Արցախն ընկավ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը թույլ էր, այլ քանի որ Փաշինյանն ընտրեց թույլ պահել երկիրն ու չդիմադրել. Լիլիթ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Տիկի՛ն Գևորգյան, ի՞նչ է սպասում արցախահայությանը, ամբողջական տարհանման հեռանկարը ձեզ համար տեսանելի՞ է:

– Ինչպես տեսնում ենք, ամենամեծ խնդիրը, որ Ադրբեջանն ուներ, լուծեց. այս պահին Արցախը դատարկվում է, հարցը հայտարարում են փակված։ Իրավական առումով հարցը իհարկե բաց է։ Սա հենց այն պահն է, որ Հայաստանի իշխանությունները պետք է սկսեն միջազգային ուժեր Արցախ բերելու գործընթացը՝ հայտարարելով, որ ռուսական առաքելությունը չկարողացավ կանխել ցեղասպանությունը։ Կրկնում եմ՝ հիմա է այդ պահը։ 

Բայց խնդիրն այն է, որ Արցախի հարցը հետևողականորեն փակել են նաև Հայաստանի իշխանությունները։ Հիմա էթնիկ զտում է գնում։ Այս էթնիկ զտումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը միայն դիտում է։ Այս փուլին բոլորը հասել են քայլ առ քայլ՝ վերջին երեք տարվա ընթացքում։ Հայաստանն իր բոլոր կարողությունները չի գործադրել այն կանխելու, այլ նպաստել է այս սցենարին։ 

Սա առաջին դեպքն է, որ հայությունը՝ տարատեսակ պատճառաբանություններով, ըստ էության օժանդակեց իր մի մասի՝ Արցախի անկմանը։ Այս լռելյայն մասնակցությունն դեռ քայքայիչ հետևանքներ է ունենալու հենց հայկական ինքնության համար, եթե դրա հեղինակներին ու տարածողներին չկանխի հանրության իրական պետականամետ խավը։ 

Այն վարքը, որ ցուցադրվեց այս ջարդի սկզբից, արդարացում չունի։ Հայաստանի ղեկավարությունը կարող էր լռել վախից, չնայած նման զգացմունքային` վախով պայմանավորված որոշումը սխալ հաշվարկ է, բայց ինչ-որ առումով հասկանալի։ Սակայն միանգամայն անհասկանալի է, երբ Հայաստանի ղեկավարը Ֆրանսիայի կողմից հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ հայտարարում է, թե արցախցիները անվտանգային խնդիր չունեն։ Սա միտումնավոր օգնություն էր ադրբեջանական և ռուսական ծրագրին։ 

Ավելին, Հայաստանի ղեկավարը պատահական տպավորություն կամ կարծիք չհայտնեց, նա հստակ ասաց, որ իրենք՝ ինքն ու իր ողջ կառավարությունը, իրավիճակը քննել և գնահատել են, որ վտանգ չկա։ Եթե Հայաստանի իշխանությունները իսկապես ձգտում էին «անջատում հանուն փրկության» գիծը տանել, ապա ողջ կարողությամբ, նաև միավորվելով բոլոր ընդդիմադիրների, սփյուռքի հետ, միասնական ճակատ կարող էին հիմա կազմել։ 

Հիմա էլ ուշ չէ, Հայաստանի իշխանությունները պետք է միավորված աշխատեն անհապաղ միջազգային ներկայություն բերելու Արցախ, մանավանդ որ սրա մասին հստակ խոսեց ԱՄՆ պատվիրակ Սամանտա Փաուերը, և պետքարտուղարությունը դրա մասին բարձրաձայնեց։ 

– Ասում եք, որ Հայաստանի իշխանությունները նպաստեցին Արցախի անկմանը, ինչպե՞ս դրսևորվեց դա: 

– Կարծեմ այլևս կասկած չկա, որ ռուս-ադրբեջանական համատեղ ծրագրերը կառուցվել են առնվազն վերջին տասը տարվա ընթացքում։ Սա ներառել է ադրբեջանական բանակի վերազինումը՝ ռուսական զենքով, ինչպես նաև ԼՂ հարցում դիրքերի համադրումը։ Մոսկվան ու Բաքուն երկուսն էլ Մինսկի խումբը տեսնում էին իբրև խոչընդոտ, որի վերացմամբ հակամարտությունը իրենց տեսլականով լուծելու և Արևմուտքին հեռացնելու հնարավորություն էր բացվում։ 

