«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պետք է երեք տարի առաջ տեղի ունենար». փաստաբան

Հայաստանում վերջին օրերին ֆեյսբուքյան ֆէյք օգտահաշիվներից մեկի (Գագիկ Սողոմոնյան էջի) դեմ Ազգային անվտանգության ծառայության մակարդակով պայքար է ընթանում, ձերբակալվում ու կալանավորվում են հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչներ: 

Մասնավորապես, փետրվարի 21-ին դատարանը բավարարել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը, և կալանավորվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը:

Երեկ դատարանի որոշմամբ չկալանավորվեց Մհեր Ավագյանը, իսկ այսօր ազատ արձակվեց ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին:

Նրանք բոլորը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով՝ ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2-րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը հայտարարել էր, որ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի հիմքում դրված է մեկ ապացույց՝ ֆեյքը «Ֆեյսբուք» է մտել կոնկրետ IP հասցեից, իսկ գործով մեղադրյալները միացել են IP հասցեին: 

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը իրավական այս գործընթացները անհեթեթ է համարում. 

«Քրեական իրավունքում կարևորագույն սկզբունքներ կան, օրինակ՝ որտեղ է ավարտվել հանցանքը, եթե նույնիսկ «գագիկ սողոմոնյան» կա ու դա ֆեյք է, ապա որտեղ է ավարտվել հանցանքը, որ պետության տարածքում»:

Ըստ փաստաբանի՝ ֆեյսբուքյան էջը մարդու անձնական տարածքն է, մարդը չի ցանկանում, թող մուտք չգործի: Դիտարկմանը, թե այդ էջի միջոցով, ըստ քրեական գործի նյութերի, բռնության կոչեր են հնչել, ապատեղեկատվություն տարածվել, Սիրունյանը արձագանքում է. 

«Հիմա եթե ես բռնեմ, իմ շենքի ճակատին օրական մի քանի գրառումներ դնեմ, իմ տան շենքի ճակատն է, չե՞ք ուզում կարդաք, տեսնեք, կողքով մի՛ անցեք: Իմ Ֆեյսբուքի էջը մի՛ մտեք»:

Այդուհանդերձ, իրավական գործընթացներից անկախ, փաստաբանի խոսքով, «մուտիտը շատ է», ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ պետության անվտանգությանը: Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր գործող զանգվածային լրատվության միջոցների 80 տոկոսը վերջին երեք տարիների ընթացքում աշխատել ու աշխատում է պետության դեմ: 

«Պատերազմի ընթացքում ամենահայտնի 3-4 լրատվամիջոցները այնքան վնաս տվեցին պետությանը, որքան վնաս չի տվել Ադրբեջանի հետախուզությունը: Սա իրավական գործընթաց չէ, սա պետությունը քայքայելու գործընթաց է, որի դեմը պետությունը վաղուց պետք է առներ»,- նշեց փաստաբանը:

Դիտարկմանը, թե կան տեսակետներ, որ իշխանությունը նման քայլերով փորձում է վերջ տալ թավիշին, փաստաբանը արձագանքում է. 

«Թավիշին վաղուց պետք է վերջ տրվեր: Երբ պատերազմը վարվում է անազնիվ կանոններով, այո՛, դա անհավասար պատերազմ է: Չի լինում այդպիսի հեղափոխություն, որի հետևանքը թավիշն է լինում»:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ԱԱԾ տնօրենը ֆեյք օգտատիրոջ դեմ պայքարը սկսել է այն բանից հետո, երբ վերջինը գրել է նրա և նրա ընտանիքի մասին, Սիրունյանն նշում է.

«ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին չեմ ճանաչում, բայց տպավորություն է, որ հազիվ ԱԱԾ մի ձիգ տնօրեն ունենք, որն իր աշխատանքն է կատարում: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պետք է երեք տարի առաջ տեղի ունենար»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am