Ինչպես կարելի է պատերազմի վտանգը չտեսնել, Իլհամ Ալիևն ուղիղ ասաց, որ դա անելու է. Անդրեաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 

– Պարո՛ն Ղուկասյան, հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը իր ելույթում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու։ Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը, ու արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞ սրան։

– Կարծում եմ՝ առաջարկը չի ընդունվելու, իսկ իրադրությունը պարզ է․ խաղաղության դարաշրջանի քաղաքականությունը ֆիասկո է ապրում, բոլոր քաղաքական գործարքները, որոնք կնքվել էին Արցախի հետ կապված՝ վերադարձնել անվտանգության գոտու տարածքները ու հետաձգել կարգավիճակը, Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ կնքված այդ գործարքը տապալվեց։ Ադրբեջանի հետ կնքված գործարքը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառակուսի կիլոմետրով ու Հայաստանի 29.800 քկմ-ն, նույնպես տապալվեց, Ադրբեջանը հրաժարվում է դա անելուց։ 

Հիմա Նիկոլ Փաշինյանը որոնում է ինչ-որ մի տարբերակ՝ ինչպե՞ս փորձել այդ դրության մեջ գոյատևել, ըստ էության, փորձում է ինչ-որ մի պարտավորություն, փաստաթուղթ ստանալ Ադրբեջանից, որ Ադրբեջանը խոստանում է 2024 թվականին չհարձակվել Հայաստանի վրա: Իլհամ Ալիևը՝ ճիշտ հակառակը, հունվարի 4-ի ասուլիսի ժամանակ ասաց, որ Ադրբեջանը ցանկացած պահի, երբ հարմար համարի, կհարձակվի։

Նման պայմաններում, ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը կարող է գործնական բան դառնալ, իմ կարծիքով, անհնար է, դա պարզապես դիվանագիտական քայլ է, որը կարող է բացահայտել այն, որ Հայաստանը չի ուզում ռազմական բախում, ցանկանում են խուսափել դրանից, իսկ Ադրբեջանը ուզում է ռազմական բախում և մտադիր է այդ հարձակումը մոտակա ժամանակում իրականացնել։

– Անցած տարի իշխանության ներկայացուցիչները, այդ թվում և Նիկոլ Փաշինյանը, հույս էին հայտնում, որ մինչև տարեվերջ կկարողանան կնքել խաղաղության պայմանագիր։ Այս հայտարարությունից կարո՞ղ ենք եզրակացնել, որ իշխանությունը հասկացել է, որ Ադրբեջանի նպատակն ամենևին էլ խաղաղության պայմանագիր կնքելը չէ։ 

– Նիկոլ Փաշինյանին գցել են բոլոր գործարքներում, բոլոր այն զիջումները, որոնց նա գնաց, նպատակ ունեին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, Նիկոլ Փաշինյանին էլ թվում էր, թե ինքը պատմության մեջ կմտնի հայ-ադրբեջանական հարաբերություններում հաստատող ղեկավար, թեկուզ նմանատիպ զիջումների ճանապարհով, այդ քաղաքականությունը տապալվեց։ 

Ինչո՞ւ է հայտարարությունն արվել հենց այդ օրը՝ հունվարի 28-ին. բանակն այսօր, հավանաբար, հարց է տալիս Նիկոլ Փաշինյանին. մենք պատրաստվո՞ւմ ենք պատերազմի, եթե պատրաստվում ենք, պետք է պաշտպանական շրջաններ ստեղծենք, երկաթբետոնե կառույցներ՝զինվորների անվտանգության համար, մարտական անհրաժեշտ խնդիրների կատարման համար։ Նիկոլ Փաշինյանը դրա փոխարեն բանակայիններին ասում է, որ ինքը դեռ հուսով է, որ պատերազմից կհաջողվի խուսափել։ 

Իսկ սա բանակայիններին հուզում է. ինչո՞ւ, այսօրվա դրությամբ բանակը խոցելի է, ու ռազմական ղեկավարությունը հետևյալ դրության մեջ է․ Ադրբեջանի հարձակման դեպքում նա ունենալու է առավելություն, ինքն է որոշելու հարձակման ժամանակն ու տեղը, մեր բանակը լինելու է անպաշտպան, ինչպես եղավ 2020-ին օդային հարվածներից, և այն սպաներին, որոնց ադրբեջանցիները չեն գնդակահարի, մեր պարտությունից հետո դատելու է Նիկոլ Փաշինյանը, որովհետև մեղադրելու է իրենց դավաճանության, անգործության համար։ 

Այսպիսի տխուր իրադրություն է, իսկ որ ռիսկեր կան, վկայում է Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը։ Այս պահին գլխավոր խնդիրն այն է, թե ինչպե՛ս ազդել իշխանությունների վրա, որ իրենք ստեղծված ռիսկերին համապատասխան պատշաճ միջոցներ ձեռնարկեն, որովհետև այդ բոլոր խոսակցությունները՝ Ադրբեջանից ինչ-որ թուղթ ստանալ, որ իրենք չեն հարձակվի, պարզապես անիրատեսական են։ 

– Պարո՛ն Ղուկասյան, պատերազմի իրական սպառնալիք դուք, այնուամենայնիվ, տեսնո՞ւմ եք։ 

– Նիկոլ Փաշինյանն է, չէ՞, տեսնում, եթե հայտարարություն է անում՝ եկեք պայմանագիր կնքենք չհարձակվելու մասին, եթե վտանգ չտեսներ, նման հայտարարություն կանե՞ր։ Ինչո՞ւ Վրաստանին կամ Իրանին չի առաջարկում նման պայմանագիր կնքել, իսկ Ադրբեջանին առաջարկում է, ուրեմն կա վտանգ, մանավանդ որ Իլհամ Ալիևն ուղիղ ասաց, որ դա անելու է, ինչպես կարելի է պատերազմի այդ վտանգը չտեսնել։ 

Վտանգը հասկանալի է բոլորի համար, բայց հանրությունը սարսափի մեջ է, հույսը դրել է Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիայի պայմանագիր կնքելու վրա, բայց ինքը դա էլ չի կարող անել: Բանակայինները, ինչպես ասացի, պարզապես սպասում են՝ ինչով կհանգուցալուծվի այս ամենը, որովհետև, նորից կրկնեմ, կա՛մ իրենց կսպանեն ադրբեջանցիները, կա՛մ դատելու են Հայաստանի իշխանությունները, երրորդ ճանապարհը հաղթելն է, իսկ դրա համար հարկավոր են ստեղծել պաշտպանական շրջաններ, իսկ պաշտպանական շրջաններ ստեղծելու որոշում պետք է ընդունի կառավարությունը, միջոցներ տրամադրի ու նախաձեռնի դրանց իրագործումը, ինչը չի արվում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am