Այս համագործակցությունն ընդդեմ Մինսկի խմբի ակնհայտ էր արդեն Սերժ Սարգսյանի օրոք, իսկ քառօրյա պատերազմից, հատկապես պետերբուրգյան հանդիպումներից հետո՝ վերջին պատրանքները ցնդեցին։ 

Պետք էր քանդել Մինսկի խումբը ու Արցախում տեղակայել ռուսական խաղաղապահ ուժեր:

Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018-ից մինչև 2020-ը, որ պատերազմը կանխվի, ինչ դիվանագիտական քայլեր ձեռնարկեց՝ հակակշռելու ռուս-ադրբեջանական այս ծրագրին և Հայաստանը դիվանագիտական մեկուսացումից դուրս բերելու համար։ 

Ի՞նչ արվեց բանակի լուրջ վերափոխման և երկար պատերազմին դիմակայելու, պարտիզանական պատերազմ վարելու համար։ Քանի անկախ մասնագիտական գնահատականի են արժանացել Հայաստանի և Արցախի մարտական կարողությունները։ Հայաստանը ժողովրդական ալիքի վրա 2018-ից ևս երկու տարի ստացավ ակտիվ դիվանագիտություն վարելու և պատերազմը կանխելու համար։ 

Պետք է նշել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Մինչ նախկին իշխանությունները շարունակում էին «սորոսականների» դեմ պայքարը, իրականում մոլորեցնելով ժողովրդին ու Փաշինյանին ներկայացնելով իբրև արևմտամետ, վերջինս ինտենսիվորեն Կրեմլի հետ լուծում էր իր մերձեցման խնդիրները՝ խոստանալով Հայաստանը պահել դիվանագիտական մեկուսացման մեջ և հույս ունենալով, որ հնարավոր պատերազմը երկար չի տևի, ռուսները այն կկանգնեցնեն։ 

Պատերազմից մեկ ամիս առաջ, երբ ադրբեջանցիները Արցախ էին տեղափոխում ահաբեկիչներին, Հայաստանի ղեկավարներն արձակուրդում էին, այն դեպքում, երբ հենց իրենք հետո հաստատեցին, որ պատերազմի լուրջ վտանգ կար։ Վերը նշված բոլոր քայլերը ազդակներ էին հակառակորդի համար՝ նրա հաշվարկների համար։ 

Բազմաթիվ անկախ ռազմական փորձագետների եզրակացությունն է, որ Հայաստանի բանակը լիովին չի մասնակցել Արցախի պաշտպանության մարտերին։ Հայաստանը դիվանագիտական ջանքեր չձեռնարկեց՝ ռուս-ադրբեջանական ծրագիրը խաթարելու։ Պատերազմն ավարտվեց այն սահմանագծերում, որ Մոսկվան ու Բաքուն նախանշել էին, ներառյալ Շուշիի անկումը։ Հայաստանը դեր չխաղաց։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանության հետպատերազմյան քայլերը: 

– Ուկրաինայի պատերազմի պատճառով Հայաստանը մեկ տարվա փոխարեն մոտ երեք տարի ունեցավ, որպեսզի հիմնովին վերանայի իր սխալները, գիտակցի, որ ռուս-ադրբեջանական ծրագրի թիրախը Հայաստանն է, նրա ինքնիշխանությունը, որի հիմնական պատվարը հենց Արցախն էր։ Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունները սկսեցին Արցախը դիտել իբրև բեռ, և կարգավիճակի հարցը աստիճանաբար դեգրադացրեցին բանակցային գործընթացում հումանիտար և սահմանափակ իրավունքների հարցի, ի դեպ՝ առանց դրա մանդատն ունենալու։ 

Ամենակարևորը՝ Հայաստանի իշխանություններն ընդունեցին, որ Բաքվի կողմից ուժի կիրառմամբ ստեղծված նոր իրողությունները ընդունելի են Հայաստանի համար, ի տարբերություն Ադրբեջանի, որը Արցախյան առաջին պատերազմից հետո այդպես էլ շարունակեց վիճարկել պատերազմի արդյունքները։ Իսկ Փաշինյանն ընդունեց Ալիևի տեսլականը տարածաշրջանի համար, որ հայտնի է խաղաղության դարաշրջան անունով։ Գաղափարախոսական առումով Փաշինյանին ու իր թիմին այս տեսլականը հոգեհարազատ էր։ Հենց այդտեղից էլ սկսվեց Արցախի ներկայիս արարը։ 

