Այս պահին արդեն ունենք արտադրված 2 հազար թեստ, փորձարկումների արդյունքները դրական են. Արսեն Առաքելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը

– Պարո՛ն Առաքելյան, արդեն հայտնի է, որ սկսվել է կորոնավիրուսի թեստերի արտադրությունը, նախարարն այսօր ներկայացրեց։ Կարո՞ղ եք ասել, թե օրական քանի թեստ է արտադրվում:

– Առայժմ մենք դեռ սպասում ենք փորձարկումների պաշտոնական արդյունքների վերաբերյալ պատասխանին: Իսկ օրական կարտադրենք այնքան, որքան ամենասկզբում նշել էինք՝ 2 հազար թեստ: 

Այս պահին արդեն ունենք արտադրված 2 հազար թեստ: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարության՝ փորձարկումների արդյունքները դրական են, բայց մենք դեռ պաշտոնական գրությունը չենք ստացել, սպասում ենք այդ պատասխանին: 

– Սա միայն պետակա՞ն պատվերով արվող հետազոտությունների համար են:

– Այո՛, մենք միայն պետպատվերի շրջանակում ենք գործում, մասնավորներից առաջարկ չենք էլ կարող ունենալ, որովհետև օգտագործում ենք կառավարության տրամադրած նյութերը: 

– Նախարարը նշել է, որ սա մեծ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար: Հաշվի առնելով այս ձեռքբերումը՝ հնարավո՞ր է, որ դրսից նաև պատվերներ լինեն:

– Առայժմ կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև մենք մեր առջև նմանատիպ խնդիր չենք դրել: Հետագայում գուցե այդ մասին նույնպես խոսք լինի, հիմա ժամանակ էլ չունենք դրա մասին մտածելու: 

– Կառավարության կողմից ձեռք բերված նյութերը, որոնք անհրաժեշտ են թեստեր արտադրելու համար, մոտավորապես քանի՞ թեստ արտադրելու համար է:

– Մոտավորապես 100 հազար թեստի համար է: Եթե հետագայում կառավարությունն անհրաժեշտություն տեսնի, ընդլայնման թեման կարող է քննարկվել: Առայժմ դրա մասին խոսք չի եղել: 

– Այս թեստերի արդյունքների սխալի հավանականությունը որքա՞ն է:

– Մեր ինստիտուտում փորձարկումների ընթացքում պարզ է դարձել, որ մեր թեստերը իրենց պահում են նույն ձևով, ինչպես այսօր Հայաստանում օգտագործվող այլ թեստեր: 

Մենք փորձարկումների ժամանակ կոնկրետ անձանցից նմուշառում չենք կատարում, աշխատում ենք արդեն անջատված ԴՆԹ-ի հետ: Այո՛, աշխատում ենք նույն կերպ, ինչպես մնացած թեստերի դեպքում է: 

– Իսկ լաբորատոր հետազոտությունները ձեր ինստիտո՞ւտն է իրականացնում:

– Մենք լաբորատոր հետազոտություններ չենք անում, որովհետև կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա չենք: Մենք փորձարկում ենք թեստերի աշխատանքը: 

Այդ փորձարկումները ցույց տվեցին, որ թեստերը նորմալ աշխատում են, ճիշտ այնպես, ինչպես մնացած թեստերը, որոնք ներկրվել են: Մեր թեստերը սովորական թեստեր են, որոնք նախատեսված են քթից, կոկորդից նմուշառումով վիրուսի հայտնաբերման համար: 

– Կառավարությունը նախնական հատկացված գումարն ավելացրե՞լ է, թե՞ եղածը բավականացրել է:

– Մենք այժմ կառավարությունից ստացել ենք 250 հազար դոլարի նյութեր ու պարագաներ: 

– Քանի՞ մարդ է աշխատում թեստերի արտադրության վրա:

– Մոտ 20 մարդ:

Մանե Հարությունյան 

MediaLab.am

Հայկական արտադրության թեստեր

Կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերն արդեն պատրաստ են։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կարտադրի օրական 2000 թեստ։ Շնորհակալություն ինստիտուտի աշխատակազմին նվիրված և կարևոր աշխատանքի համար։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, June 24, 2020