Կառավարող ուժը որդեգրել է հայկական իրավունքներից հրաժարվելու քաղաքականությունը, ինչից արագորեն օգտվում է Ադրբեջանը. Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի քննարկումից հետո որոշվեց «Հայաքվե» նախաձեռնության հիմքով օրենքի նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգել։ Ընդդիմությունը նախաձեռնության հիմքով ուզում է օրենսդրական մակարդակով քրեորեն պատժելի դարձնել Հայաստանի անունից Արցախն այլ երկրի կազմում ճանաչելը, ինչպես նաև Ցեղասպանությունից հրաժարումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, եթե անգամ այն օրենքի ուժ ստանա՝ ի՞նչ է տալու։

– Այն, որ Արցախը Հայաստանի մաս է, հայկական գործոնի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է, ամրագրված է եղել Հայաստանի Անկախության հռչակագրով, որի հիման վրա ստեղծվել են Սահմանադրություն, պետություն, ու մինչև այսօր այդ պետությունը կա։ Հիմա չկա Արցախը, հետևաբար չկան այն հիմքերը, ինչի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե իրավական հիմքերը չկան կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ «կադաստրի թուղթ չունենք», այլ մեր մտքում այն պետությունը, որ ստեղծել էինք, հիմա փաստացի չկա։ 

«Հայաքվեն» մի նախաձեռնություն է, որը փորձում է օրակարգ բերել Արցախը, բայց օրենսդրական մակարդակում, ինչը սահմանադրական մակարդակից ցածր է։ Եթե անգամ կոնսենսուսի գան, ու սա օրենքի ուժ ստանա, ապա հաջորդ իշխանությունն էլ կարող է այն չեղարկել, այսինքն՝ Արցախից ձերբազատվելու հարցը հեշտացնում են։ 

– Այս նախագծո՞վ է, որ Արցախի հարցը բաց կմնա, ինչպես ընդդիմությունն է ասում։

– Իհարկե ո՛չ, ես հիմա մեղադրանք չեմ հնչեցնում «Հայաքվեի» հեղինակների հասցեին, բայց ցավով եմ արձանագրում, որ քաղաքականության մասին նրանց պատկերացումները եկել հասել են դրան։ Հիմա, որ մենք էլ մի նախաձեռնություն անենք, ստորագրություն հավաքենք, թե Արևմտյան Հայաստանը Հայաստանի մաս է, խորհրդարանն էլ՝ Փաշինյանի հետ համատեղ, կողմ քվեարկի, ի՞նչ, Արևմտյան Հայաստանը Հայաստանի մա՞ս դարձավ։ Հետևաբար Արցախը մերը կլինի այն ժամանակ, երբ Հայաստանն ի վիճակի կլինի ֆիզիկապես, տնտեսապես, միջազգային հարթակներում արդյունավետ գործել։ Իսկ իրենց քաղաքական էլիտա հորջորջողների պատկերացումները սահմանափակվում են նրանով, ինչ այսօր տեսնում ենք։ 

– Խորհրդարանական ընդդիմության այս քայլերն այն համատեքստում, երբ իշխանությունը՝ Ալեն Սիմոնյանի շուրթերով ասում է՝ «մենք Արցախի հարցը փակել ենք, ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը մեջը», որքանո՞վ կարող են էական արդյունք ապահովել, պարո՛ն Սահակյան։

– «Հայաքվեն», մարդկանց բողոքը վիժեցնելն այս ընդդիմության մաքսիմումն է, այս որակների կրողներն են, դրա համար էլ մեր պետությունն այս վիճակում է։ Այն, ինչ իրենք անում են, համարժեք չէ այն մարտահրավերներին, որ կան այսօր մեր առաջ։ Ի՞նչ սպասելիք կարելի է ունենալ, ոչ մի, ինչպես կարող են իրենք ինչ-որ լուրջ բան քննարկել։ 

– Իսկ իշխանության նման դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում։

– Դե այդ մասին խոսելն ավելորդ է, այսօրվա կառավարող ուժը որդեգրել է հայկական իրավունքներից հրաժարվելու քաղաքականությունը, ինչից արագորեն օգտվում է Ադրբեջանը։ Դրա համար էլ հիմա առաջացել է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, Ադրբեջանը օդում ստեղծում է իրավունքներ, դնում գետնի վրա ու սկսում իրացնել։ 

Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարած քաղաքականության հետևանքով մենք ապրում ենք մի տարածքում, որն այլևս մեր հայրենիքը չէ, այլ «Արևմտյան Ադրբեջան» է։ Իսկ սա բերելու է ոչ թե խաղաղության, ինչպես իրենք են պնդում, այլ՝ նոր պատերազմի, ամեն կերպ Ալիևին իրավունք են տալիս, որ գա մտնի, մեր երկիրը նվաճի ու որևէ պատասխանատվություն չկրի որևէ մեկի առաջ, ինչպես եղավ Արցախի պարագայում։ Երբ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, Արցախը հայաթափեցին, չէ՞, հիմա նույն բանն այստեղ են անում։ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով մատի փաթաթան դարձած 29.800 քառակուսի կիլոմետրից ոչինչ չի մնա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am