Իր ողջ թուլությամբ, ֆորմալ առումով Մինսկի խումբն էր միակ միջազգային լեգիտիմ հարթակը։ Հայաստանի իշխանությունները, համենայնդեպս, պետք է պահեին ԵԱՀԿ-ի ԱՄՆ-Ֆրանսիա ֆորմատը, բայց նրանք ակտիվորեն լծվեցին ռուս-թուրքական «3+3»-ը կյանքի կոչելուն։ Սա դիվանագիտություն չէ, սա պլանի ու կամքի բացակայութան պայմաններում օտարների օրակարգը առաջ տանելն էր։ Սրան հետևեց ԵՄ ֆորմատը, որը հարված էր Մինսկի կամ, ավելի ճիշտ՝ ԱՄՆ- Ֆրանսիա միջնորդությանը: 

Մինչև 2022 թվականի դեկտեմբերը հատկապես արևմտյան երկրներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շարունակել են խոսել Մինսկի ձևաչափից ու Հելսինկիի ակտից։ Հայաստանի իշխանությունները, կեղծ արևմտամետ ու բաց ռուսամետ փորձագիտական ամբողջ դաշտը հայ բնակչությանը համոզել են, թե միջազգային հանրությունը պահանջում է, որ «Արցախի հարցում նշաձողը իջեցվի»: Բոլոր այն ֆորմատներում, որտեղ բարձրացվել է հարցի համապարփակ լուծման խնդիրը՝ հատկապես Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կողմից, ռուսական կողմը տորպեդահարել է ու ասել՝ կարգավիճակը հետո կլուծենք։ 

Հայաստանի իշխանությունները իրենց վրայից հանեցին Արցախի կարգավիճակի համար բանակցելու պարտավորությունը՝ լավ գիտակցելով, որ քանի դեռ Հայաստանը ռուսական արբանյակ է, Արևմուտքը Արցախից Կոսովո չի ստեղծելու է։ Նաև քաջատեղյակ էին, որ ռուսները պայմանավորվել էին ադրբեջանցիների հետ՝ զինաթափել հայերին և Ալիևի պայմաններով ինտեգրել։ 

Միջազգային լուրջ ներգրավվածություն Արցախում կարող էր լինել միայն այն դեպքում, երբ Հայաստանը, ընտրելով նոր արևմտյան գործընկերներ, Արցախի դե ֆակտո ինքնավարության պահպանումը սահմաներ իբրև իր ազգային պետական կարմիր գիծ։ Բայց նրանք ընտրեցին մնալ ռուսական արբանյակ՝ անիրական ակնկալիքներ սնելով հայ հանրության շրջանում։ 

Փաշինյանը չպետք է ընդուներ Ալիևի հաղթանակներն ամրագրող «խաղաղության պայմանագիրն» իբրև բանակցային հիմք, երբ Հայաստանը ծնկի եկած է։ Այդ փաստաթղթով ստեղծվում է ուժերի դիսբալանս՝ ի վնաս Հայաստանի։ Բայց Փաշինյանը դա համարեց նախընտրելի տարբերակ։ Հայաստանի դիվանագիտական և քաղաքական վերնախավի հստակ գիծը եղել է խոսել միայն «խաղաղության պայմանագրից», ոչ Արցախից, ինչի մասին, օրինակ, զարմանք են հայտնել ԱՄՆ կոնգրեսականներ, ֆրանսիացի գործիչներ ևս՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում։ 

Մեկ այլ ջրբաժան իրադարձություն էր Հայաստանի վրա սեպտեմբերյան հարձակումը և դրան հետևած ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի արծարծումը։ Սա ավարտվեց՝ վնաս հասցնելով Հայաստանին։ Հայաստանի ղեկավարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անկայուն է, հեղհեղուկ, կայուն գիծ չունի, որպեսզի ավելի լուրջ քաղաքական ծրագրեր մշակվեն։ Ամենակարևորը՝ Փաշինյանը մնաց և մնում է հավատարիմ Ռուսաստանին և, Բելառուսի ղեկավարի նման, ժամանակ առ ժամանակ ռուսների նկատմամբ թեթև դժգոհություններից այն կողմ ոչ մի գործնական քայլ չի անում նույն ռուսական ազդեցությունը թուլացնելու համար։ 

