Ադրբեջանն այս անգամ էլ պայմանավորվածությունները չի պահելու. պետք է սպասել նոր էսկալացիաների. Արմեն Պետրոսյան

Լուսնակարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում վաշինգտոնյան բանակցությունները՝ նկատի ունենալով պաշտոնական հաղորդագրությունները։

– Ի սկզբանե էլ պարզ էր, որ առարկայական արդյունքներ չեն արձանագրվելու։ ԱՄՆ-ի ու բացառապես հայկական կողմի հիմնական նպատակն էր այս բանակցային գործընթացն ակտիվ պահել, ու այդ համատեքստում, պետք է փաստել, որ չնայած Ադրբեջանի հարուցած բազմաթիվ խոչընդոտներին, այնուամենայնիվ, բանակցությունները տեղի ունեցան։ 

Ինչ վերաբերում է արդյունքներին, բնականաբար, կողմերի պաշտոնական գնահատականները հաշվի առնելով, որոշակի դրական առաջընթաց է արձանագրվել է պայմանագրի ոչ էական դրույթների կամ հոդվածների մասով, և, ինչը կարևոր է՝ գործընթացը շարունակական է լինելու, ու ԱՄՆ-ն շարունակելու է ներգրավված մնալ հարաբերությունների կարգավորման այս գործընթացում։ Ակնհայտ է, որ ամենաէական խնդիրների շուրջ էական համաձայնության չեն եկել։ 

– «Հարցերից մեկը վերաբերում է սահմանազատման հարցերին, որը ենթադրում է 1975 թվականի քարտեզի շուրջ հանձնառությունը: Մյուսը՝ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշմանը: Հարցերից մեկն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրմանը` միջազգային մեխանիզմի ներքո»,- ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ սրանք են այն հարցերը, որոնց շուրջ կողմերը դեռ պետք է շարունակեն քննարկումները։ Արցախահայության իրավունքների մասով՝ ճի՞շտ եմ հասկանում, որ հայկական կողմը չի պնդում ինքնորոշման իրավունքի հանգամանքը։

– Բոլոր բանակցություններից հետո եղած հայտարարություններում միշտ էլ որոշակի արձանագրումներ եղել են ձեր նշած դրույթների մասով, բայց Ադրբեջանը հետո հրաժարվում է դրանցից։ Այդ նույն արձանագրումներից հետո մենք տեսանք Ադրբեջանի հռետորաբանության կոշտացում, Արցախի ղեկավարության նկատմամբ ինչ-որ «համաներումների» խոստումներ ու այս ամենին զուգահեռ իհարկե ուժի կիրառումը, որն անգամ արձանագրվեց բանակցությունների ընթացքում, այսինքն՝ միանշանակ է, որ Ադրբեջանը ձեռք բերված այդ պայմանավորվածությունները չի կատարում, որովհետև տեսնում է իր համար շատ ավելի արդյունավետ հնարավորություններ՝ իր ցանկալի լուծմանը հասնելու համար։

Ինչ վերաբերում է ձեր բուն հարցադրմանը, երբ նշում ենք իրավունքներ ու անվտանգություն, դրա մեջ նկատի են ունենում նաև ինքնորոշման իրավունքը, բայց բանակցային գործընթացի ներկա իրողությունները, Հայաստանի հրապարակային հայտարարությունները հաշվի առնելով, առնվազն այն ինքնորոշումը, որը կա ներկայում Արցախի պարագայում, դրա մասին պնդելն այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև մենք լսում ենք հայկական կողմից հայտարարություններ, որոնց համաձայն ճանաչում են կամ պատրաստ են ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում։ 

Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն. ինքնորոշման իրավունքը, այնուամենայնիվ, պատկանում է այն ժողովրդին, որը ձգտում է դրան։ Իսկ մենք տեսնում ենք, որ Արցախի բնակչությունը ձգտում է դրան, ինչը ենթադրում է երկարատև պայքար, այդ թվում նաև՝ արյունալի պայքարի տրամաբանություն, բայց այդ ձգտումը հիմքեր է ստեղծում վստահաբար պնդելու, որ արցախահայությունը շարունակելու է պայքարել իր պատկերացրած ինքնորոշման իրավունքի համար ու ինչ-որ փուլի կստանա նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում և՝ Հայաստանինը:

– Պարո՛ն Պետրոսյան, այսինքն՝ չպե՞տք է հուսալ, որ Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները կպահի։

– Վստահ եմ, որ չի պահելու, որովհետև Ադրբեջանը նպատակ է հետապնդում ամեն կերպ հասնել բանակցային գործընթացի չեղարկման՝ Հայաստանին դրդելով նման քայլի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում այս պահին ստանձնել պարտավորություններ բանակցային ցանկացած ձևաչափում, որոնք կսահմանափակեն իր հնարավորությունները բանակցություններից դուրս ավելին ստանալուն։ Իսկ աշխարհաքաղաքական իրողությունները, միանշանակ, Ադրբեջանի օգտին են այս պահին։

– Այսինքն՝ կրկի՞ն սպասենք ռազմական էսկալացիաների Ադրբեջանի կողմից։

– Միանշանակ, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am