար կյանք չի ունենալու, որովհետև ռևանշիզմի զգացողությունն իր անելիքը կանի։

– Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ Բաքուն մերժում է ԼՂ հայերին անվտանգության հատուկ երաշխիքների տրամադրման Երևանի պահանջը, բայց միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն, ի վերջո, կարող են խաղաղության համաձայնագիր կնքել, ընդհուպ այս տարվա ընթացքում, քանի որ կա «առաջընթաց» բանակցություններում։ Եթե գլխավոր հարցում ադրբեջանական կողմը իր համաձայնությունը չի տալիս, ի՞նչ առաջընթացի մասին կարող է խոսք լինել։

– Տեսեք՝ խնդիրը հենց այն է, որ նրանք տարբեր հարթակներում, տարբեր մարդկանց շուրթերով տարբեր բաներ են ասում, բայց այդ բոլորի էությունը մեկն է․ դրանով նրանք բացարձակապես մերժում են Լեռնային Ղարաբաղին որևէ կարգավիճակ տալու հնարավորությունը, ինչը նշանակում է Լեռնային Ղարաբաղը դարձնել Նախիջևան 2, այսինքն՝ մենք մեր պատմության ողբերգական էջերի կրկնությունը տեսնելու շեմին ենք։ Լուրջ մտավախություն ունեմ, որ եթե Բաքուն ամբողջական գերիշխանություն հաստատի ԼՂ-ի նկատմամբ, շատ կարճ ընթացքում ունենալու ենք Նախիջևան 2 օպերացիան մեր աչքի առաջ։

– Ադրբեջանի թե՛ հռետորաբանությանը, թե՛ գործողություններին, երբ վերջին օրերին ամեն օր Արցախում ու Հայաստանում նրանք խախտում են հրադադարը, Հայաստանի գործող իշխանության պատասխան քայլերն ինչպե՞ս եք գնահատում, պարո՛ն Նորիկյան։

– Բավարար չեմ գնահատում։ Հայաստանը համարժեք քաղաքականություն չի վարում, ու մինչև հիմա էլ հայտնի չէ, թե ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ Հայաստանն ի՛նչ է անում։ 

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վարում է ժամանակ ձգելու ու կոնֆլիկտը սառեցնելու քաղաքականություն։ Այն, որ խաղաղության պայմանագրի կնքման մասով հակասական հայտարարությունները, պնդումները շատ են, ակնհայտ է, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ Արցախի հակամարտության կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է աշխարհաքաղաքական կոնսենսուս ԱՄՆ-ի, Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: 

Եթե որևէ բևեռ փորձի մյուսին դուրս մղել այս գործընթացից ու միակողմանի լուծման գնալ, ապա ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուրս մղված կողմը տորպեդահարելու է ու ամեն ինչ անելու է, որ խաթարի խաղաղության գործընթացի կայացումը։ Մենք պետք է գիտակցենք, որ քանի դեռ այս հարցում չունենք աշխարհաքաղաքական կոնսենսուս, խաղաղության պայմանագիր չի կնքվելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am