Հայաստանի ռազմական ուժերի համապատասխան ռեֆորմ չի արվել, զենքի մատակարարման խնդիրները չեն լուծվել, լայնածավալ ազգային դիմադրության կազմակերպման ուղղությամբ պետական համալիր քաղաքականություն չկա, էներգետիկ անվտանգության, կապի և այլ ոլորտներում ներդրումների և համագործակցության արևմտյան առաջարկները ևս մերժվել են։ 

Արցախին մեծ հարված հասցրեց առանց որևէ երաշխիքի Ադրբեջանի կոնկրետ 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքի ինքնիշխանությունը ճանաչելը, մի բան, որ նվեր էր Ալիևին և կանաչ լույս հետագա գործողություններում։ 

Բոլոր ֆորմատներում էլ, երբ քննարկվել է Արցախի հարցը, չի դրվել այլ խնդիր, քան զինաթափում ու ինտեգրում, որովհետև դա առաջ է քաշել հայկական կողմը՝ Ադրբեջանի հետ միասին: Հայաստանը պետք է պնդեր, որ համատեղ ապրելը անհնար է, և գոնե հայտարարությունների մակարդակով հստակեցներ, որ դեմ է ինտեգրմանն ու զինաթափմանը։ 

Իսկ այն պահից, երբ ռուսները մտել են Արցախ, այն այլևս սուբյեկտ չէր ու չէր կարող լինել ընդհանրապես։ Նրանք չէին կարող ռուսի, թուրքի ու ադրբեջանցու հսկողության տակ ինչ-որ լուրջ արշավ տանեին, միջազգային ներկայություն բերեին, մանավանդ երբ Հայաստան ընտրել էր ռուս-ադրբեջանական խաղաղության օրակարգը։ 

Իսկ ֆինանսական առումով նրանք կախված էին Փաշինյանից, այսինքն՝ որևէ քայլ, որին Հայաստանը դեմ էր, նրանք չէին անի։ Արցախյան, ինչպես և հայաստանյան ներկայիս և նախկին վերնախավը գործուն դեր է ունեցել ներկայիս վիճակին հասնելու համար, բայց կոնկրետ ներկայիս էթնիկ զտման սկզբի համար նրանց մեղադրելը, մի կողմ նետելով այն քաղաքական հստակ նահանջի շարանը, որ Հայաստանի ղեկավարությունն է տարել, առնվազն ազնիվ չէ: 

Ավելին, Հայաստանի ղեկավարությունը Արցախի ցեղասպանությունից անմիջապես առաջ լարեց հարաբերությունները Մոսկվայի հետ։ Սա այն նույն ղեկավարությունն է, որ մայիսյան շքերթին էր մասնակցում, որ հանկարծ սկսեց խոսել ռուսական անվտանգային գործընկերության բացերի և իբր Արևմուտք նայելու մասին։ 

Զարմանալի զուգադիպությամբ Կրեմլը պատրաստել էր այս օրերին ձեռնարկ՝ ռուսական մամուլի ու Պետդումայի պատգամավորների համար։ Նրանց խորհուրդ էր տրվում մեղադրել Հայաստանի «արևմտամետ» կառավարությանը արցախյան ողբերգության և ռուսների կողմից այն չկանխելու համար։ Հայաստանի ղեկավարը տեղյակ էր ուժերի կուտակման և մոտալուտ հնարավոր հարձակման մասին, բայց առանց ապահովելու արևմտյան միջամտությունը, լարեց իրավիճակը, որն այնքան պետք էր ռուսներին։ Այլ հարց է, որ նման հնարքներն այլևս հայության մեծ մասի վրա չեն գործում։ 

Առավել անհանգստացնող է, որ հիմա Հայաստանի իշխանությունները այս ֆոնին զարգացրել են նոր կեղծ օրակարգ՝ ինքնիշխանությունը և նրա հակառակորդները, որոնց մեջ մտնում են իրենց քննադատները։ Իրականությունն առավել պարզ է՝ անվտանգային քաղաքականությունը ձախողված է, տարբեր արևմտյան երկրներից լավ հնարավորությունները և մոտ երեք տարին՝ մսխված։ Որոշումների ընդունումը, ըստ էության, միանձնյա է։ Իսկ իշխանամերձների ատելության քարոզը արցախցիների դեմ չեն ջնջի այն փաստը, որ Ալիևը գովեց Հայաստանի վարչապետին նրա համար, որ չմիջամտեց Արցախի հայաթափմանն ու անգամ օգնեց ՄԱԿ-ում ադրբեջանական փորձերին՝ թաքցնելու հետքերը։ 

