«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը
– Պարո՛ն Ստեփանյան, Արցախի Հանրապետության խորհրդարանը այսօր ընտրելու է երկրի նախագահ, թեկնածուն նորանշանակ պետնախարարն է, խորհրդարանի բոլոր ուժերը կողմ են Սամվել Շահրամանյանի թեկնածությանը՝ բացի Սամվել Բաբայանի ղեկավարած քաղաքական ուժից: Ինչպե՞ս եք գնահատում Արցախում տեղի ունեցող այս գործընթացները:
– Արցախում տեղի է ունեցել իշխանափոխություն, իշխանության են եկել նախկինները, մարդիկ, որոնք ունեն աֆիլացիա Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, այս «ընտրություններից» հետո, որում, վստահ եմ, պարոն Շահրամանյանն ընտրվելու է, Հայաստանը կորցնելու է Արցախում իրադրության վրա ինչ-որ կերպ ազդելու իր վերջին լծակները: Արցախում ավելի է մեծանալու Ռուսաստանից կախվածությունը, իրականում որոշումներ ընդունելու են ռուսները: Որևէ այլ բան չեմ սպասում այս ամենից:
– Իսկ Արցախում իրադրության էական փոփոխություն չի՞ լինելու նոր նախագահի ղեկավարման պայմաններում:
– Չեմ կարծում, Արցախի խնդիրները պայմանավորված չեն նախագահի անձով, որպեսզի այդ փոփոխությունը խնդիրների լուծման բերի: Փոփոխություն կարող է լինել միայն ու միայն արտաքին ճնշումների արդյունքում, փոփոխություն կարող է լինել, եթե Ռուսաստանը փոխի իր վարքագիծը արցախցիների նկատմամբ, որոնց հիմա նա ընդունում է որպես պատանդ:
-Իսկ Ռուսաստանն ինչո՞ւ է արցախցիներին «պատանդ» պահում:
– Որովհետև դա է պահանջում իր շահը, որովհետև դա է եղել 44-օրյա պատերազմի գործարքի մոտիվատորներից մեկը, որովհետև Արցախը որպես պատանդ պահելով՝ նա փորձում է լուրջ դերակատարում ունենալ տարածաշրջանում ու պահել իր ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ամեն ինչ շատ պարզ է:
Արցախը պետք է Ռուսաստանին մանավանդ հիմա, երբ Արևմուտքի հետ գնում է գլոբալ առճակատում, չնայած չեմ բացառում, որ կարող է գալ մի ժամանակ, երբ Արցախը ռուսները նույնպես վերջնականապես վաճառեն Ադրբեջանին, եթե նրանց շահն այդ պահին դա թելադրի:
– Իսկ Հայաստանը, ձեր ասած՝ այդ վաճառքի դեմն առնել կարո՞ղ է, պարո՛ն Ստեփանյան:
– Կարող է միայն մեկ դեպքում, եթե ակտիվ աշխատի միջազգային դերակատարների հետ և փորձի անել այն, ինչ իրենից սպասում են, այսինքն՝ Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից, փորձել աջակցել այդ գործընթացին: Մեր հնարավորության մաքսիմումն այսօր դա է, եթե գնանք այդ ճանապարհով, կարող ենք հասնել նրան, որ Արցախը մնա հայկական: Նկատի ունեմ, որ այնտեղ շարունակեն ապրել հայեր, որոնք չեն ունենա ուղղահայաց ենթակայություն Բաքվից, ես չեմ ասում, որ Արցախը լինելու է անկախ, ցավոք սրտի, այս պահին դա անհնար է:
– Մարդիկ, որոնք դեմ են, որ Ռուսաստանը լքի տարածաշրջանը ասում են, որ Ռուսաստանի այլընտրանքը լինելու է Թուրքիան: Դուք չունե՞ք այդ մտավախությունը:
– Չունեմ ու բազմիցս եմ խոսել այդ մասին, այդ թեմայով գիտական աշխատություններ ունեմ: Դա միֆ է, որն ունի երեքհարյուրամյա պատմություն, Ռուսաստանը միշտ իշխել է տարածաշրջանում այդ միֆի հիման վրա՝ եթե ռսի սապոգը հեռանում է Կովկասից, նրան փոխարինելու է գալիս թուրքի յաթաղանը: Սա միֆ է, որն այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ ռեալ ընդհանրություն չունի:
Իրականում մենք գիտենք այլ բան. 1921 թվականին, երբ կնքվեց տխրահռչակ մոսկովյան պայմանագիրը, հենց Սովետական Ռուսաստանն ու Թուրքիան կիսեցին տարածաշրջանն ու Հայաստանը, եկեք չմոռանանք այս մասին ու հասկանանք, որ միշտ միակ ուժը, որը Թուրքիային ինչ-որ բան վաճառել է մեր տարածաշրջանում, եղել է Ռուսաստանը, ու դա եղել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան Արցախը փաստացի կիսեցին երկու մասի: Մենք հայտնվել ենք այս իրավիճակում, որովհետև առնվազն երեք հարյուր տարի գտնվում ենք մի եռանկյունու մեջ, որը երեք կայսրության եռանկյունին է՝ Օսմանյան, Պարսկական ու Ռուսական, ու այդ եռանկյունու մեջ մշտապես լինելով ու չունենալով չորրորդ ուժը, մենք միշտ պարտվել ենք:
Եթե մենք հիմա ուզում ենք պահպանել մեր մնացորդները, պետք է այս եռանկյունին դարձնենք քառանկյունի: Հայաստանն այստեղ պետք է բերի չորրորդ խոշոր խաղացող, դա կարող է լինել ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Հնդկաստանը: Ես այսօր այդ երեք կենտրոնն եմ տեսնում, որոնք կարող են այստեղ շահ ունենալ: Եթե մենք եռանկյունին դարձնում ենք քառանկյուն, իրավիճակն ամբողջությամբ փոխվում է, եթե շարունակում ենք մնալ եռանկյունու տրամաբանության մեջ, խոսել 3+3-ի մասին կամ այլ հիմարությունների մասին, մեզ ավելի վատ ժամանակներ են սպասելու, քան հիմա է:
– Գործող իշխանությունը քայլեր անո՞ւմ է՝ «եռանկյունու տրամաբանությունից» դուրս գալու համար:
– Որքան ես եմ տեսնում, վերջին շաբաթների ընթացքում փորձում է, անկեղծ ասած, վախեր ունեմ, որ ճանապարհ կեսից նորից կարող են հետ թեքվել, իսկ այդ դեպքում ամեն ինչ լինելու է ավելի վատ, քան եղել է: Այս գործողությունների այլընտրանքը մեր պետականության կորուստն է, ուրիշ տարբերակ չունենք, սա է մեր ճանապարհը:
– Պարո՛ն Ստեփանյան, վերադառնալով Արցախի նախագահի ընտրությունների թեմային, կարծում եք՝ Ռուսաստա՞նն է նման գործընթաց նախաձեռնել այնտեղ, եթե այո՝ ինչո՞ւ:
– Չեմ կարող հստակ ասել, բայց որ դա միանշանակ բխում է Ռուսաստանի շահերից, անկասկած է, որովհետև ասացի, որ Ռուսաստանն ստանում է Արցախում մի իշխանություն, որի վրա Երևանն ազդելու որևէ լծակ չունի: Արայիկ Հարությունյանի դեպքում՝ գիտեմ, որ նրանց միջև եղել է անընդհատ շփում, խորհրդակցում, հիմա այդ ամենը չի լինելու, իսկ դա նշանակում է, որ Արցախն ամբողջությամբ մտնում է Ռուսաստանի ազդեցության տակ, ինչը դժբախտության մի մասն է, որովհետև մտավախություն ունեմ, որ Ռուսաստանը կարող է ուղղակի Արցախը վերջնականապես վաճառել Ադրբեջանին, չնայած այսօր դա չի բխում իր շահերից, բայց վերջին տարիներին նրանք այնքան անտրամաբանական քայլեր են արել, որ ես նրանցից ամեն ինչ սպասում եմ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am