– Ինչպիսի՞ն է լինելու այդ նոր ստատուսը, տիկի՛ն Գևորգյան:

– Եթե ստորագրվում է «խաղաղության պայմանագիր»՝ վերջնական փակելով Արցախի և Հայաստանի սահմանների հարցերը, ամրագրելով Ադրբեջանի հաղթանակը, ապա դա կհիմնի նոր տարածաշրջանային կարգ։ Հայաստանը կունենա շատ ավելի թույլ կարգավիճակ, որն իր անվտանգության հարցերը ստիպված կլինի լուծել Ադրբեջանի հետ՝ վերջինիս շահերը հաշվի առնելով։ Ադրբեջանը արդեն դարձել է տարածաշրջանային նոր գլխավորը խաղացողը՝ ռուսների ու թուրքերի հետ միասին։ 

Ադրբեջանը կունենա լուրջ ներկայացվածություն Հայաստանի ներքաղաքական դաշտում և բիզնեսում, որի հետևանքները, կարծում եմ, դժվար չէ պատկերացնել: Եթե «անկլավների» ու ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու հարցերը հօգուտ Բաքվի լուծվեն, ապա կսկսվի մի նոր՝ սողացող պատերազմի շրջան, որն ավելի դժվար կլինի կանխել, քան հիմա բաց առճակատմամբ։ Սա կարող է նմանվել պաղեստինա-իսրայելական պրոցեսին, որը կհանգեցնի հայկական պետության տարածքի հետագա կրճատմանը, ադրբեջանական ռազմական միջամտությունների և, ի վերջո, հայկական պետության դեգրադացիային իբրև ինքնուրույն միավոր։ 

Ադրբեջանն արդեն մշակում է հաջորդ 80 տարվա տեսլականը, որի նպատակը Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» վերածելն է, որքան էլ դա ցնորական հնչի։ Փաստ է որ երեք տարվա մեջ Հայաստանի անքակտելի մաս Սյունիքը հիմա դարձել է արդեն քննարկման առարկա՝ բացառապես ադրբեջանական ինտենսիվ դիվանագիտության և պահանջի ձևակերպման շնորհիվ։ Եթե մի քանի տարի առաջ Սյունիքի մասին խոսելը ցնորական էր, ապա հիմա միջանցքի հարցը գլխավոր բանակցային թեմա է։

Պետք է դադարել մտածել այն կաղապարներով, որ դրվեց դեռ Տեր-Պետրոսյանի օրոք՝ հավաքական միջազգային հանրության մասին։ Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես են ուժով հարցեր լուծում։ Արցախի կործանումը պետք է դաս լինի, թե ինչ է սպասվում, եթե Հայաստանը շարունակի հույս դնել միֆական միջազգային հանրության և ինչ-որ միջազգային կառույցների կողմից միջազգային իրավունքի իրականացման վրա։ 

Հայաստանը պետք է ունենա նոր մոտեցումներ՝ ճկուն դիվանագիտություն, ճիշտ ռազմավարական դաշինքներ, ուժի շարունակական կիրառում՝ պատժի և արդարության, իրավունքների վերականգնման համար։ Արցախի հարցում արդարության վերականգնումը այս հիմնական նպատակներից մեկը պետք է լինի։ Իսկ հայ հանրությանը Փաշինյանի առաջարկած խաղաղությունը իրականում դանդաղ պատերազմի տարբերակն է, որն ավելի հյուծող ու վտանգավոր է լինելու Հայաստանի համար։ 

– Հատկապես վերջին զարգացումների ֆոնին շատ է խոսվում Հայաստանում իշխանափոխության մասին: Իշխանափոխությունը հավանական համարու՞մ եք:

– Կամ Հայաստանը իշխանությունները պետք է բացվեն, ընդունեն, որ սխալներ են գործել ու, ներառելով հանրության քաղաքական ակտիվ մասը, սկսեն ձևակերպել նոր մարտավարություն, կամ հանրության լայն մեծամասնությունը, որը ո՛չ Փաշինյանին է ընդունում, ո՛չ էլ նրա ընդդիմադիր խորհրդարանական ուժերին, ասպարեզ բերի նոր, իրապես ժողովրդավարական, բայց և ազգային ուժերի համախմբում։ 

Դեռ պարզ չէ, թե արդյոք փողոցով փոփոխություններ կլինե՞ն։ Թե՛ իշխանությունը, թե՛ այլ ուժեր հիմա փողոցը ղեկավարում են այնպես, որ իշխանափոխություն չլինի։ 

Մինչև պայմանագրի ստորագրումը Փաշինյանը մնում է ռուսների և ադրբեջանցիների նախընտրելի տարբերակը։ Նա նաև ապահովում է Արևմուտքի աջակցությունը այդ պայմանագրի ստորագրման համար՝ բացառապես իր անձնական շահերից ելնելով։ Ցավալին այն է, որ հայկական շահը ներկայացնող չկա այս կրիտիկական պահին։ 

Բայց լուռ փողոցն ավելի վտանգավոր կարող է լինել, մանավանդ որ հստակ է, որ իշխող ուժը չունի մանդատ այն քաղաքականության համար, որ հանգեցրեց Արցախի հայաթափմանը, և չունի մանդատ պայմանագրերի ստորագրման համար, որոնք ուղղակի ազդելու են Հայաստանի սահմանների և ինքնիշխանության վրա։ Չնայած ինտենսիվ քարոզչությանը՝ Փաշինյանն իր քաղաքական կապիտալը սպառել է, ինչպես և խորհրդարանական ընդդիմադիր և հարող խմբերը։ 

Որքան էլ իշխանամերձ շրջանակներն օգտագործեն վախը, թուլությունը, հուսահատությունը և արցախցիների նկատմամբ ատելության արշավները, դժվար է լինելու քողարկել ակնհայտը՝ Արցախն ընկավ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը թույլ էր, այլ քանի որ Փաշինյանն ընտրեց թույլ պահել երկիրն ու չդիմադրել։ Նման ապագա է սպասում Հայաստանին։ «Խաղաղության պայմանագրով» Փաշինյանը բացում է Հայաստանի թուլացման նոր էջը, հիմա արդեն՝ առանց Արցախի և ավելի խոցելի։ 

Փաշինյանն ու իր շրջապատը կշարունակեն կեղծ ինքնիշխանության և դրա թշնամիների վախով փողոցը ապակողմնորոշել։ Նրան այս հարցում օգնում են խորհրդարանական ընդդիմադիրները, որոնք կոշտ, հստակ գնահատական չեն տալիս Ռուսաստանի վարքագծին և հստակ չեն խոսում Արևմուտքի հետ ռազմավարական համագործակցության մասին։ Այս ֆոնին Փաշինյանը շարունակում է իրեն դիրքավորել իբրև արևմտամետ գործիչ, ինչն այդպես չէ։ 

– Ինչպե՞ս կանխել այս նոր ստատուս քվոն, որ կհաստատվի «խաղաղության պայմանագրից» հետո, ինչպես ասում եք:

– Հայաստանն ունի շաբաթներ, գուցե մի քանի ամիս՝ կարևոր որոշումներ կայացնելու։ Ակնհայտ է, որ հանրության մեծագույն մասը հասկացել է, որ երեք տարվա ձախողումներից հետո չի գալու խաղաղություն։ 

Արցախի ցեղասպանության ֆոնին Հայաստանի իշխանությունը պետք է արագ և անհապաղ պահանջի միջազգային դիտորդական առաքելության, օդային հումանիտար օգնության տրամադրումը Արցախի մնացած բնակչությանը։ Այն զուգահեռ պետք է տանի էթնիկ զտումներ իրականացնելու համար Բաքվին պատժելու լայնածավալ իրավական և դիվանագիտական պրոցես, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ներգրավելով սփյուռքը։ Սա է այն ուղին, որ հնարավոր է Արցախի հարցը պահել բաց և, ի վերջո, դնել անջատման խնդիրը։ 

Երկրորդը՝ սա արդեն երկրորդ անգամ է, երբ Հայաստանը հայտարարում է ռուսներից բացի այլ ռազմավարական գործընկերներ ձեռք բերելու մասին։ Արցախի ողբերգության և Ռուսաստանի ակնհայտ պրոթուրքական դիրքորոշման ֆոնին, նման ընտրությունը մնում է միակ իրատեսականը՝ Հայաստանի գոյատևման և Արցախի այնքան խոսված կոսովոյացման համար։ 

Հայաստանը արագ, անգամ շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ աշխատելով, պետք է հրավիրի անվտանգություն ապահովող միջազգային ուժեր Հայաստանի խոցելի շրջանները, սկսի բանակի լուրջ վերազինում և վերապատրաստում այն արևմտյան ստանդարտներով, որ Ադրբեջանն է արել, սկսի աշխատանքները էներգետիկ անկախության և այլ կարողությունների շուրջ։ 

«Խաղաղության պայմանագիրը», որը նոյեմբերյան հրադադարի համաձայնագրի մոդիֆիկացիան է, չպետք է հիմա ստորագրվի, քանի դեռ ռազմական առումով Հայաստանը ոտքի չի կանգնել և չի հավասարակշռել Ադրբեջանին։ Փաշինյանը ուղիղ մեկ տարի առաջ ուներ նման քայլ անելու հնարավորություն: Այդ քայլը կփրկեր կյանքեր, տարածքային կորուստները և Արցախը։ 

Հիմա, կարծում եմ՝ վերջին հնարավորությունն է։ Եթե այս պահը չօգտագործվեց, հետաձգվեցին կոորդինացված քայլերը, ապա հստակ կլինի, որ իշխանությունները չեն պաշտպանում ազգային շահերը, օգնելով Ադրբեջանին և Ռուսաստանին։ Դատելով հակաարցախյան ատելության արշավից և դեռևս որևէ լուրջ հայտարարությունների բացակայությունից՝ Փաշինյանը նախընտրելու է ռուս-ադրբեջանական ապագան։ 

Ինչ վերաբերում է պայմանական պրոռուսական ընդդիմությանը, նրանցից հանրությունն ակնկալում է քաղաքական հասունություն, հստակ արձանագրում, որ նրանք հասկանում են, որ Պուտինի Ռուսաստանը արդեն տասը տարի է, ինչ որդեգրել է նոր քաղաքականություն, որում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարություն չի պահում, այլ նախընտրում է ուժեղ Ադրբեջանին՝ Թուրքիայի հետ միասին։ 

Կար շրջան, երբ արցախյան հակամարտությունն օգտագործվում էր ռուսների կողմից Ադրբեջանին ու Հայաստանին ճնշելու համար։ Հետո նրանք հասկացան, որ այդ խնդիրը հօգուտ ադրբեջանցիների լուծելով՝ Արևմուտքին դուրս կմղեն հակամարտությունից ու նաև տարածաշրջանից և կամրապնդեն հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Այս ընդդիմությունը ևս պետք է միանա ԱՄՆ-Ֆրանսիայի հետ Հայաստանի պաշտպանունակության և Արցախում միջազգային ներկայություն հաստատելու գործին։ 

Հայաստանյան հանրության մեծամասնությունը չպետք է անմասն մնա այն գերկարևոր որոշումներից, որոնք կարող են կամ կործանել երկիրը, կամ բացել նոր պետականության ստեղծման ճանապարհ։ Նման որոշումները մեկ մարդու ձեռքին չպետք է կենտրոնացված լինեն։ Ակնհայտ է, որ իրապես պետականամետ ուժի կայացման ժամանակն է։ Հայ հանրությունն ինքը շատ ուշացավ այս հարցում ու այդկերպ նպաստեց Արցախի անկմանը։ 

Արդյոք Հայաստանի հանրության մեծամասնությունը կհասցնի՞ իր ձայնը ձևակերպել, ներկայիս քաղաքական ղեկավարությունը կունենա՞ այնքան խոհեմություն դադար տալու ներքին արհեստական պառակտումներին, ավանդական պրոռուսական ուժերը կկարողանա՞ն տեսնել Արևմուտքի հետ աշխատելու ռազմավարական հնարավորությունները՝ Հայաստանի համար ազերա-թուրքական և ռուսական «ապագան» բացառելու համար։ 

Ամեն ինչ հնարավոր է, Հայաստանին նորից հնարավորություն է տրված քաղաքական հասունությամբ ինքնակազմակերպվել և օգտվել հնարավոր ռազմավարական օգնությունից, որ վերջապես կկտրի շարունակական ճգնաժամի շղթան։ Սա նախևառաջ Հայաստանի քաղաքացիների որոշումն է, իսկ ժամանակը կարճ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am